Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս եղավ, որ այս մենյուի միջից ընտրեցիք ամենաթանկ վարկը». 50 մլն եվրո վարկ են վերցնում՝ վրան «սիրուն բանտիկ» փաթաթելով

Դեկտեմբեր 12,2023 11:47

Կառավարությունը նորից բյուջետային վարկ է վերցնում՝ 50 մլն եվրո, այս անգամ՝ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամից: Ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանն այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը ներկայացնելիս ասաց, որ գումարներն ուղղվելու են կապիտալ ծախսերին, ուղղվելու են մանկապարտեզներին, դպրոցներին, պաշտոնական ենթակառուցվածքներին:

Էդուարդ Հակոբյան

Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալը՝ 5 տարի, պարտավորության վճար է սահմանված տարեկան 0.25% դրույքաչափ, նաեւ միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%-ի չափով, որը պետք է վճարվի ոչ ուշ, քան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 90 օրվա ընթացքում:

Գեւորգ Պապոյան

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հարցրեց՝ 0.25% միանվագ գումարը արդեն կազմում է 125 հազար եվրո, բացի այդ, ռիսկային չէ՞ եվրոյով վարկ վերցնել, այն էլ՝ 5,6%-5,7%: Փոխնախարարը պատասխանեց, որ կոմիսիոն վճարը բոլոր վարկերի դեպքում վճարում են՝ որպես սպասարկման վճար, ինչ վերաբերում է տոկոսադրույքին ու արժույթին, վստահեցրեց, որ քննարկել են ու նոր են որոշում կայացրել. «Լողացող տոկոսադրույքով ենք վերցնում, իջնելու են դեպի ներքեւ ու մեղմվելու են այն ծախսերը, որոնք կրելու ենք բարձր տոկոս վճարելու պարագայում»:

Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հրապարակեց տվյալներ. «Ամսի 8-ի դրությամբ, այսինքն՝ շուկան փակվելու դրությամբ EURIBOR-ը եղել է մի շաբաթ՝ 3,843%, մի ամիս՝ 3.853%., 3 ամիս՝ 3,953%, 6 ամիս՝ 3,955%, 12 ամիս՝ 3,725%: Ինչպե՞ս եղավ, որ այս մենյուի միջից ընտրեցիք ամենաթանկ վարկը»:

Փոխնախարարը պատասխանեց, որ երբ վարկատուների հետ խոսում են, իրենց բոլոր գործիքները 6 ամսով են հաշվում: Համաձայնագրում նշված է, որ եթե EURIBOR-ը դարձավ 0, ապա փոխարժեքը փոխվելու է եւ տոկոսադրույքը որոշելու է ՕՊԵԿ-ը: Արթուր Խաչատրյանը հարցրեց՝ համաձայնեցվա՞ծ է, թե ինչ արժեքի մասին է խոսքը ու ի՞նչ կլինի, եթե 0 լինի: Փոխնախարարը պատասխանեց, որ երկարաժամկետ կանխատեսումներով երբեք 0 չի դառնալու, բայց դա կանխատեսում է, պարզապես հիմա պատկերացումներն այնպիսին են, որ դրա հավանականությունը շատ փոքր է:

Արթուր Խաչատրյանն ասաց. «Վարկի վրա սիրուն բանտիկ եք փաթաթում: Եկեք ասեք՝ բյուջետային դեֆիցիտ ունենք, ստիպված ենք ոչ թե ենթակառուցվածքային վարկ վերցնել, այլ՝ բյուջետային»:

Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ, Արթուր Խաչատրյանը «դեմ» քվեարկեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարում՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2023–ի ապրիլին ստորագրվում է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը: Այն ստորագրել էին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031