Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Գոռ Գեւորգյան. «Եթե փաստաբանական ծառայությունը թանկանա, անհասանելի կլինի ազգաբնակչության մոտ 80 տոկոսի համար, որ մնալու է առանց պաշտպանության իրավունքի իրացման»

Հունվար 30,2024 23:30

Փաստաբան Գոռ Գեւորգյանը, որը պատրաստվում էր մասնակցել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին» օրենքի նախագծով նախատեսվող փաստաբանական ծառայությունների մատուցման գների թանկացման շուրջ քննարկմանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Որպես իրավունքի ջատագովներ եւ պաշտպաններ, չենք կարող արհամարհել, մեզ համար ուղղակի չի կարող միեւնույնը լինի, թե ոնց են մտնելու մեր դաշտ,նաեւ մեզ շահագործելու: Այն հարկերը, որոնց մասին խոսում են, բառի բուն իմաստով լինելու է շահագործում: Եվ ոչ միայն մեզ: Դա նաեւ ֆինանսական առումով լինելու է ծանրացում ազգաբնակչության համար, որովհետեւ ուզենք, թե չէ, բարձրացնելու ենք ծառայության վճարները ու դրանով ապահովելու ենք իրավական օգնության գրեթե անհնարինությունը քաղաքացիների համար: Եթե մեկը կարծում է, որ փաստաբանի աշխատանքն այն աշխատանքն է, որ քիչ աշխատելու դիմաց շատ վարձատրվում է, ու կարելի է այդ վարձատրությունից ոչ իրավական ճանապարհներով , հավասարակշռություն չպահելու մեթոդով ուղղակի ճանկել, չարաչար սխալվում է: Իրենք մոռանում են, որ փաստաբանությունն այն համայնքն է, որը ցանկացած բացասական ազդակի միահամուռ արձագանք է տալիս:

Կրկնում եմ, շատ ու շատ ավելի ծանրացնելու են քաղաքացիների հոգսը եւ դրանով սկսելու են բացառել իրավական օգնության հնարավորությունը: Իհարկե, ունենք հանրային պաշտպանի գրասենյակ, որն օրենքով նախատեսված դեպքերում, երբ վճարունակ չէ, հաշմանդամության կարգ կա եւ այլն, մասնակցություն է ունենում, բայց հանրային պաշտպանի գրասենյակը չի կարող ունենալ այն թվով հանրային պաշտպաններ, որ կարողանան հոգալ իրավունքի պաշտպանության խնդիրը ամբողջ հանրապետության տարածքում: Եվ անվճարունակությամբ պայմանավորված արհեստական խոչընդոտներով սկսեն անհասանելի դառնալ մասնավոր փաստաբանները»:

Մեր դիտարկմանը, թե կարելի է ենթադրել, որ օրենքի շրջանառվող նախագիծը փաստաբանների վրա այնքան էլ չի ազդի, քանի որ նրանք իրենց մատուցվող ծառայության գինը կբարձրացնեն ու ավելի բարձր հարկերը կվճարեն, փաստաբանը պատասխանեց. «Մեծ հաշվով կարող է հենց այդպես էլ լինել: Բայց այդտեղ տուժելու է ուղիղ քաղաքացին: Այն քաղաքացին, որը հույս ունի, որ ապագա կա, կա ապագա:

Համոզված եմ, ինքն ըստ ինքյան, բարձրանալու է փաստաբանական ծառայության արժեքը, որովհետեւ ամեն մի փաստաբան գնահատում է իր աշխատանքը, գիտի նաեւ, թե ինչի դիմաց որքան հոնորարով պայմանագիր է ստորագրում իր ծառայությունների համար: Եվ իրավաբանական օգնության ծառայությունը, ուզի, թե չէ, դառնալու է ոչ հասանելի ազգաբնակչության 80 տոկոսի համար ու այդ 80 տոկոսը մնալու է առանց պաշտպանության իրավունքի իրացման»:

Գոռ Գեւորգյանը նաեւ կարծիք հայտնեց, թե ինչու է թիրախավորվում հատկապես փաստաբանական համայնքը: «Ես ոնց հասկանում եմ, որպես այդպիսին միակ պայքարող ուղղություն մնացել ենք մենք ու որոշակի լրատվամիջոցներ: Ինչու որոշակի, որովհետեւ մեր աչքի առաջից ուղղակի անհետանում են այն լրատվամիջոցները, որոնք պայքարում են:

Երեւի հերթը հասավ մեզ: Բայց իրավական առումով մեզ ընկճել բառի բուն իմաստով հնարավոր չէ: Ֆիզիկական ճնշումներ եղան` մենք ճնշեցինք միանշանակ` բարձրացնելով մեր ձայնը: Մնացել է ֆինանսական առումով մեզ ճնշելու հերթական փորձերից այս մեկը: Ամեն կայացած ինստիտուտ այս իշխանություններին ոնց որ թե սարսափեցնում է: Մենք իսկապես կայացած ենք, ադեկվատ ենք, հասկանում ենք, ընկալում ենք եւ մեր գործիքակազմով հատուկ նախատեսված գործողություններ ենք կազմակերպում, որն իրականում սարսափեցնում է իրենց»,-ասաց փաստաբանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031