Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի, Հայաստանի և Վրաստանի անմիջական համագործակցությունը կերաշխավորի Կովկասյան տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը

Հունվար 15,2024 11:17

Աշխարհաքաղաքական նոր իրավիճակում, երբ մենք ականատես ենք լինում Եվրասիայի և Մերձավոր Արևելքի միմյանց շաղկապված հսկայածավալ տարածաշրջաններում Ռուսաստանի և Արևմուտքի միջև նոր տաք և սառը պատերազմի նշանների ի հայտ գալուն, Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը կարևոր ուշադրության կենտրոնում են կողմերի համար իրենց աշխարհաքաղաքական և տնտեսաքաղաքական ազդեցության գոտին ընդլայնելու համար։ Եվ հատկանշական է, որ ստեղծված նոր իրավիճակում Ռուսաստանը փորձում է մեծացնել իր դերակատարությունն ու կարողությունները Ասիայում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, միաժամանակ մրցակցելով համաշխարհային մեծ տերությունների՝ ԱՄՆ-ի և Չինաստանի, իսկ մյուս կողմից՝ տարածաշրջանային նորաթուխ իսլամական հավակնություններով և նոր Օսմանական կայսրության ձևավորման ուղղություն ունեցող ուժերի՝ ինչպիսին են Իրանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի և նույնիսկ Հնդկաստանի հետ։

Միջազգային համակարգի կառուցվածքի աճող բևեռացումը և Արևմուտքի, Ռուսաստանի և Չինաստանի միջև Կովկասի և նույնիսկ Կենտրոնական Ասիայի՝ մարտադաշտ դառնալու հավանականությունը ավելացրել են այս մտահոգությունները:

Այս իրադրությունը ստեղծվել է այնպիսի իրավիճակում, երբ Արևմուտքի և Ռուսաստանի միջև լարվածությունը հասել է ամենաբարձր մակարդակին, և Արևմուտքը պաշտոնապես և լրջորեն օրակարգ է դրել Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում և Կովկասյան տարածաշրջաններում իր ազդեցությունն ավելացնելու և Ռուսաստանի հետ այդ երկրների տարաձայնությունների խորացումը։ Մյուս կողմից Ռուսաստանը ևս փորձում է ամեն գնով պահպանել իր անվտանգային և տնտեսաքաղաքական ներկայությունը նշյալ տարածքներում և նախկին խորհրդային Միության անկախացած կամ ավելի ճիշտ կախյալ հանրապետություններում։

Արևելք-Արևմուտք դիմակայություններն ավելացել են Ռուսաստանի Իրանի և որոշ ոլորտներում Չինաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հարցով, իսկ պատժամիջոցների ենթակա տերությունները փորձում են տարածաշրջանի երկրներին օգտագործել իրենց դեմ սահմանված տնտեսաքաղաքական պատժամիջոցները շրջանցելու համար։ Դրան պետք է ավելացնել նաև Ռուսաստանի փորձերը՝ օլիգարխիկ շահերը պահպանելու, ինչպես փոխադարձ քաղաքական և տնտեսական կապերը մերձավոր երկրների հետ սերտացնելու ու հարևան այլ երկրների ներքին գործերում միջամտության հետ համատեղ այդ երկրների հնարավորություններն ի շահ Մոսկվայի օգտագործելու փորձերն ու ձգտումները։

Մյուս կողմից, ռուսները և իրանցիներն ելնելով իրենց վաղեմի թշնամությունից Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ, հիմնականում կարծում են, որ Կովկասյան տարածաշրջանը չպետք է դառնա ՆԱՏՕ-ի և Արևմուտքի գործունեության հիմնական կիզակետն ու կենտրոնը, ակամայից կամ միտումնավոր անտեսելով այն փաստը, որ Թուրքիան, որն ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակիցն ու հենակետն է համարվում Մերձավոր Արևելքի և Կովկասյան տարածաշրջաններում արդեն վաղուց ակնառու ներկայություն ունի Իրանի և Ռուսաստանի մերձակայքի լայն տարածաշրջաններում։

