Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին կնշանակի եւ աշխատանքից կազատի վարչապետը

Դեկտեմբեր 22,2023 15:26

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ներկայացրեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը։

«Պետական կառավարման համակարգի մասին օրենքը Ազգային անվտանգության ծառայությանը դասում է վարչապետին ենթակա մարմինների շարքին, մինչդեռ ծառայության տնօրենը եւ տնօրենի տեղակալները ներկայիս կարգավորումների համաձայն՝ պաշտոնի նշանակվում եւ պաշտոնից ազատվում են նախագահի կողմից։ Այս նախագծերի շրջանակներում վերանայվել են գործող կարգավորումներն այնպես, որ նշված անձանց պաշտոնի նշանակի եւ պաշտոնից ազատի վարչապետը՝ նկատի ունենալով ծառայության՝ վերջինիս ենթակա լինելը»,- ասաց նա։

Extraordinary session of RA National Assembly took place at the RA NA

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց․ «Արդյոք ունե՞ք միջազգային փորձ, թե այլ երկրներում ԱԱԾ ղեկավար կազմի նշանակումը ի՞նչ ընթացակարգով է իրականացվում։ Արդյոք օրենսդիր մարմինը մասնակցո՞ւմ է այդպիսի նշանակումներին։ Եվ արդյոք խնդրահարույց չէ այս կարգավորումը, երբ Սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է, որ կառավարությունն իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը։ Եվ փաստացի ԱԱԾ-ն շարունակում ենք պահպանել ոչ թե առնվազն գոնե կառավարությանը ենթակա մարմնի կարգավիճակում, այլ վարչապետին ենթակա»։

Արմենուհի Հարությունյանն ասաց, որ միջազգային փորձը բազմազան է, եվրոպական երկրների որոշ հատվածի համար պետության ղեկավարների, վարչապետների կողմից է նշանակվում այդ պաշտոնյան։ Բայց օրենսդիր մարմնի կողմից նշանակման դեպքեր չկան։

«Իմ հարցադրումը ոչ թե նշանակման մասին էր, այլ նշանակման մասնակցության մասին։ Բազմաթիվ երկրներում գործում է հետեւյալ կարգավորումը, երբ օրենսդիր մարմինը համապատասխան հանձնաժողով է ստեղծում, մասնակցում է որեւէ թեկնածուի քննարկմանը, մինչեւ այդ անձին նշանակեն ազգային անվտանգության գործառույթն իրականացնող մարմնի ղեկավար։ Այս օրենքում փաստացի դա դրվել է  որպես վարչապետի ենթակա մարմին, հիմա բերել եք, ասում եք՝ քանի որ օրենքով գրված է, պետք է համապատասխանեցնենք։ Իմ հարցն ուղիղ դրա տրամաբանական հակառակն է՝ չեք քննարկե՞լ հանել այդ տրամաբանությունից եւ բերել առնվազն կառավարության ենթակայություն»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

«Ոչ, չենք քննարկել»,- արձագանքեց արդարադատության փոխնախարարը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031