Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ազգային պարերի հավաքման, մշակման ու անմահացման մեջ Գագիկ Գինոսյանն ունի նույն առաքելությունն ու արժեքը, ինչ Կոմիտասը՝ մեր ժողովրդական երգերի հավերժացման գործում

Փետրվար 13,2024 12:13

Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է։

Ախ, երանի թե ես այնպես մեռնեմ, որ դու… ինձ սգաս…

Սևակի այս կտակը գրված է բոլոր այն մեծ հայորդիների համար, ովքեր ոչ միայն կյանքով, այլ նաև իրենց մահով գործելու և հաղթելու ուղերձ են հղում իրենց ժողովրդին։ Գագիկ Գինոսյան – Հայու Տեսակի կորուստը սգում է յուրաքանչյուր ազնիվ հայ, ում համար նրա կյանքն ու գործը ազգապահպանության, ամուր զգալու, անպարտելիության խարիսխ էր մեր Հայրենիքի ներկայիս լինել-չլինելու աննախադեպ գահավիժման ճանապարհին։ Նրա հանկարծահաս մահը նման էր մարտակոչի, որ ցնցեց, ահազանգեց, կյանքի կոչեց հուսալքության թմբիրով ինքնամաշվող հայ ժողովրդին՝ պարտավորեցնելով՝ արթնանալ ու ԸՆԴՎԶԵԼ: Այդպիսի ահազանգ էր Վազգեն Սարգսյանի Մահապարտների մարտակոչը Արցախյան կենաց-մահու պատերազմին։

…Ավաղ, մեր հանդիպումը տեղի չունեցավ։ Նրա արվեստի ծաղկման շրջանում Քոչարյանի ռեժիմի կողմից ես դատապարտված էի երկարատև վտարանդության։

Գագիկ Գինոսյանին ճանաչել եմ իր հագեցած, բազմաշերտ, պանծալի կենսագրությամբ՝ Ազատամարտին նրա մասնակցությամբ, Արվեստով, Նժդեհական ազգայնականության գաղափարախոսությամբ գոտեպնդող նրա ելույթներով, հարցազրույցներով։

Մեր կարճատև հաղորդակցությունը եղավ ֆեյսբուքով ու հեռախոսով։ 2022-ին մշակութային մի հոդվածում ես Հայ ազգի հարատևության սնուցող արմատը համարել էի մեր ազգային դարավոր մշակույթը։ Ինձ համար հաճելի անակնկալ էր նրա շնորհակալական արձագանքը։ Եվ դա բնական էր. որտեղ Ազգայինն ու Ազգային Մշակույթը՝ այնտեղ Գագիկ Գինոսյանը։

Այդ կարճ, բայց բնութագրական նամակագրությանը ես կանդրադառնամ խոսքիս վերջում։ Հիմա ուզում եմ ներկայացնել մեր միակ հեռախոսազրույցը, որը տեղի ունեցավ 2023 թվականի կրկին կործանարար սեպտեմբերին։

Սեպտեմբերի 19-ի երեկոյան, երբ իմ ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում, ազերիների կողմից արդեն սկսվել էին Արցախի բռնազավթումն ու տեղի հայության կոտորածները։ Հաջորդ օրն սկսվեց Արցախի ամբողջական օկուպացիան ու արցախահայության անմնացորդ բռնագաղթը…

Համազգային այս ողբերգության մեջ մտածել գիրք տպագրելու, առավել ևս բեմականացում իրականացնելու մասին (որը նախատեսել էի իրականացնել 2023-ին) ոչ միայն հոգեբանորեն անհնարին, այլ նաև բարոյական չէր։ Իմ աչքի առաջ իմ հողում կրկին հայերի ցեղասպանություն ու տեղահանություն էր։ Հային ինքանվաստացնող, վերջնականապես ինքնաոչնչացնող այդ դժոխքի մեջ՝ ամբողջապես տապալված էի։ Բայց խորքում ուզում էի լսել մի ձայն, փնտրում էի այն Եզակի Մեկին, ով կարող էր փարատող, գոտեպնդող մի խոսք ասել։ Մի քանի օր անց զանգահարեցի Գագիկ Գինոսյանին։ Նա պատասխանեց։

Ես ներկայացա։ Մեր զրույցը չսկսեցինք «Ինչպես ես» այդ պահի անհեթեթ հարցով։ Նրա ձայնը ասես անդունդից էր գալիս։ Ասաց, որ ամբողջ օրը մի թաղումից մյուսն է գնում ու թվում է վերջը չկա։

– Եռաբլուրում թաղեցինք Արցախը,~ ասացի։

Մի պահ լռությունից հետո պատասխանեց.