Այս գործընթացի վրա մի այլ ազդեցիկ գործոնը նաև եղել է վերջին երեք ամիսների ընթացքում Գազայի հատվածում ծավալված Իսրայել-պաղեստինյան պատերազմը և տարածաշրջանում Իսրայելի շահերի և ներկայության նկատմամբ իսլամական որոշ երկրների արմատական ​​արձագանքները, որոնք կարող են էլ ավելի ակտիվացնել անվտանգության և հետախուզության համագործակցությունն ու մրցակցությունը տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատար ուժերի միջև:

Ռուսաստան-Իրան-Չինաստան շուրջ ձևավորված անվտանգության, տնտեսաքաղաքական և ռազմական գործընկերությունների և ԱՄՆ-ի և Արևմուտքի դեմ ուղղված նրանց մրցակցության աճը, որը Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում և Կովկասյան տարածաշրջաններում առաջին պլան է մղվել աշխարհաքաղաքական ու ռազմական բախումները, Ուկրաինայի պատերազմի և նույնիսկ Գազայի վերջին պատերազմի պատճառով, համարվում է հակաանվտանգության միտում, քան անվտանգության ապահովության գործոն:

Մյուս կողմից, ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն ​​և հավաքական Արևմուտքը նույնպես կարծում են, որ եթե ներկայություն չունեն տարածաշրջանային անվտանգային և աշխարհաքաղաքական հավասարումներում, ապա Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը ավելի մեծ ճնշում կգործադրեն այդ երկրների վրա՝ օգտագործելով տարածաշրջանի երկրներում իրենց հիմնական լծակները և տնտեսական ու էներգետիկ հնարավորությունը։

Այս առումով, Կովկասյան տարածաշրջանը, գտնվելով Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի խաչմերուկում, կդառնա ժամանակակից համաշխարհային կառույցի կենտրոններից մեկը, հատկապես էներգիայի փոխանցման և արմատական խմբավորումների ահաբեկչության և թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի կենսական հարցում։

Նկատի առնելով այն իրավիճակը, որում գտնվում է Ռուսաստանը, կարելի է ասել, որ մինչ Ռուսաստանը գտնվում է ռազմավարական երկընտրանքի և Արևմուտքի հետ հարաբերություններում բարդ մարտահրավերների առաջ, Մոսկվայի համար արտաքին քաղաքականության ոլորտում ամենակարևոր մարտահրավերն այն է, թե որ երկիրն ավելի շատ օգուտ կարող է բերել Ռուսաստանին։ Որպեսզի ռուսները դուրս գան համաշխարհային մեկուսացումից, շրջանցեն պատժամիջոցներն ու ավելի արդյունավետ դերակատարում ունենան էներգետիկ շուկաներում, նրանք պետք է բարելավեն իրենց հարաբերությունները արաբական նավթառատ և հարուստ երկրների, այդ թվում Կովկասյան տարածաշրջանում Ադրբեջանի հետ։

Ռուսաստանի համար նաև առանձնահատուկ տեղ է գրավում նախ Թուրքիայի և ապա երկրորդ հերթին՝ Իրանի հետ հարաբերությունների խորացումը և տնտեսական ու երթուղիների համագործակցության ընդլայնումը, իսկ առաջնահերթությունը տրվում է դեպի Միջերկրական ծով ու Պարսից ծոց դուրս գալու հնարավորությունը։ Իրանը նույնպես մտածում է, Ռուսաստանը և Չինաստանը, որպես միջազգային մակարդակով ամերիկյան միակողմանիության հակառակորդներ, կարող են ավելի համակարգված քաղաքականություն վարել ԱՄՆ-ի ու Արևմուտքի ճնշումներից ու պատժամիջոցներից խուսափելու և տարածաշրջանային տնտեսաքաղաքական դաշինքներ ձևավորելու համար։ Սակայն Իրանը այս հարցում խիստ սխալվում է և Ռուսաստանի ու Չինաստանի վարած քաղաքականությունը լիովին տարբերվում են իսլամական Իրանի կողմից սահմանված նպատակներին ու քաղաքականությանը, և նրանց համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականություններն ու նպատակներն ի վերջո և խորքում չեն համապատասխանում Իրանի շահերին։ Փաստորեն ոչ Ռուսաստանը, ոչ Չինաստանը շահագրգռված չեն նման դաշինք ստեղծելով Իրանի հետ ավելի պղտորել իրենց հարաբերությունները Արևմուտքի հետ, քանի որ նրանք փորձում են միայնակ կամ ավելի վստահելի գործընկերների հետ շարունակել իրենց հարաբերությունները կամ հակասություններն Արևմուտքի հետ։

