Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր երաժշտության մեջ մարդիկ տեսնում և ճանաչում են իրենք իրենց, իրենց հույզերն ու զգացմունքները. Նիկոլ Փաշինյանը՝ Տիգրան Մանսուրյանին

Հունվար 27,2024 11:42

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 85-ամյակի առթիվ

Հարգելի՛ վարպետ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առիթով: Գաղթով մեկնարկած, ստեղծագործական բարձունքների նվաճումով պսակված, ապա անկախ պետականության մտավորականի գործունեությամբ շարունակված Ձեր կյանքն ու կենսագրությունը ճակատագրի դեմ մարդու հաղթանակի ու անսասան պատասխանատվության մի զարմանալի և ուսանելի օրինակ է, որն արժանի է ի ցույց դնելու:

Ձեր անձնական կերպարը՝ համեստության ու բարեկրթության մի անկրկնելի օրինակ է, որ պատկառանք է հարուցում: Ինչո՞ւ են Հայաստանի Հանրապետությունում Ձեզ այսքան շատ սիրում: Որովհետև Ձեր երաժշտության մեջ մարդիկ տեսնում և ճանաչում են իրենք իրենց, իրենց հույզերն ու զգացմունքները, ցավերն ու բերկրանքը, հիասթափություններն ու երազանքները: Ձեր ստեղծած երաժշտությունը հայաստանցիներն իրենցն են համարում, իրենցն են համարում նաև Ձեզ, և սա ստեղծագործողի, մտավորականի, քաղաքացու այն գերադրական գնահատականն է, որ հնարավոր է ունենալ:

Ինձ համար անմոռանալի են Ձեր պատմություններն Արթիկում ապրած Ձեր մանկական տարիների մասին: Առաջիկայում նախատեսում ենք հիմնանորոգել Արթիկի՝ Ձեր անունը կրող մշակույթի կենտրոնը, համապարփակ ծրագիր ներդնել այնտեղ, որ դրանում Ձեր անվանն արժանի կրթամշակութային միջավայր ձևավորվի և զարգանա:

Սիրելի՛ վարպետ,

Ուրախ եմ, որ այսօր էլ ողջ եռանդով շարունակում եք ստեղծագործել: Վերստին շնորհավորելով, մաղթում եմ Ձեզ առողջություն և ստեղծագործական անվերջանալի բերկրանք:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Լուսանկարը՝ Տիգրան ՎԻՐԱԲՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031