Լրահոս
Օրվա լրահոսը

Այո՛, արհեստական բանականության մեջ ունենք ուժեղ ընկերություններ, սակայն պետությունը չունի բավարար տվյալների բազա, որի հիման վրա կարող են այդ ալգորիթմները սովորել. Հակոբ Արշակյան

Փետրվար 02,2024 14:53

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 2-ին ներկա է գտնվել «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովին:

Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ոլորտում որոշ ընկերությունների ծավալած գործունեությանն ու առաջարկող ծառայություններին: Հակոբ Արշակյանը, մասնավորապես, խոսել է աշխարհի առաջատար խորհրդատվական ընկերությունների համար արհեստական բանականության վրա հիմնված ֆինանսական եւ փաստաթղթային ամբողջ համակարգի վերլուծությամբ զբաղվող ընկերությունների գործունեության ու պետության համար եւս նման ծառայությունների անհրաժեշտության վերաբերյալ: «Հայտնաբերեցինք, որ չունենք տվյալների այնպիսի բազա, որի հիման վրա հնարավոր կլինի արհեստական բանականության ալգորիթմն աշխատեցնել, ավտոմատացնել փաստաթղթաշրջանառությունն ու դրա վրա հիմնված ավտոմատ եւ արհեստական բանականությամբ զինված վերլուծություններ կատարել: Սա հանգեցրեց մեզ այն փաստերի ընկալմանը, որ մենք, այո՛, արհեստական բանականության մեջ ունենք ուժեղ ընկերություններ, սակայն պետությունը չունի բավարար տվյալների բազա, որի հիման վրա կարող են այդ ալգորիթմները սովորել»,- արձանագրել է Հակոբ Արշակյանը եւ հավելել, որ առկա է նման գրագետ բազաներ Հայաստանում ունենալու մարտահրավեր:

Նշելով, որ արհեստական բանականությունը բիզնեսում թեման առնչվում է նաեւ թվայնացմանը եւ բարձր տեխնոլոգիաներին՝ ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է Աշոտ Հովհաննիսյանի «Վերելք» գիրքը, որը Հայաստանի թվային փոխակերպման պատմության եւ մարտահրավերների հաղթահարման մասին ոգեշնչող պատմություն է: Նա ներկայացրել է նաեւ իր դրական տպավորությունները քաղցկեղի տեղորոշմամբ եւ բուժմամբ զբաղվող ընկերություն այցից, որը եւս արհեստական բանականության ալգորիթմի միջոցով է աշխատում:

Հակոբ Արշակյանի գնահատմամբ արհեստական բանականությունը մոտ ապագայում մեծ փոփոխություններ է կատարելու աշխարհում եւ դրական հնարավորությունները չօգտագործող ընկերություններն ու պետությունները կարող են հայտնվել խոր ճգնաժամի եւ հետամնացության մեջ: «Պետության աշխատանքն է նաեւ, որ կարողանանք գրագետ մոտենալ հարցերին, խնդիրները ճիշտ ձեւակերպենք, ճիշտ լուծումներ առաջարկենք ու օգտագործենք, հետ չմնանք այս կարեւոր տեխնոլոգիական հեղափոխությունից եւ կարողանանք ինչ-որ չափով առաջնորդել այդ հեղափոխությունը»,- եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

A conference entitled ‘Artificial Intelligence for Business’ took place at the new building of Matenadaran named after H. Tamrazyan

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը,  ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նրանք անդրադարձել են, մասնավորապես, տնտեսության, ռադիոհաղորդակցության, գիտական տեղեկատվության եւ մի շարք այլ ոլորտներում արհեստական բանականության գործիքակազմերն արդյունավետ ներդնելու հնարավորություններին:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը, ԱԺ պատգամավորներ, Կառավարության անդամներ, Կենտրոնական բանկի, խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներ, գործարարներ:

Համաժողովի նպատակն է միավորել ոլորտի առաջնորդներին, նորարար մտածողներին եւ արհեստական բանականության փորձագետներին՝ ուսումնասիրելու արհեստական բանականության գերժամանակակից ռազմավարությունները:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829