Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Փողով, հին մեթոդներով հաշմանդամության կարգ տալը բացառում են. «Մենք ուզում ենք դադարել բոլորին նույն տեսակի սայլակ, նույն տեսակի հենակ կամ քայլակ տրամադրել»

Հունվար 09,2024 14:35

2024-ի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող քաղաքացին, որի վերափորձաքննության ժամկետը լրացել է, այսինքն՝ հաշմանդամության կարգ ստացել է ու պետք է իքս ժամանակ հետո անցնի փորձաքննություն, այլեւս պետք է անցնի անձի ֆունկցիոնալության գնահատում, որը չափում է մարդու կարողությունները 8 ենթաոլորտներում: Սա թույլ է տալու ստանդարտ սոցիալական աջակցությունից դուրս գալ եւ ըստ կարիքի աջակցություն ստանալ:

Տաթեւիկ Ստեփանյան

Ինչպես այսօր ԱԺ-ում վստահեցրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը, քաղաքացուց չեն ուզելու այլեւս փաստաթուղթ, որն առկա է որեւէ պետական մարմնում. «Մենք ուզում ենք դադարել բոլորին նույն տեսակի սայլակ տրամադրել, նույն տեսակի հենակ կամ քայլակ տրամադրել, որովհետեւ կախված նրանից, թե այդ մարդն ինչ զբաղվածություն ունի, ինչ աստիճան է ներսուդուրս անում, ինքը արդեն կարողանալու է օգտագործել այն, ինչ տրամադրվում է»:

2023-ի փետրվարի 1-ից այն քաղաքացիները, որոնք պետք է առաջին անգամ իրենց կյանքում անցնեին հաշմանդամության գնահատում, իրենք էին միայն դիմում անձի ֆունկցիոնալության գնահատման համար: Հիմա դա վերաբերվելու է բոլորին, որոնց կարգի ժամկետն ավարտվել է:

Փոխնախարարը ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ողջ գործընթացը. «Քաղաքացին պետք է գնա առողջապահության այն օղակ, որը սպասարկում է իրեն՝ պոլիկլինիկա, հիվանդանոց եւ այլն: Առողջության վիճակի վատթարացման դեպքում նույնպես առողջապահական օղակի ուղեգրմամբ կարող են անցնել անձի ֆունկցիոնալության գնահատում: Այլեւս մարդը միասնական սոցիալական մարմնին հավելյալ փաստաթղթեր չի ներկայացնում: Հաջորդական կաբինետներ անցնելով՝ բժիշկները նշումներ են կատարում՝ ըստ առողջական վիճակի եւ եթե ալգորիթմը հաշվարկում է, որ առողջական վիճակն այնպիսին է, որ անձը պետք է անցնի ֆունկցիոնալության գնահատում, ուղեգրում են այնտեղ: Եթե անցավ, disability.am կայքում կարող է առցանց դիմում լրացնել եւ կամ միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն մոտենալ: Դրանք թվով 49-ն են: Քաղաքացին հետո կստանա ծանուցում, որ դիմումը ստացել է, գնահատման օր է նշանակվել, ներկայացեք այսինչ վայր»:

Ուշագրավ է, որ այն մարդիկ, որոնք գործ ունեն քաղաքացու փաստաթղթերի մշակման հետ, գնահատողները չեն իմանում, թե ում հետ գործ ունեն, տվյալները ապանձնավորված են. «Սրանով մենք կանխարգելում ենք բոլորին հայտնի բոլոր ժամանակներում գործած ռիսկերը»:

Զարուհի Բաթոյան

ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանն ասաց, որ ՊՆ-ի դեպքում, որպեսզի զինվորն ապացուցի, որ ծառայության ժամանակ է եղել դեպքը, պահանջում են ոչ թե օնլայն դիմում, այլ ֆիզիկական ներկայություն, հիմա սա փոխվելո՞ւ է, թե՞ շարունակելու են խնդիրներ հարուցել քաղաքացիների համար:

Փոխնախարարը պատասխանեց, որ կան լաբորատոր հետազոտություններ, որոնց համար իսկապես պետք է անձի ֆիզիկական ներկայությունը: Բայց կոնկրետ ՊՆ գնալու անհրաժեշտություն գուցե չլինի, որովհետեւ հիմա աշխատում են այնպիսի կարգ մշակել, որ իրենք բազայի տեղեկատվությունը տեսնեն. «Մենք գիտենք, որ մեր ստեղծած թվային համակարգը հաշմանդամություն ունեցող ոչ բոլոր անձանց համար է մատչելի եւ միջազգային էքսպերտների, տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի եւ ԲՏԱ նախարարության հետ մինչեւ 2024-ի ապրիլ պիտի այս հարթակը դարձնենք հնարավորինս մատչելի: Դրա համար արդեն ներգրավել են միջազգային փորձագետներ»:

Փոխնախարարն ասաց, որ կատարվող փոփոխությունների արդյունքը կտեսնենք 3-5 տարվա ընթացքում, որովհետեւ կարծրացած ավանդույթներ կան, որոնք փոխելը դժվար է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031