Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին անգամ Բաքվից հնչեց, որ մեզ երաշխավորներ պետք չէն. սա նշանակում է՝ մենք կանենք այն, ինչ ուզում ենք, կքայլենք այնքան, որքան ուզում ենք». Վահագն Մելիքյանը՝ Ալիեւի հայտարարությունների մասին

Հունվար 12,2024 16:30

«Տարին չսկսած՝ ունենք նոր ռիսկեր, մեզ անոնսել են։ Եվ ունենք իշխանություն, որը չի գիտակցում այդ ռիսկերը, հասարակություն, որը չի հասկանում, որ այդ ռիսկերն իր մասին են»,- այսօր «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ» ծրագրի՝ «Խոսքից՝ գործ. ի՞նչ է սպասվում առաջիկայում եւ ի՞նչ անել» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց նախագծի համակարգող, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հնչեցրած մի շարք մտքերի մասին: Բանախոսի համար շատ էական է՝ Ալիեւի հայտարարություններն ուղերձ էին ի՞ր ժողովրդին, թե՞ հայ ժողովրդին եւ արդյոք մենք հասկացել ենք նրա ասածները:

Քննարկման բանախոսներից դիվանագետ Վահագն Մելիքյանի կարծիքով՝ Ադրբեջանի նախագահի հայտարարություններում որեւէ դիվանագիտական լեզու չկար, ամեն ինչ ասվեց շատ պարզ. «Իրականում, որեւէ նորություն էլ չկար, իրենք մոտեցումները, այսպես ասենք, ավելի հիմնավոր ձեւով կարողացան արձանագրել: Դա բացարձակ Ադրբեջանի ներքին լսարանին ուղղված չէր: Ադրբեջանում այսօր այնպիսի իրավիճակ է, որ Ալիեւը որեւէ խնդիր չունի ներքին լսարանին կերակրելու պոպուլիստական կամ ամբոխավարական մոտեցումներով: Սա երկու լսարան ուներ՝ միջազգային հանրությունը եւ Հայաստանը: Կոշտ շեշտադրումներ էին եւ բանակցողի ոչ ճիշտ պահվածք, եթե մենք վերցնենք, որ երկկողմ բանակցություններ են»:

Բանակցություններից խոսող հայկական շրջանակները, ըստ բանախոսի, պետք է լուրջ մտորեն, քանի որ Ալիեւի խոսքում կար թելադրանք, պարտադրանք:

Հայկական կողմից Ալիեւի հայտարարություններին դեռ արձագանք չկա, դիվանագետը չի էլ սպասում, որ կլինի՝ հայկական շահից բխող: Եթե անգամ լինի էլ, նա վստահ է, որ սլաքները կուղղվեն դեպի ադրբեջանական ներքին լսարան՝ նախընտրական փուլի համատեքստում: Ամեն դեպքում, նրա գնահատմամբ, տարին բավական լարված ենք սկսել:

Հայ-ադրբեջանական բանակցությունները Վահագն Մելիքյանը երկկողմ չի որակում, անվանում է՝ «խաղ՝ մեկ դարպասի վրա», քանի որ թելադրանքը գալիս է Բաքվից, հայկական կողմն էլ փորձում է մանիպուլացնել, «սվաղել» կամ առաջ մղել ինչ-որ գաղափարներ, որոնք կապ չունեն բուն բանակցությունների հետ: Դիվանագետը սա համարում է սպառված բանակցային փուլ, որը ոչ մի տեղ տանող է:

«Առաջին անգամ Բաքվից հնչեց, որ մեզ երաշխավորներ պետք չեն. սա նշանակում է՝ մենք կանենք այն, ինչ ուզում ենք, կքայլենք այնքան, որքան ուզում ենք»,- ասաց Վահագն Մելիքյանը՝ հակադարձելով Ալիեւի՝ երկկողմ բանակցային հարթակ ձեւավորելու մասին հայկական կողմից այն արձագանքներին, որ առաջարկը գայթակղիչ է. «Ոչ, սա հերթական թակարդն է կամ ամենավտանգավոր թակարդն է: Առանց երաշխավորների, ես չեմ պատկերացնում, թե ինչպիսինը պետք է լինի, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը»,-ասաց Վահագն Մելիքյանը:

Հարցին՝ եթե խաղաղության պայմանագիրը չի բխում հայկական շահերից, ինչո՞ւ է Ալիեւը հրաժարվում դրա ստորագրումից, դիվանագետը պատասխանեց, որ Ալիեւը հստակ ձեւակերպել է իրենց դիրքորոշումը՝ ասելով՝ համաձայն եք դրա հետ, գնանք այդ ուղղությամբ, եթե՝ ոչ, ապա այլ կերպ կխոսենք: Իսկ Ալիեւի դիրքորոշումը նորություն չէ. «Ես չեմ համարում, որ ինքը հրաժարվում է, այլ ինքը նոր պարտադրանք է բերում, քանի որ դիմացը չկա դիմադրում, կա թույլ կողմ եւ ցանկացած աբսուրդ գաղափար՝ ինչ-որ ձեւով ընդունելու»:

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Եթե ալիեւին առանց միջնորդների պայմանագիր է պետք՚մենք էլ առաջ ենք քաշում առանցմիջնորդների պատերազմ՝կհամարձակվի նա մեն-մենակ մեր դեմ պատերազմել՞-կարծում եմ ոչ….

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031