– Մեր ամենամեծ պայքարն ու կռիվը դեռ առջևում է։

… Ծանր լռություն տիրեց։ Կարճ դադարից հետո հակիրճ անդրադարձա իմ մշակութային անելիքներին, որոնք, հասկանալի պատճառով հետաձգվեցին։ Խոսեցի դեռ 80-ականներին Էդգար Հովհաննիսյանի հետ բալետի համար մշակած իմ մի սցենարի մասին, որը ներկայացնելու էր հեթանոսական շրջանի մեր ամենամեծ աստվածուհու՝ Անահիտի տոները որպես մայրության ու ազգապահպանության մեծագույն խորհուրդ։ Սակայն մաեստրոյին պատուհասած հիվանդությունը դարձավ չգրված բալետի ավարտը։

Լսելով Էդգար Հովհաննիսյանի անունը՝ Գագիկ Գինոսյանի ձայնը փոխվեց, առույգացավ, թերևս մի պահ կտրվելով իրականությունից՝ ասաց.

– 20-րդ դարակեսին և դարավերջին դասական երեք մեծ կոմպոզիտոր ենք ունեցել՝ Արամ Խաչատրյան, Էդգար Հովհաննիսյան, Ավետ Տերտերյան։ Արամ Խաչատրյանը, ապրելով Մոսկվայում ու թիկունքին ունենալով Խորհրդային Միությունը՝ կարողացավ դուրս գալ ու հաստատվել համաշխարհային արենայում։ Էդգար Հովհաննիսյանն ու Ավետ Տերտերյանը մնացին հայկական իրականության մեջ՝ երկրում թե սփյուռքում։ Ցավոք այսօր «Երևան-Էրեբունի» երգը աղավաղումներով հնչեցնողների մեծ մասը նույնիսկ չգիտեն, որ երաժշտությունը Էդգար Հովհաննիսյանինն է։

Ասացի, որ դասական երաժշտության մեր ընկալումները հաճելիորեն համընկնում են և առաջարկեցի.

– Էս դժոխային ժամանակներից դուրս գալուց հետո, նպատակ ունեմ իրականություն դարձնել մեծ կոմպոզիտորի հավանությանն արժանացած գաղափարը։ Այսօր դա կարող է լինել կամ թատերական ներկայացում, կամ ֆիլմ՝ ուղեկից մեր ազգային պարերի բեմադրությամբ։ Ես մեծագույն փափագ ունեմ Ձեր անզուգական մշակմամբ ու բեմադրվող պարերով ներկայացնել հազարամյակների մեր մշակույթը։

Նա շնորհակալություն հայտնեց ու պայմանավորվեցինք կապի մեջ լինել։ Զրույցն ավարտելուց առաջ մտահոգությունս հայտնեցի Սյունիքի կապակցությամբ։ Նա պատասխանեց.

-Մենք պարզապես իրավունք չունենք պարտվելու։ Մեր ռազմական պաշտպանությանը կհաղորդենք մեր դարավոր մշակույթի ոգին ու կհաղթենք։

Ապա հավելեց.

– Թեև 90-ականներից մինչև այսօր ազգայնական գաղափարակիրներն ու ազգանվեր անհատները առանձին-առանձին՝ ամեն մեկը յուրովի, թիրախավորվում ու հետապնդվում են: Բայց միևնույնն է՝ գալիս են ու կգան նորերը։ ՀԱՅ ԱԶԳԻ ՆԺԴԵՀԱԾԻՆ ԱՐԳԱՆԴԸ ՉԻ ՉՈՐԱՆԱ…

Ազգային խոցված արժանապատվության ու կորուստներից դառնացած նրա ձայնի մեջ մարտահրավեր կար, ինչպես՝ իր հերոսական պարերում։

