Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ձեր գործը լավ չեք անում, ավտոներկրողը պետք է ձեր գործը վատ անելու համար օրական 5000 վճարի»․ Թադեւոս Ավետիսյան

Դեկտեմբեր 11,2023 11:52

ԱԺ նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը մանրամասնեց կատարվելիք փոփոխությունները։

«Գործող օրենսդրությամբ սահմանված են ժամանակավոր պահպանության համար պետական տուրքի դրույքաչափեր։ Մենք առաջարկում ենք գործող դրույքաչափերը բարձրացնել, որոնք սահմանված են յուրաքանչյուր մեկ տոննայի համար 1000 դրամի չափով, եւ մեկ տոննայից ավել յուրաքանչյուր մեկ տոննայի համար եւս 300 դրամ։ Նպատակը հետեւյալն է՝ առաջին, որպեսզի ապահովենք մաքսային վարչարարության իրականացման բնականոն ընթացքը։ Երկրորդ, որպեսզի կարողանանք իրականացնել մեր հայտարարագրման ընթացքն ավելի արդյունավետ։ Եվ որպեսզի մեկը չխոչընդոտի մյուսի կողմից մաքսային ձեւակերպումների ընթացքը, առաջարկում ենք տրանսպորտային միջոցների համար այս պետական տուրքի դրույքաչափը բարձրացնել՝ նկատի ունենալով ժամանակավոր պահպանության ենթակա ապրանքների պահպանման տարածքների սահմանափակ հնարավորությունները։ Նախագիծը բացարձակ ֆիսկալ նպատակ չունի, մենք եկամուտների բարձրացման ակնկալիք այստեղ չենք դնում։ Խոսքը վերաբերում է Գյումրու արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի տարածքին, այդտեղ գտնվող ժամանակավոր պահպանության վայրին, այդ տարածքի առավել արդյունավետ օգտագործմանը, որպեսզի մաքսային ձեւակերպումներն իրականացվեն ժամանակին՝ չխաթարելով մաքսային մարմին բնական ընթացքը։ Երբ առաջարկում ենք բարձրացնել պետական տուրքի դրույքաչափը, առաջարկում ենք առաջին օրվա համար պետական տուրք չգանձել, պետական տուրքի գանձումը սկսել երկրորդ օրվանից»,- ասաց նա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն ասաց․ «Մենք հանձնաժողովում քննարկեցինք այս նախագիծը, այդ ժամանակ խոստացաք, որ կգնաք կնայեք, իրականում կբերեք նպատակից բխող կարգավորումներ։ Հիմա ուզում եմ իմանալ՝ ի՞նչ եք քննարկել, որովհետեւ եկել եք, նույն բանն եք կրկնում։ Ըստ էության, պետք է արձանագրենք, որ դուք հետեւողականորեն ավտո ներկրողների համար կյանքը բարդացնում, դժվարացնում եք։ Էդ դուք կիմանաք՝ ինչո՞ւ եք այդպես անում։ Բայց 1600 դրամ մեկ օրվա կայանման գինը որ դարձնում եք 5000 դրամ, էդ խնդիրը մեկ է՝ չի լուծվելու։ Ընդհակառակը, ավելի խորանալու ու լրջանալու է, որովհետեւ եթե ինքն իրավունք ունի 4 ամիս այդտեղ թողնելու, այդ փողը բարձրացնելով՝ հարցը չի լուծվի»։

Պատգամավորը նշեց, որ հերթեր են գոյանում, մաքսային մարմինները չեն կարողանում նորմալ սպասարկել։ «Այսինքն՝ դուք ձեր գործը լավ չեք անում, ավտոներկրողը պետք է ձեր գործը վատ անելու համար տանի օրական 5000 դրամ տա՝ մինչեւ ձեր հերթերը կարգավորվեն»,- ասաց Թադեւոս Ավետիսյանը։

Արթուր Մանուկյանն արձագանքեց․ «Մենք այսօր Գյումրու տարածքում ի վիճակի ենք օրական սպասարկել 500 մեքենա։ Եվ այսօր սպասարկում ենք, հերթեր կանգնած չեն։ Կառավարության վերջին որոշումից հետո իրոք հոսքն ավելացել է, եւ այնտեղ մաքսային մարմնում որեւէ մեքենա, որը դիմել է հայտարարագրման, այնտեղ չի սպասել»։

«Ես իմ աչքով եմ եկել տեսել այդ հերթերը, ի դեպ՝ նաեւ ավտոներկրողների բազմաթիվ բողոքների հիման վրա։ Բայց եթե գանք ձեր ասածի տրամաբանությունից՝ եթե հերթեր չկան, ամեն ինչ նորմալ է, պետությունն էլ տուրք է ստանում 1600 դրամ, բա էլ ինչի՞ եք բարձրացնում, որ ի՞նչ խնդիր լուծեք։ Օրական 1600 դրամ տուրք եք ստանում, որտեղ կա օրական 1600 դրամով ստայանկա, այն էլ Գյումրիի տարածքում, որ մի հատ էլ մտածում եք՝ մարդիկ բերում են այդտեղ կայանելու համար։ Մենք առաջարկում էինք, որ անվճար մեկ օրը գոնե դառնա 5-7 օր, որպեսզի ամբողջ բեռը չգա դեպի տնտեսվարող սուբյեկտ»,- հավելեց Թադեւոս Ավետիսյանը։

ՊԵԿ նախագահի տեղակալն ասաց, որ նախագիծն այս տարբերակով ներկայացվել է առաջին ընթերցմամբ քննարկման, հետագայում կքննարկեն ու առաջարկները հաշվի կառնենք։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031