Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իրեն տեսել եմ մեքենայի աջ կողմում նստած, թե ո՞ւր է գնացել, ես չգիտեմ». Իշխան Վահանյանի գործով Ալբերտ Գասպարյանի ցուցմունքը

Հունվար 19,2024 22:40

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ այսօր շարունակվեց  Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը: Ըստ մեղադրանքի, Վահանյանը 44-օրյա պատերազմի օրերին վերցրել է կապի միակ միջոցը եւ փախել մարտադաշտից՝ դիրքում անպաշտպան թողնելով իր ենթակայության տակ գտնվող զինվորներին. 16 զինծառայող զոհվել է, 7 զինվոր գերեվարվել, 6-ը՝ վիրավորվել, 1-ը մինչ օրս անհետ կորած է համարվում, զինվորների մի մասին էլ 70 օր շրջափակման մեջ մնալուց հետո հրաշքով հաջողվել է փրկվել: Վահանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 380-րդ հոդվածի 1-ին մասով: Նա իրեն մեղավոր չի ճանաչում։

Դատարանն այսօր հարցաքննեց Ալբերտ Գասպարյանին: Նա մի քանի անգամ չէր ներկայացրել դատարան: «Չէի հարմարեցնում»,- դատավորի հարցին՝ ինչո՞ւ չէր ներկայանում, այսպես պատասխանեց վկան՝ արժանանալով դիտողության, որ խոսքը իր ծառայակից ընկերների ճակատագրին է վերաբերվում ու եթե ինքը ողջ է մնացել, պարզապես իր բախտը բերել է:

Ալբերտ Գասպարյանը Ջրականում տեղակայված 5-րդ գումարտակի դիպուկահարների դասակում է ծառայել, երեք ամսվա ծառայող է եղել երբ սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմը: Պատերազմի ժամանակ եղել են մարտական դիրքերում՝ գումարտակի հրամանատարական դիրքերում: Գումարտակի հրամանատարական կազմը սեպտեմբերի 27-ից մինչեւ Հադրութ նահանջը՝ մոտ մեկ շաբաթ, եղել է իրենց հետ:

Սեպտեմբերի 29-ին հարձակում է եղել, ռմբակոծության ժամանակ գումարտակի հրամանատարը՝ Սամվել Սահակյանը՝ զոհվել է: Նրան փոխարինել է Իշխան Վահանյանը: Վկան պատմեց, որ սեպտեմբերի 29-ից հետո, իրենք դեռ տեւական ժամանակ խրամատում են եղել, բայց Վահանյանին այդ ընթացքում չի տեսել: Այդ ընթացքում փախուստի դիմած զինծառայողների կամ առողջական խնդիրներով հեռացածների մասին տեղեկություն վկան չի ունեցել: Այդ ժամանակ խոսակցություն էլ չի լսել, որ Վահանյանը վիրավորվել է. քրեական գործում տվյալներ կան, որ Իշխան Վահանյանն այդ ժամանակ աջ ոտքի բեկորային վիրավորում է ստացել:

Ջրականից նահանջելուց հետո նորակոչիկների գումարտակը տեղակայվել է Հադրութում, ապա, տեղակայվել են Հադրութի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա. զինվորներին, ըստ ցուցմունքների, վստահեցրել են, որ ապահով տեղ են տանում։ Հոկտեմբերի 10-ին ադրբեջանցիները հարձակվել են Խուռհատ սարի վրա, հարձակումը սկսվել է անտառից «վիշկայի ձախ կողմից»։ Ալբերտ Գասպարյանը պատմեց, որ այդ օրը նորակոչիկների անձնակազմը վիրավորներ է ունեցել, ինքն էլ օգնել է վիրավորներին՝ սարից իջեցնել։ Նրա վկայությամբ, անձնակազմի գործողություններն այդ ընթացքում համակարգող չի եղել։

Հանրային մեղադրող Գևորգ Ավետիսյանը  հարցրեց. «Մեկը չկա՞ր որ ձեր գործողությունները համակարգեր, ասեր՝ ոնց կրակեք, ասեր՝ գոնե պառկած կրակեք, գլուխդ մի բարձրացրեք»: «Ոչ»,- պատասխանեց վկան:

«Բա ո՞նց էիք ոնց էիք որոշում, ո՞նց կրակեք»,- հետաքրքրվեց Ավետիսյանը: Վկան պատասխանեց, որ ինչ-որ կերպ փորձում էին հասկանալ՝ ի՞նչ անել:

Հանրային մեղադրողը խնդրեց վկային բնութագրել՝ ինչպիսի՞ հրամանատար է եղել Վահանյանը։ Իբրեւ սպա, Վահանյանին նրա բնութագիրն է՝ «նորմալ»:

Դատավորը միջամտեց. «Նորմալ-աննորմալ հասկացություն չկա ծառայության մեջ, կա պատասխանատու, կա քաջ…»: «Քաջ չէր»,-պատասխանեց վկան: Հանրային մեղադրողն էլ հետաքրքրվեց. «Դուք, որպես զինծառայող կամ ձեր համածառայակիցները, նրա հրամանները կատարո՞ւմ էիք»: «Մինչեւ Խուռհատ սարը բարձրանալը կատարում էինք»,- եղավ պատասխանը։ Վկան նաեւ ասաց, որ Վահանյանին հանդիպել է Հադրութի դպրոցում:

Իշխան Վահանյանին վկան հարձակման ժամանակ մի պահ է տեսել ու նրա պահվածքում արտառոց բան չի նկատել: Ավելի ուշ՝ նահանջելիս, տեսել է, որ Վահանյանն «Ուրալի» մեջ՝ դիմացը՝ վարորդի կողքին նստած՝ գնում է։

Վկան Իշխան Վահանյանին, արդեն ավելի ուշ, տեսել է Սիսիանի հոսպիտալում.  չեն զրուցել, միայն իրար որպիսությամբ են հետաքրքրվել։

Խուռհատից նահանջելուց հետո անձնակազմի մի մասը շարժվել է Վանք գյուղի ուղղությամբ։ Այդ ընթացքում, գումարտակից՝ անձնակազմի հետ, եղել է 100 հոգի, հարձակման ժամանակ բաժանվել են և տարբեր ուղղություններով գնացել։

Վկան պատմեց, որ իրենց խումբը շրջափակման մեջ է ընկել, կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը զոհվել է, ինքն էլ վիրավորվել. «10-ից ավել էինք, վիրավորների հետ գնացինք տնակ, երկուսը՝ զոհվեցին»: Վանք գյուղի տանը մնացել են մեկ օր. «Առավոտյան դուրս ենք եկել, որոշեցինք դեպի Ստեփանակերտ շարժվել: Հադրութեցի զինծառայակից ունեինք, ինքն ուղղորդեց: Ճանապարհին պայմանագրայինների ենք հանդիպել, հետո «Դուց»-ի զորքին հանդիպեցինք, իրենց հետ գնացինք»։

Վկան հայտարարեց, որ իրենք տեղյակ չեն եղել, որ Վանք գյուղի տներում էլի հայ զինծառայողներ են եղել։

Հանրային մեղադրողի միջնորդությամբ հրապարակվեցին վկայի նախաքննական ցուցմունքները, քանի որ, դրանց եւ դատարանում արված հայտարարությունների մեջ էական հակասություններ կային: 2021 թվականի փետրվարին կայացած հարցաքննության ժամանակ, վկան ասել է՝ երբ ստացել են նահանջի հրաման, զբաղեցրած դիրքերից իջել են սարի ներքեւի հատված։ Այդ ժամանակ Իշխան Վահանյանը իրեն ու գումարտակի այլ զինծառայողների հրամայել է բարձրանալ սարի վրա ու շարունակել պաշտպանությունը։ Ալբերտը՝ 30 զինծառայողների հետ, կատարել են հրամանը։ Հետո նկատել է, որ Իշխան Վահանյանն իրենցից հետ է մնացել եւ կարծիք է հայտնել, որ Իշխան Վահանյանը չի ցանկացել առավել վտանգավոր վայր անձամբ բարձրանալ։

«Բաներ կան, որ հիմա չեմ հիշում, բայց համապատասխանում է իրականությանը»,- այսօր հայտարարեց Ալբերտը։

Հաջորդ հակասությունը վերաբերվում էր Իշխան Վահանյանի՝ մեքենայով հեռանալուն: Նախաքննական ցուցմունքում վկան ասել է, որ նահանջելիս ինքը Իշխան Վահանյանին տեսել է մեքենայի ղեկին. «Տեսել եմ, որ Վահանյանը միայնակ նստել է մեքենայի ղեկին, գործի դրել շարժիչը եւ միայնակ հեռացել՝ մեզ թողնելով մարտական գործողությունների վայրում»:

Վկան պնդեց այսօր դատարանում արած իր հայտարարությունը, որ Վահանյանին տեսել է մեքենայի աջ կողմում նստած ու հավելեց. «Ես իրեն տեսել եմ մեքենայի աջ կողմում նստած, թե ո՞ւր է գնացել, ես չգիտեմ»:

Ի դեպ, նախաքննական ցուցմունքում Ալբերտն ասել է, որ երեք զինծառայողներ փորձել են կանգնեցնել Վահանյանի մեքենան, որպեսզի իրենք էլ նստեն, բայց  մեքենան չի կանգնել։

Այսօր, դատարանում, վկան իր նախաքննական ցուցմունքի այդ դրվագը հաստատեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Հետքի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031