Զրույցից մեկ ամիս անց ուղարկեցի սցենար-պոեմը՝ կից գրությամբ… Բայց մեծ աշխատանքի համար ժամանակը կարճ էր, իրականությունը՝ ճնշող։ Մտածեցի, որ ամռանը կվերադառնամ, լիահույս, որ ավելի խաղաղ ու երկար ժամանակի մեջ, կաշխատենք միասին։ Ու մինչ կգրեի նրան այս մասին՝ վերադարձիցս օրեր անց լսեցի Գագիկ Գինոսյանի մահվան բոթը։

Ինձ թվաց երկինքը փուլ եկավ Հայաստանի վրա…Եվ առաջին միտքը, որ ունեցա լսողությանս մեջ շարունակվող նրա՝ պայթող սրտի ցավով ինձ ասված վերջին խոսքերն էին. «…ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԿԻՐՆԵՐՆ ՈՒ ԱԶԳԱՆՎԵՐ ԱՆՀԱՏՆԵՐԸ ԱՌԱՆՁԻՆ-ԱՌԱՆՁԻՆ ԹԻՐԱԽԱՎՈՐՎՈՒՄ ՈՒ ՀԵՏԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ…»

…Բայց մի՞թե ազգովի, թեև տակավին կիսով չափ, սպանված չենք, երբ հոժարաբար հանդուրժում ենք Հայրենազրկման հրովարտակը ձեռքներին ազգափոխված քարոզիչներին։ Եվ մի՞թե սպանված չեն այլևս ԱՐՑԱԽԱԶՈԻՐԿ արցախցիները։

Այսուհանդերձ շարունակում ենք ԿՈՐՑՆԵԼ… ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԱԾՔ ՏԱՐԱԾՔԻ ԵՏԵՎԻՑ, ՍԵՐՈՒՆԴ ՍԵՐՆԴԻ ԵՏԵՎԻՑ, ՀԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՈՂ ԱՆՀԱՏՆԵՐԻՆ՝ ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻ ԵՏԵՎԻՑ… Կորցնում ենք՝ ամեն Կորստով մոտեցնելով ՎԵՐՋԸ։

…Գագիկ Գինոսյանը կաթվածահար Սիրտը ափերի մեջ՝ գնաց միանալու Եռաբլուրի բարձունքում հավերժի ճամփորդ իր զինակիցներին…

…Նրա կյանքը չընդհատվեց։ Ալն շարունակվում և շարունակվելու է Հայոց Ազգային անխառն, Գինոսյանական պարերի մեջ։

Այդ մեծ հայի հետ թեև չհանդիպեցինք, բայց խիղճս մխիթարում եմ նրանով, որ և հեռախոսով, և գրությամբ նա ինձանից լսեց իր գործի, Արվեստի այն գնահատանքը, որը թերևս կուզեր լսել. այն է՝ որ նա մեր ազգային պարերի հավաքման, մշակման ու անմահացման մեջ ունի նույն առաքելությունն ու Արժեքը, ինչ ԿՈՄԻՏԱՍԸ՝ մեր ժողովրդական երգերի հավերժացման գործում։

Այս առումով հարկ եմ համարում, առանց բառ փոփոխելու, ներկայացնել մեր փոքրիկ նամակագրությունից մի հատված, որն առաջին հերթին, և մեկ անգամ ևս, բնութագրում է Գագիկ Գինոսյանի հավատամքը՝ Ազգային Արվեստը որպես անսպառ կենսատու արմատ ու ոգեղեն անպարտելի զենք՝ Ազգային Ինքնության, Ազգապահպանման դժվար ընթացքի մեջ։

«Աստծո կամոք թող Հայոց երկրին խաղաղության Մանանա իջնի, բայց ըստ իս՝ ինչպես և հանապազօրյա հացը, սնունդը պետք է արարել՝ անկախ նրանից խաղաղություն կա՞, թե՞ ոչ։ Եվ այն առավել կարևոր է պատերազմների ու արհավիրքների ժամանակ։ Այն շատ նման է ջրհեղեղի ժամանակ ափին դեռ կանգուն մնացած ծառի դուրս ցցված արմատին, որ միակ շանսն է կառչելու և ջրհեղեղից, կործանարար ճակատագրից փրկվելու համար»։

 

Անահիտ ՔՆԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829