Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի տիկնոջ ազգականը՝ Շիրակի մարզպետ նշանակվելու խոսակցությունների մասին

Հունվար 08,2024 16:40

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից «Բալասանյան դաշինքի» հետ հուշագրի միակողմանի խզումից հետո Գյումրիում ակտիվ խոսակցություններ էին շրջանառվում, որ պաշտոնից հրաժարական ներկայացրած ՔՊ-ական փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, որը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է, կնշանակվի Շիրակի մարզպետ։

Վահագն Մկրտչյանն այդ ժամանակ կտրականապես հերքել էր շրջանառվող լուրերը։

Լոռու ու Արմավիրի մարզպետների պաշտոնանկ լինելու ֆոնին դարձյալ ակտիվացել են այդ նույն խոսակցությունները՝ նորից Շիրակի մարզպետի պաշտոնում շրջանառելով Վահագն Մկրտչյանի անունը։

Aravot.am-ի հետ զրույցում Վահագն Մկրտչյանն ասաց․ «Ես մի անգամ պարզաբանել եմ այդ թեման, հիմա նույնը պիտի ասեմ՝ ոչ մի նման քննարկում չի եղել, Մուշեղ Մուրադյանն իր համար աշխատում է։ Եթե որևէ նորություն լինի, ես խոստացել եմ՝ առաջինը տեղյակ պահել լրատվամիջոցներին»։

Մեր այն հարցին էլ՝ ինչո՞վ է զբաղվում պաշտոնից հրաժարված փոխքաղաքապետը, Վահագն Մկրտչյանը պատասխանեց՝ տոները նոր են ավարտվել, կսկսի զբաղվել իր մասնագիտական գործունեությամբ։ Հիշեցնենք՝ նա մասնագիտությամբ ատամնաբույժ է, ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, Գյումրիում ունի սեփական կլինիկա։

Նշենք, որ չնայած Նիկոլ Փաշինյանի՝ դպրոցաշինական ծրագրերի շուրջ արած դիտողություններն ու պաշտոնանկությունները ցույց են տալիս, որ ոչ մի պաշտոնյա երաշխիք չպիտի ունենա, թե ինքը հավերժ է, միշտ կազմ ու պատրաստ պիտի լինի անակնկալների, այդուհանդերձ՝ ելնելով այն հանգամանքից, որ Շիրակի ներկայիս մարզպետ Մուշեղ Մուրադյանն իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում ուժեղացրել է ՔՊ-ի դիրքերը մարզում, մասնավորապես՝ ՔՊ-ականացրել է Շիրակի երկու խոշորացված համայնքների՝ Անիի ու Ախուրյանի տեղի իշխանությունները, պիտի ենթադրել, որ հենց այս պահին դժվար թե Շիրակում մարզպետի փոփոխություն սպասվի։

Շիրակի մարզպետին հաջողվել է Անիում մոտ 18 տարվա կառավարումից հետո բավական մեծ ընտրազանգված ունեցող նախկին ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանից վերցնել իշխանությունը, նմանապես Ախուրյանում ընդդիմադիրներից վերցնել իշխանությունը։

Նա կարծես իշխանափոխության պատրաստվում է նաև Ամասիայում, թե ինչ ճանապարհով, հայտնի կդառնա առաջիկայում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031