Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Փոխոստիկանապետ․ Հայաստանում «օրենքով գողերի» «սխոդկաների» 72 դեպք է արձանագրվել 2020-ից մինչ օրս․ «Հրապարակ»

Հունվար 27,2024 10:20

Հարցազրույց ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանի հետ

– ՆԳՆ ղեկավար կազմի ասուլիսի ժամանակ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ասաց, որ 2023-ին աճել է հանցագործությունների թիվը։ Ո՞ր տեսակի հանցագործություններն են աճել, եւ մասնագիտությամբ ոչ իրավաբանը կարո՞ղ է բացահայտել կամ նախականխել։

– Ոստիկանության բարեփոխումների տրամաբանության մեջ առանձնացրել ենք 4 ճյուղ՝ հստակ գործառույթներով․ պարեկային ծառայությունը, քրեական ոստիկանությունը, որի ձեւավորումից հետո ստեղծվելու է համայնքային ոստիկանություն, որն էլ իր հերթին ձեւավորվելու է այսօրվա ոստիկանության բաժինների հիմքի վրա, եւ ոստիկանության գվարդիան, որն ապառազմականացվում է, դառնում զուտ ոստիկանական գործառույթ իրականացնող։

– Ի՞նչ է նշանակում «ապառազմականացում»։ Եթե խոսքը ՀՀ պետական սահմանը հսկելու գործառույթից ազատելու մասին է, ապա 2020-ից հետո նրանք այլեւս սահման չեն գնում։ Գվարդիան ձեւավորվելու է ցուցարարներին ծեծող եւ խոշտանգող «բազմագույն» բերետավորներից, այս իրողությունը մտնո՞ւմ է ոստիկանության բարեփոխումների տրամաբանության մեջ։

– Առհասարակ տրամաբանությունը, գործունեության ոլորտը բարեփոխվում է, խոսքն անձանց մասին չէ։ Ստորաբաժանումն իրականացնելու է այլ գործառույթ։

– Ոստիկանության զորքերի մասին օրենքի համաձայն՝ զորքերն իրավունք չունեն միջամտել եւ խառնվել խաղաղ ցույցերին։ Զորքերի վրա դրված չէ նաեւ պետական շենք-շինությունները հսկելու գործառույթը։ Ինչո՞ւ են զորամասից զորքերը դուրս բերվում, օրինակ, կառավարության շենքը հսկելու համար, եթե չունեն նման գործառույթ։

– Ոստիկանության զորքերը հասարակական կարգն են պահպանում, ապահովում են անվտանգությունը։ Դա այն պրոֆիլակտիկ աշխատանքն է, որ մենք միշտ անում ենք։

– Վահե Ղազարյանը հաճախ է ասում, որ իր օրոք հատուկ միջոց չի կիրառվում ցույց ցրելու համար։ Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած սեպտեմբերյան ցույցերի ժամանակ ոստիկանության հատուկ նշանակության վաշտը լուսաձայնային նռնակներ նետեց քաղաքացիների վրա՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ինչո՞ւ ոստիկանությունը թույլ չի տալիս քաղաքացուն՝ իրացնել ցույց անելու իր սահմանադրական իրավունքը։ 

– Մենք քաղաքացիների սահմանադրական իրավունքի իրացման ժամանակ ապահովում ենք հասարակական կարգը, եւ ես ուղղակի զարմանում եմ Ձեր հարցից, քանի որ ինքներդ ականատես եք եղել, թե այդ բողոքի ակցիայի ժամանակ ինչ մեծության քարեր էին նետում ոստիկանության ծառայողների վրա, որի ժամանակ շուրջ 20 ոստիկան մարմնական ծանր վնասվածքներ ստացավ։ Ցույցը վերածվեց զանգվածային անկարգության։

– Հանցագործությունների աճի հետ կապված տեսակետ կա, որ դա պայմանավորված է, այսպես կոչված, օրենքով գողերի դեմ պայքարով։ Եթե, օրինակ, նախկինում փողոցային «բազարները» թաղային հեղինակությունների միջոցով արագ լուծվում էին, հիմա դրանց դեմն առնող չկա, եւ շատ դեպքերում վեճերն ավարտվում են սպանություններով։ 2020-2023թթ․ ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գող»-ի կարգավիճակ ունեցող 13 անձի նկատմամբ, որոնցից 4-ի քրեական հետապնդումը դադարեցվել է, 1-ը գտնվում է ՔԿՀ-ում, 2-ը հետախուզման մեջ է, 2-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, իսկ 4-ի նկատմամբ դատարանի կողմից ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ։ Եթե կոնկրետ անձի նկատմամբ չկա հայտարարված հետախուզում, ինչո՞ւ նա չի կարող գալ Հայաստան։

– Մասնավոր դեպքերի մասին եք երեւի խոսում։ Հայաստանում կա օրենք, եւ բոլորը պետք է ենթարկվեն այդ օրենքին։ 2020թ․ Քրեական օրենսգրքում փոփոխություն է կատարվել, հոդված է փոխվել, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալ, ստանալ, պահպանել, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցել, ներգրավվել, կամ բարձրագույն աստիճանակարգություն ունեցող անձին դիմելը քրեորեն պատժելի է։

– Օրենքի փոփոխությունից հետո Հայաստանում «օրենքով գողերի» «սխոդկաներ» եղե՞լ են։

– 2020-ից մինչ օրս 72 նման դեպք է արձանագրվել։ Հայաստան գալը ցանկացած անձի սահմանադրական իրավունքն է, կարող է ազատ տեղաշարժվել, ինչի՞ մասին է խոսքը։

– Մեր տեղեկություններով՝ այս պահին Հայաստանում են գտնվում Զապը, Օշականցի Գեւորիկը, Ալոն, ովքեր իշխանությունների հետ առնչություն ունեն, ինչով պայմանավորված՝ ոստիկանությունը կաշկանդված է։ 

– Քրեական ոստիկանությունը ոչ մեկին հանգիստ չի թողել։ Ցանկացած անձ, անկախ իր անունից ու ազգանունից, մականունից, եթե օրենքով արգելված որեւէ գործողություն անի, դրան կհետեւի քրեական ոստիկանության կոշտ ու կոպիտ արձագանքը։

 

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031