Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն փաստաթղթերը, որոնք մենք փոխանցել ենք իրավապահներին, նկատել ենք, որ որոշ մարդիկ կեղծում են փաստաթղթերը, նախարարություն են ներկայացնում ուռճացված ծախսեր»․ փոխնախարար

Փետրվար 02,2024 14:18

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն այսօր «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» համաժողովի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների ձերբակալմանը՝ կոռուպցիոն չարաշահումների գործով, ասաց, որ իրավապահները նախարարությունում մոտ երկու ժամ են մնացել, գործողություններ արել։ Թե ինչ են բռնագրավել իրավապահները, փոխնախարարը տեղյակ չէ։ Նա նաեւ տեղյակ չէ, թե ինչ մրցույթային գործընթացին է առնչվում քրեական գործը։

«Կարող եմ ասել, որ գյուղատնտեսության ոլորտում դեռ 2022 թվականին վարչության պետի կողմից բարձրաձայնվել են որոշ հարցեր։ Այդ հարցերը փոխանցվել են համապատասխան կառույցներին: Այնուհետեւ շարունակաբար այդ հարցերի քանակի աճի որոշակի միտում ենք տեսել, դրանք շարունակաբար ներկայացվել են իրավապահ մարմիններին, որոնց հաջորդել են տարբեր տեսակի գործողություններ: Այդ գործողությունների արդյունքում հարցաքննվել են եւ ֆերմերներ, որոնք ըստ մեր դիտարկման, միգուցե կեղծ փաստաթղթեր են ներկայացրել, եւ նաեւ աշխատակիցներ: Կարծում եմ՝ այդ հարցը այդ համատեքստում է դիտարկվել»,-ասաց Խոջոյանը։

Նա նշեց, որ «Ինտենսիվ այգիներ» ծրագրի շրջանակներում քննչական կոմիտեում վարույթ կա, այս եւ երեկվա գործերը փոխկապակցված չեն։

Փոխնախարարն, անդրադառնալով ինտենսիվ այգիների ծրագրին, ասաց՝ երբ ֆերմերները դիմումներ են ներկայացնում, կա մոնիտորինգի առանձին խումբ, որը իրականացնում է տեղազննում, որ տվյալ պահին այգին գոյություն չունի, մարդը նոր պետք է սկսի գործողություններ իրականացնել․ «Այդ փաստաթղթի հիման վրա մենք կնքում ենք պայմանագիր: Դա ճիշտ գործընթաց է, դրանք չեն համակարգվում մեկ մարդու կողմից, հատուկ առանձնացված են, որպեսզի մեկը մյուսին կարողանա վերահսկել: Այգին հիմնելուց հետո, երբ խոսքը վերաբերվում է ծախսերի փոխհատուցմանը, մարդիկ ներկայացնում են իրենց փաստաթղթերը, որով ներկայացնում են հաշիվ ապրանքագրեր, պայմանագրեր, տարբեր տեսակի ծախսերը հավաստող փաստաթղթեր են ներկայացվում: Մոնիտորինգը գնում է եւ ուսումնասիրում է՝ արդյոք այգին կա, արդյոք ծառերի քանակը, կպչունակությունը, կաթիլային ոռոգման տեխնոլոգիաները համապատասխանում են: Դրանից հետո նոր տալիս է եզրակացություն: Ծրագրերի իրականացման վարչությունը պարզապես համեմատում է, որ ծախսերը իդենտիկ լինեն, որոնք կառավարության որոշմամբ սահմանված են: Եվ դա է հիմնական հարցը, որը մենք ներկայացնում ենք։

Այն փաստաթղթերը, որոնք մենք փոխանցել ենք իրավապահ մարմիններին, մեր կարծիքով՝ միգուցե անհիմն, միգուցե հիմնավոր, չգիտեմ, բայց մենք նկատել ենք, որ որոշ մարդիկ կեղծում են փաստաթղթերը եւ նախարարություն են ներկայացնում ուռճացված ծախսեր: Մենք բարձրաձայնել ենք այդ հարցերը՝ նկատելով, որ շահառուները կեղծել են փաստաթղթերը։ Մենք կարծում ենք, որ իրավապահ մարմնի գործընկերները պատշաճ կերպով ուսումնասիրությունը կիրականացնեն եւ ովքեր ընդհանուր իրականության մեջ մեղավորություն ունեն, կներգրավվեն գործի շրջանակներում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829