Իրանում, հատկապես ուկրաինական պատերազմից հետո, որոշ քաղաքական գործիչներ և փորձագետներ արտաքին քաղաքական դաշտն այնպես են ներկայացնում, որ Թեհրանը գլոբալ զարգացումներում Մոսկվայի և Պեկինի հետ նույն ճակատում է, իսկ Արևմուտքի հետ լուրջ խնդիրների առաջանալու դեպքում կարող են հույս դնել այս երկու համաշխարհային և տարածաշրջանային դերակատար ուժերի օգնության վրա։ Գոնե կարելի է ասել՝ Ռուսաստանի դեպքում Մոսկվան երկրներին նայում է՝ ելնելով իր շահերից՝ կոնկրետ ժամանակային պայմաններում, ուստի իրանցիների հաշվարկը Մոսկվայի աջակցությունն երկարատվում վայելելու համար կարելի է ասել պատրանք է, իսկ նրանց ցանկությունը Կովկասյան տարածաշրջանում, հատկապես Հայաստանում Ռուսաստանի ներկայությունը որպես բալանսը պահող ուժ Արևմուտքի դեմ չի կարող համընկնել Կովկասյան տարածաշրջանի գոնե երկու դերակատար երկրներ Հայաստանի և Վրաստանի շահերին և հենց այդ պատճառով Վրաստանը մերժում է ներկա գտնվել Իրանի կողմից Կովկասյան տարածաշրջանի և Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը կարգավորելու 3+3 ձևաչափի նիստերին։ Իսկ Իրանի համար մասամբ ձեռնտու է Ադրբեջանի մերձեցումը Ռուսաստանին, քանի որ Ադրբեջանի միջոցով կարող է կապ հաստատել Եվրասիական միության երկրների հետ, իսկ Իրանը սխալմամբ Հայաստանը դիտում Ռուսաստանին կախյալ երկիր է ցանկանում է Ռուսաստանը շարունակի Հայաստանին պահել իր ազդեցության գոտում, ինչը չի բխում Հայաստանի և ի վերջո Իրանի շահերից։

Վերոհիշյալ միտումներից յուրաքանչյուրն առանձին-առանձին կարող է հանգեցնել տարբեր արդյունքների: Ռազմական և պաշտպանական դաշտում հավասարակշռությունը փոխելու ունակությամբ նոր խաղացողների ի հայտ գալը մի կողմից աստիճանաբար թուլացրել է Ռուսաստանի դիրքերը եվրասիական տարածաշրջանում և կարող է հանգեցնել Կովկասյան տարածաշրջանում լարվածության աճի, իսկ մյուս կողմից, այլ ուժերի մասնակցությամբ ու համագործակցությամբ և նոր գործընկերությունների ձևավորմամբ տարածաշրջանի երկրների ռազմական և պաշտպանական ենթակառուցվածքների ամրապնդմամբ և հատկապես Ռուսաստանի թույլ կողմերի լուսաբանմամբ, Իրանը և Կովկասյան տարածաշրջանի մյուս հանրապետություններ Հայաստանը և Վրաստանը կարող են փոխադարձ անվտանգությունն ապահովել Կովկասյան տարածաշրջանում։

Անկասկած այս ճգնաժամերին դիմակայելը և երկարաժամկետ լուծման համատեղ ծրագրեր մշակելը հասնելը Իրանի Իսլամական Հանրապետության և տարածաշրջանային դերակատար երկրների Հատկապես Հայաստանի և Վրաստանի և նույնիսկ Եվրամիության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են:

 

Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031