Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱՄՆ անկախության հռչակագիրը չի՞ հնացել

Փետրվար 02,2024 10:00

1776 թվականի հուլիսի 4-ին ընդունված ԱՄՆ անկախության հռչակագիրը սկսվում է ոչ թե բոլոր մարդկանց հավասար ստեղծված լինելու մասին հայտնի պնդմամբ, այլ՝ մի յուրահատուկ «նախաբանով»: Դրա իմաստը հետեւյալն է. երբ իրադարձությունների ընթացքը բերում է նրան, որ ժողովուրդներից մեկը ստիպված է խզել իր քաղաքական կապերը մեկ այլ ժողովրդի հետ… ինչի (այսինքն՝ խզելու) իրավունքը նրան տրված է Բնության Օրենքներով եւ Բնության Արարչի կողմից (the Laws of Nature and of Nature’s God)… ապա դա պետք է բացատրել: Մնացած տեքստը դրա, այսպես ասած, «բացատրությունն» է:

Արդյո՞ք այդ նախաբանը չի հնացել: Ամերիկացիները, ավելի ճիշտ՝ 13 գաղութների բնակիչները վաղուց արդեն խզել են իրենց քաղաքական կապերը «մեկ այլ ժողովրդի» (անգլիացիների) հետ, չնայած հիմա, կարելի է ասել, սերտ քաղաքական եւ այլ կապերի մեջ են: Հռչակագրի տեքստում բազմաթիվ դառը խոսքեր կան Մեծ Բրիտանիայի թագավորի հասցեին, բայց հիմա Չարլզի հանդեպ որեւէ դժգոհություն ամերիկացիները, կարծես թե, չունեն; Եվ հետո՝ ի՞նչ բնության օրենքներ, ի՞նչ Արարիչ: Այդ ի՞նչ «ռուսսոիստական», «պանթեիստական» «կենացներ» են մտցրել Հռչակագրի մեջ: 2018 թվականի դրությամբ՝ ԱՄՆ բնակչության 22.8 տոկոսն իրեն չի դասում որեւէ կրոնական համայնքի ներկայացուցիչ: Էլ չասած, որ գրելով՝ Nature’s God, Թոմաս Ջեֆերսոնը եւ նրա զինակիցները հաստատ Բուդդային կամ Շիվային նկատի չունեին:

Ուրեմն ինչո՞ւ ամերիկացիները չեն փոխում իրենց Անկախության հռչակագիրը, ինչո՞ւ չեն հրաժարվում այդ տեքստում տեղ գտած ոչ պրագմատիկ «կենացներից» ու հնցած ձեւակերպումներից: Ինձ թվում է, պատասխանն ակնհայտ է. ցանկացած պետական ազգի համար ինստիտուցիոնալ հիշողությունը, ժառանգականությունը, պետական ավանդույթը շատ ավելի կարեւոր են, քան որեւէ (թեկուզ եւ անհաջող) ձեւակերպում փոխելը: ԱՄՆ-ում էլ հիմա կան ծայրահեղ լիբերալներ (կամ, hակառակը, «տրոցկիստներ»՝ չգիտեմ, նրանց ինչպես անվանեմ), որոնք պնդում են, որ նույն Ջեֆերսոնը ռասիստ էր, որովհետեւ ստրուկներ էր պահում: Բայց հուսամ, որ այդ շարժումներն այնտեղ «թրենդային» չեն: Հակառակ դեպքում կլինի այն, ինչ ժամանակին մի անգլիացի (դանիացու շուրթերով) բնութագրել էր այսպես՝ «the time is out of joint», հայերեն տարբերակում՝ «ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել», ռուսերեն (ոչ բառացի, բայց իմաստով ճշգրիտ)՝ распалась связь времен:

Պետականության համար ժամանակների կապն է կարեւոր: Ինչ էլ գրված լինի ՀՀ Անկախության հռչակագրում, ինչպիսի գեղարվեստական արժանիքներ կամ թերություններ ունենան Հայաստանի զինանշանն ու օրհներգը, կարեւոր են ոչ թե դրանք ինքնին, այլ այն, թե ինչ են դրանք խորհրդանշում: Փոխել այդ խորհրդանիշները՝ նշանակում է՝ ստեղծել այլ պետություն, որը կապ չունի Առաջին եւ Երրորդ հանրապետությունների հետ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան
    Շատ հետաքրքիր եվ բովանդակային հոդված է։
    Ցավոք այս իշխանավորների ուզածն էլ հենց մինչ իրենց եղած բոլոր Հայկական պետությունների մասին ինստիտուցիոնալ հիշողությունն ջնջելն է։
    Չէ որ այդ պետություններն պայքարել են ու հաղթել։ Իսկ հիմա պետք է Հայաստանը դարձնել «քաղաքականությամբ չզբզղվողների» «ես իմ գործն եմ անում» ասող ամորֆ զանգվածով բնակեցված տարածքի։

  2. Լավատես says:

    Մեր խնդիրը այսօրվա իշխանավորները չեն, այլ այդ իշխանավորներին ընտրած մեր շատ սիրելի վեց հարյուր ութսուն հազար քաղաքացիներն են եւ ընտրություններին չմասնակցած քաղաքացիներն են, փորձենք նրանց համոզել, որ ընտրեն մեր ազգի լավագույններին: Իսկ մեր շատ սիրելի քաղաքացիներին համոզելուց առաջ փորձենք ստեղծել մի հնարք, որով կհայտնաբերենք մեր լավագույններին: Վերջերս հերթական հիասթափություններն ապրեցինք որոշ քաղաքական եւ հասարակական ուժերից, որոնք կարող էին լավագույնների շարքում լինել, շնորհակալություն նրանց, որ ինքնաբացահայտվեցին, որ իրենք ինչքան էլ խելոք ու ազգասեր լինեն, նրանք կախյալ են ինչ որ դրսի ուժերից, ինչպես եւ մեր այսօրվա իշխանությունը ընդդիմության հետ միասին: Հնարքը հասկանալի է եւ պարզ բոլոր քաղաքացիների համար. Իսկական քաղաքացին, գիտակցելով իր քաղաքացիական պարտքն իր ազգի եւ պետության հանդեպ, իր կողմից հարգված մարդկանց եւ իր առջեւ երդվում է մասնակցել ընտրություններին, ով չի մասնակցում ընտրություններին, նա իսկական քաղաքացի չէ: Սա առաջին եւ ամենակարեւոր հնարքն է: Մեր լավագույններին հայտնաբերելու համար իսկական քաղաքացին խորհուրդ է հարցնում իր կողմից հարգված մարդկանցից, թե ում ընտրի ընտրությունների ժամանակ, եթե այդ հարգված մարդիկ իրենք կարիք ունեն նման խորհրդի, նրանք էլ դիմում են իրենց կողմից հարգված մարդկանց եւ նրանց խորհուրդը վերեւից ներքեւ հասցնում մեր շատ սիրելի քաղաքացիներին: Մեր շատ սիրելի քաղաքացինե՛ր, նախապես պատրաստվեք ընտրություններին, խորհուրդ հարցրեք հարգելի մարդկանցից եւ անպայման մասնակցեք ընտրություններին: Իսկ մեր հարգված մարդկանց խնդրում ենք խորհուրդ տալ մեր շատ սիրելի քաղաքացիներին, թե ում ընտրեն:

    • Հ.Շ. says:

      * նշանակում է՝ ստեղծել այլ պետություն, որը կապ չունի Առաջին եւ Երրորդ հանրապետությունների հետ: *

      Սակայն իրենք ճիշդ այ՛ս է, ու կ’ուզեն կատարել: Եւ գաղտնի չեն պահում իրենց այս նպատակը:

      Եւ բնաւ չկարծենք թէ ասիկա չեն հասկանում, իրենց հայաստանցի համակիրները: (Սփիւռքն ալ, ամէն դէպքում, անզօր է այս ուղղութեամբ որեւէ բան անելու: Գործնականօրէն, ինչպէ՞ս կարող է Սփիւռքը որոշել թէ Հայաստանի բնակիչները ինչ կ’ուզեն անել իրենց բնակած տարածքում գոյացուող պետութեամբ – ներառեալ նրա նախկին *սեւագրութիւնը* պատռել թափելը, եւ նոր պետութիւն մը հռչակելը – : )

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829