Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ կուզենայի, որ մեր կառավարությունը մի դուռ բացի». հաշմանդամություն ունեցողները զրկվել են միմյանց տեսնելու հնարավորությունից

Հունվար 10,2024 16:08

2023 թ. դեկտեմբերի 1-ից Արմավիրի մարզում շուրջ 4 տարի գործող «Երջանկության ճանապարհ» ցերեկային խնամքի կենտրոնը դադարեցրել է գործունեությունը՝ ֆինանսական պատճառներով: Կենտրոն էին այցելում հաշմանդամություն ունեցող 18-65 տարեկան անձինք։

Aravot.am-ի հետ զրույցում կենտրոնի երեխաներից մեկի ծնողը՝ Լուսինե Կոստանյանն ասաց, որ ծնողներով հավաքվել էին կառավարության շենքի մոտ ու կենտրոնի փակման հարցով հանդիպում պահանջել պաշտոնատար անձանց հետ, քանի որ իրենց տրված պատասխանը չէր բավարարել:

«Մենք դեռեւս նոյեմբեր ամսին էինք եկել, դիմում էինք գրել, որ պետական աջակցություն ստանանք մեր կազմակերպության համար: Խոսքը «Երջանկության ճանապարհ» ցերեկային խնամքի կենտրոնի մասին է, որտեղ հաճախում են մեր հաշմանդամ երեխաները: Կառավարությունից մեզ ընդունեցին, ուղեկցեցին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, հանդիպում ունեցանք նախարարի տեղակալի հետ: Առաջարկեցին, որ մեր տվյալները փոխանցենք եւ մասնակցենք տենդերի: Մեզ ասացին նաեւ, որ պետք է գրանցվել մինչեւ հունվարի 25-ը, որից հետո կլինի մրցույթը»,-ասաց Լուսինե Կոստանյանը:

Նա նշեց, որ իրենց նպատակը կենտրոնի համար ֆինանսական աջակցություն ստանալն է. «Այս պահին մեր կազմակերպությունը փակված է, եւ մեր երեխաները տանն են, իրենք ահավոր սթրեսային վիճակում են: Մենք ուզում ենք, որ մեր երեխաների համար լավ լինի:

Ի դեպ, մեր տնօրենը բացարձակ տեղյակ չէր, որ ծնողներով հավաքվել էինք կառավարության շենքի մոտ ու հանդիպում պահանջել:

Կարծում եմ, որ հիմա մեր տնօրենը կկապվի սոցապ նախարարության աշխատակցի հետ եւ մնացած հարցերը միասին կլուծեն: Աստված մեծ է, երեւի մի դուռ կբացվի մեր երեխաների համար: Մեր կենտրոն այցելողները ունեն մտավոր, տեսողության խնդիրներ, աուտիզմ, դաունի սինդրոմ եւ այլն: Մեր երեխաները այնքան են իրար հետ կապվել, որ առանց իրար չեն կարողանում: Հիմա, որ տղայիս ասում եմ դպրոցը փակվել է, շատ է տխրում: Դրա համար էլ ես կազմակերպեցի, հավաքվեցինք մեր դպրոցի խնդրով: Բոլոր ծնողները կողմ էին, որ հավաքվենք, պարզապես մի մասը վատառողջ էր, դրա համար չկարողացավ մասնակցել: Մի խոսքով, խնդրեցինք, մեզ ընդունեցին: Հիմա սպասում ենք հրաշքի»:

Տղայի ծնողն ասում է, որ կենտրոնի՝ հաշմանդամություն ունեցող շահառուները շատ լավ ժամանակ են անցկացնում խնամքի կենտրոնում, հաճախում են լողավազան, խոհանոցում սնունդ են պատրաստում, հողագործություն անում, պահածոներ փակում, համակարգչով աշխատում են, ամռանը կավագործության համար հաճախում են Մաչանենց տուն, Ծաղկաձոր, Դիլիջան՝ էքսկուրսիաների, եւ ի վերջո շփվում են միմյանց հետ:

«Շատ լավ կենտրոն է, հրաշալի մասնագետներ են աշխատում, հրաշալի մթնոլորտ է տիրում, իմ երեխան ամեն առավոտ ուրախությամբ ասում էր՝ մամ ջան, ես դասի եմ, չէ՞: Շատ կուզենայի, որ մեր կառավարությունը մի դուռ բացի մեր երեխաների համար: Այցելությունը մեր կենտրոն լրիվ անվճար է, իրենք իրենց մեքենաներով երեխաներին տնից վերցնում են առավոտյան 9-ին, երեկոյան 5-ին բերում են տուն: Նման կենտրոն Հայաստանում չկա»,-ասում է մեր զրուցակիցը՝ հուսով, որ իրենց կենտրոնը կրկին կվերաբացվի:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` կենտրոնի կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031