Լրահոս
Օրվա լրահոսը

«Չաուշեսկուները պարտադիր գնդակահարվելու են». Նարեկ Մալյան

Փետրվար 21,2021 16:32

«Շատ հետաքրքիր գիրք է, CIA-ի գաղտնի ինստրուկցիան է»,- դատարանի շենքից դուրս գալով` լրագրողներին իր ձեռքի գիրքը ցույց տվեց ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

Հիշեցնենք` քիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ ճանաչեց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանի ձերբակալումը։

Նարեկ Մալյանը ձերբակալվել էր երեկ`ՀՀ ՔՕ 226.2 հոդվածի 1-ին մասով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։ Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում նախատեսված էր Նարեկ Մալյանի բեմադրած «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» պերֆորմանսի ցուցադրությունը: Ցուցադրությունը չկայացավ: Նարեկ Մալյանը մինչ այդ ձերբակալվել էր։

Անդրադառնալով երեկ ձերբակալության ժամանակ իր` «Վարդգես Գասպարիի ձայնով գոռալուն», Նարեկ Մալյանը բացատրեց, որ իր ձերբակալությունը նկարող «հմուտ օպերատորը» հեռվից էր նկարել եւ տարածված տեսանյութում ոստիկանի ձայնը չի լսվում. «Ոստիկանն ասում էր` մի գոռա, ես ասում էի` կգոռամ: Բայց կադրում ստացվեց` կգոռամ, մի կպի ինձ… էդպես չէր»:

Երեկ տեղի ունեցածն, ըստ Նարեկ Մալյանի, իրավական անուն չունի: «Երբ ոստիկանները գործում են օրենքի շրջանակներում, ես երբեք որեւիցե խնդիր չեմ առաջացրել, ենթարկվել եմ նրանց բոլոր օրինական պահանջներին: Երեկ նույնիսկ չհարուցված քրեական գործի պայմաններում, ինձ ուղղակի առեւանգում էին մի խումբ մարդիկ, ինչին ես բնական դիմադրում էի»:

Կատարվածին Նարեկ Մալյանի կողմից տրվող բովանդակային գնահատականն էլ այսպիսին է. «Սա զավեշտալի մի պատմություն է, թե ինչպես մեր իշխանությունները վախեցան մի ներկայացումից, թե դատարանում քննարկվում էր այդ ներկայացման բովանդակությունը, թե ոստիկանությունում, հետագայում նաեւ քննիչի մոտ: Չգիտեմ ինչու` ինչ-որ մարդիկ բռնության կոչ են տեսել դրա մեջ, երբ ես ասել եմ` մահ դավաճաններին: Նախ` կրկնում եմ` մահ դավաճաններին եւ անընդհատ դա ասելու եմ: Ինչ-որ դավաճաններ վախեցել են, որ իրենց նկատմամբ բռնության կոչ է իմ ասածը»:

Նույն հոդվածով սա Նարեկ Մալյանի հետ կապված արդեն երրորդ քրեական գործն է: «Սա շատ ծիծաղելի է: Իմ փաստաբանը դատի ժամանակ շատ դիպուկ նշեց` եթե Չաուշեսկուի գնդակահարությունը, որը պատմական փաստ է, վախեցնում է ինչ-որ մեկին, տվյալ դեպքում Չաուշեսկուի գնդակահարության մասին ներկայացումը` ՀՀ իշխանություններին, ապա, պետք է արգելել, օրինակ «Օթելլոյի» բեմադրությունը, որովհետեւ, վերջում, դե գիտեք, Դեզդեմոնային խեղդում են: Էդտեղ էլ բռնություն կա: «Ռոմեո և Ջուլիետը». էնտեղ վերջում բոլորը ինքնասպան են լինում: «Համլետը». դա լրիվ ահավոր է, որովհետեւ հորն է սպանում: Րաֆֆու «Սամվելի» վերջին երեք էջը պետք է ճղենք եւ այսպես»:

Նարեկ Մալյանը խոստացավ. «Չաուշեսկուները պարտադիր գնդակահարվելու են»:

Իր` վերջին շրջանում պարբերական բնույթ կրող ձերբակալությունները Նարեկ Մալյանը համարում է այն լակմուսի թուղթը, որը ցույց է տալիս, թե որքան խորն ենք մենք ընկել որպես պետություն, որ մի անմեղ ներկայացումը կարող է նման տագնապ առաջացնել`անգամ ոստիկանների կարմրելու գնով, քանի որ նրանք գիտակցում են, որ «վերեւից պատվեր են կատարում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728