Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանության գործով կհարցաքննվի նաև մեղադրյալ Վրույր Բարսեղյանի անչափահաս որդին

Փետրվար 21,2024 20:50

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր ու 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանության մեջ մեղադրվող երկու համագյուղացիների՝ Վրույր Բարսեղյանի ու նրա ազգական Արկադի Բարսեղյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի դատաքննությունը։

Հիշեցնենք, որ այս սպանությունը կատարվել էր առանձնակի դաժանությամբ՝ 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններով։

Այսօր ավարտվեց նախնական դատալսումների փուլը։

Հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա փետրվարի 6-ին՝ ժամը 14․00-ին, դատարանը կանցնի հիմնական դատալսումների փուլին, կհետազոտվեն ապացույցները ու կլսվեն վկաների ցուցմունքները։

Վրույր Բարսեղյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը դատարանին միջնորդեց նոր փուլում սահմանափակել դատական նիստերի տեսաձայնագրություններն ու հեռարձակումները։ Նա իր միջնորդությունը հիմնավորեց հետևյալ կերպ․

«Հարգելի դատարան, ինչպես գիտեք, ամեն դատական նիստից առաջ դատարանը հետաքրքրվում է՝ արդյոք կա՞ն դատարանի դահլիճում վկաներ, եթե կան, խնդրում է հեռանալ։

Ճիշտն ասած, չհարցաքննված վկաներին դատարանի դահլիճից հեռացնելը ինքնանպատակ չէ, ոչ էլ դատարանի քմահաճույքն է, դա ունի որոշակի իրավաչափ նպատակ, որպեսզի չհարցաքննված վկաները դատարանի դահլիճում ականատես չլինեն և չլսեն այն հետազոտվող ապացույցները, ինչպես նաև դրանց վերաբերյալ կողմերի տարբեր կարծիքները, և դրանք հետագայում իրենց համար ուղղորդող բնույթ չկրեն, չազդեն նրանց ցուցմունքների բովանդակության և ճշմարտացիության վրա։

Այս իրավաչափ նպատակն իրականացնելու համար դատարանը հեռացնում է վկային դատարանի դահլիճից, որպեսզ չլսի, թե ինչ կատարվում դատարանի դահլիճում, սակայն այս վկան, հեռանալով դատարանի դահլիճից, գնում է իրենց տուն, նստում է իրեն հարմարավետ բազմոցի վրա, միացնում է հեռուստացույցը, մի բաժակ էլ սուրճ է վերցնում և սկսում է լսել այն, ինչի համար մենք իրեն հեռացրել ենք։ Ասեմ ավելին, նա կարող է յութուբով այդ ամենը հետ տալ և նորից լսել։

Այդ դեպքում, հարգելի դատարան, քանի՞ կոպեկ արժե դատարանի դահլիճից վկային հեռացնելը, եթե վկան դատարանի դահլիճում տեղի ունեցածին կարող է հանգիստ հետևել իր բնակարանում՝ ավելի հանգիստ պայմաններում։

Ես, իհարկե հասկանում եմ հասարակության մեծ հետաքրքրությունն այս պրոցեսի նկատմամբ, բայց խնդրում եմ արգելել, երբ որ մենք մտնում ենք դատալսումների հիմնական փուլ, հեռարձակումն ու տեսանկարահանումը կարող են ազդել սույն գործի օբյեկտիվության, բազմակողմանի քննության վրա, կարող է կողմնորոշիչ նշանակություն ունենալ չհարցաքննված վկաների նկատմամբ»,-ասաց պաշտպանը։

Դատարանը հետաձգեց նրա միջնորդության քննությունը՝ նշելով, կանդրադառնա, երբ անցնեն հետազոտման կարգին, այդ ժամանակ էլ կլսեն կողմերի կարծիքները միջնորդության շուրջ։

Ու թեև դատավորը ցանկություն ուներ շարունակել դատական նիստը՝ անցնելով հիմնական դատալսումների փուլին, սակայն հետաձգեց կողմերի խնդրանքով։

Այսօրվա դատական նիստը ևս բավական երկար տևեց․ դատավորը, վկայակոչելով քրեական վարույթի հատորները, հատ-հատ թվարկեց դրանցում առկա այն ապացույցները, որոնք պետք է հետազոտվեն դատական նիստերի ընթացքում։

Նա մեղադրական կողմի ներկայացրած ապացույցներից բացի, հրապարակեց նաև պաշտպանական կողմի՝ հետազոտման ենթակա ապացույցները։

Պաշտպանական կողմն առաջնահերթ ցանկացել էր, որ դատարանի կողմից հետազոտվեն ձերբակալված մեղադրյալ Արկադի Միսակի Բարսեղյանի ցուցմունքները, սակայն դատարանը այն հանեց ապացույցների հետազոտման կարգի ծավալի շրջանակից, քանի որ մեղադրյալը ցանկություն է հայտնել ցուցմունք տալու։

Դատարանը ծավալից հանեց նաև տուժող Սևակ Մելիքսեթյանի ցուցմունքները, քանի որ նա ևս պատրաստվում է ցուցմունք տալ դատարանում։

Դատարանի կողմից հետազոտվելու է նաև Վրույր Բարսեղյանի հորաքրոջ՝ վկա Աննա Բարսեղյանի ցուցմունքը։

Հիշեցնենք, որ դաժան սպանությունից հետո մեծ աղմուկ բարձրացավ Պեմզաշենում, խոսակցություններ տարածվեցին, թե նրա հորաքույրներից մեկը՝ Ռուզաննա Բարսեղյանը, որը բնակվում է իրենց բակում, ևս մասնակից է սպանությանը, մասնավորապես թաքցրել է հանցագործության հետքերը, սակայն այդ լուրերը չապացուցվեցին։

Դատարանը հրապարակեց նաև այն վկաների անուն-ազգանունները, որոնք պիտի հրավիրվեն դատարան։

Նրանց ցանկում էին երկու անչափահաս տղաներ, մեկը՝ Հովհաննես Վրույրի Բարսեղյանն է, պիտի ենթադրել, որ նա մեղադրյալ Վրույր Բարսեղյանի որդին է։ Մյուս անչափահասը Հովհաննես Մկրտչի Կարապետյանն է։

Ապացույցների հետազոտումից հետո դատարան են հրավիրվելու ու հարցաքննվելու են նաև փորձագետները։

Այսօր դատական նիստի ընթացքում փաստաբանների կողմից միջնորդություններ ներկայացնելիս՝ դատարանը երկու մեղադրյալներին հարցրեց՝ արդյոք միանո՞ւմ են իրենց պաշտպանների միջնորդություններին։

Արկադի Բարսեղյանն ասաց․ «Միանում եմ, սաղ պիտի հետազոտվի, սաղ պիտի բացահայտվի, ինչ կա, ոչ մի բան բաց չթողնենք, սաղ մանրամասն հետազոտենք, սաղ՝ տակից տակ, մինչև ամեն ինչ բացահայտվի»։

Հիշեցնենք, որ Արկադի Բարսեղյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, որ դեպքի վայրում չի եղել, իսկ Վրույրը Բարսեղյանը տվել է ինքնախոստովանական ցուցմունք։

Վրույր Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։

Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829