Լրահոս
Օրվա լրահոսը

Արցունքներ, գրկախառնություն․ բանակ գնացողների մեջ էր նաև Շիրակի մարզպետի որդին

Հունվար 25,2024 18:09

Այսօր Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում հուզիչ տեսարան էր․ փողոցից հնչող ռազմահայրենասիրական երգերի ներքո՝ շիրակցի նորակոչիկների նոր խումբը մեկնում էր զինվորական ծառայության, նրանց ճանապարհելու եկած հարազատները, ընկերները պինդ գրկախառնվում էին, արտասվում։ Ընկերները, ծառայության մեկնողներին ուսերին դրած հասցնում էին ավտոբուս, երբեմն կատակում՝ «Շատ ծանր ես, իջի՛ր»։

Ամենածանրը մայրերի վիճակն էր․ նրանք չէին կարողանում զսպել արցունքները, շատ դեպքերում հենց բանակ մեկնող երիտասարդներն էին հորդորում սրբել արցունքներն ու իրենց ուրախությամբ ճանապարհել, քանի որ զինվորականի համազգեստ կրելը պատիվ է։

Զինվորական ծառայության մեկնող երիտասարդներն օրհնություն ստացան եկեղեցում, խաչակնքվեցին, աղոթք բարձրացրեցին առ Աստված ու շտապեցին հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարելու։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ևս հուզված էր, նա ելույթ ունեցավ ոչ այնքան որպես պաշտոնյա, որքան ծնող։

Պարզվեց մարզպետի ուսանող որդին՝ Չապաև Մուրադյանը ևս ծառայության էր մեկնում։

Մուշեղ Մուրադյանը, դիմելով նորակոչիկներին ու նրանց ծնողներին, ասաց, որ այսօր պատասխանատու օր է։

«Իմ հոգում միախառնվել են հպարտության վեհ զգացումն ու ծնողական հուզմունքը, քանի որ ձեզ հետ Հայոց բանակ եմ ճանապարհում իմ որդուն։ Տղաներ, դուք գնում եք փոխարինելու մեր հայրենիքի զինված ուժերում պարտքը կատարած ձեր ավագ ընկերներին։

Գիտակցեք, որ պատիվ է լինել հայ զինվոր, ծառայել Հայաստանի զինված ուժերում։ Ձեր ծառայության ժամանակ ոչ մի վայրկյան չկորցնեք զգոնությունը ու սթափությունը, միշտ եղեք ձեր սպաների ու ծառայակից ընկերների կողքին։
Հայրական օրհնանքը հղելուց զատ, ուզում եմ միշտ հիշեք՝ զինվորական ծառայությունը յուրաքանչյուր տղամարդու համար փորձություն է, որը նոր բացահայտումներին ընդառաջ գնալու կարողություն ու դժվարությունների հաղթահարում է պահանջում։

Հայրենիքի ու հայրենի հողի անառիկության համար ծառայել, իսկապես պատվաբեր և անչափ կարևոր է։

Տոկունություն, կամք եմ մաղթում ձեզ, իսկ մեր բոլոր զորակոչիկների ծնողներին ու հարազատներին, որոնց թվում և ես եմ՝ համբերություն։ Թող հպարտության զգացումին երկչոտություն երբեք չխառնվի, մենք ուժեղ ենք ու վստահ եմ՝ երկու տարի անց մեր որդիներին պետք է դիմավորենք առավել մեծ հպարտությամբ ու ոգևորությամբ», -ասաց մարզպետը՝ հիշեցնելով, որ նրանցից է կախված մեր սահմանների պաշտպանությունն ու ընտանիքների խաղաղությունը։

Նա բարի երթ, անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ մաղթեց բոլորին՝ մեկ անգամ ևս հիշեցնելով, որ պաշտպանելու են իրենց մայրերին, հայրենի սուրբ հողը, պետությունն ու պետականությունը։

Երբ նորակոչիկների ավտոբուսը շարժվեց՝ սկսվեցին բուռն ծափահարություններ, կանգնածները օրհնանքի խոսքեր էին հնչեցնում, տղամարդիկ հանեցին իրենց գլխարկները՝ որպես հարգանքի նշան։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031