Լրահոս
Օրվա լրահոսը

Երկպալատ խորհրդարանը կկանխի մեծամասնության բռնապետությունը

Մարտ 02,2024 17:05

Ներկայացուցչական ժողովրդավարություններում ժողովուրդն ունի (կամ պետք է ունենա) քաղաքական մեծ կարողություն: Այս է պատճառը, որ Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը համաձայն էին, որ ժողովրդի ուժը ևս պետք է սահմանափակումներ ունենա, ինչպես սահմանափակումներ ունեն իշխանության երեք թևերը:

Ժողովրդական այսրոպեական իմպուլսներին տեղիք չտալու համար հիմնադիր հայրերը ստեղծեցին Կոնգրեսի՝ ժողովրդի կողմից չընտրվող վերին պալատ՝ Սենատ (որը դարձավ ժողովրդի կողմից ընտրվող միայն 1913-ին):

Պետք է հստակ արձանագրել, որ ժողովուրդն անսխլական չէ, և չկեղծվող ընտրությունները, որոնք թույլ են տալիս առաջնորդվել մեծամասնության կամքով, չեն նշանակում, որ ժողովուրդը կկատարի անթերի որոշում: 1932 թվականին Նացիստական կուսակցությունը գերմանական խորհրդարանական ընտրությունում հաղթանակ տարավ, բայց արդյո՞ք դա արդարացնում է Ադոլֆ Հիտլերի ծավալապաշտությունն ու հանցագործությունները ողջ աշխարհի հանդեպ:

Այս հոդվածում կփորձեմ մատնացույց անել երկպալատ խորհրդարանի դրական հատկանիշները և անհրաժեշտությունը Հայաստանի համար:

Նախ, երկպալատ խորհրդարան նշանակում է, որ երկրի օրենսդիր մարմինը բաղկացած է երկու ճյուղից՝ վերին և ստորին, որոնք քաղաքական առումով հավասար են և հետևաբար հավասարակշռող գործառույթ են իրականացնում:

Հայկական խորհրդարանի ստորին պալատը կլինի Ազգային ժողովը՝ կազմված առնվազն 101 պատգամավորից (ինչպես այժմ պահանջում է Սահմանադրությունը), կընտրվի ժողովրդի կողմից առավելագույնը 5 տարի ժամկետով: Ազգային ժողովը կընտրի վարչապետ, որն էլ կկազմի գործադիր իշխանությունը: Վարչապետը և կառավարության անդամները կպաշտոնավարեն, քանի դեռ վայելում են Ազգային ժողովի վստահություը:

Վերին պալատը (պայմանական կոչենք Սենատ), կազմված կլինի 20-30 սենատորից, որոնց կընտրեն յուրաքանչյուր մարզի համայնքների ավագանինների համաձայնեցմամբ (Սյունիքի մարզի համայնքների ավագանիները համատեղ որոշմամբ պայմանական ասած Պողոս Պողոսյանին և Պետրոս Պետրոսյանին կընտրեն սենատոր իրենց մարզից), որոնք կպաշտոնավարեն ավելի երկար՝ օրինակ՝ 8 կամ 9 տարի ժամկետով: Դատավորներին, Սահմանադրական դատարանի դատավորներին և դատական իշխանության մնացյալ ներկայացուցիչներին կընտրի Սենատը:

Եթե Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու համար կսահմանվեն մեղմ պահանջներ, սենատոր ընտրվելու նախապայմանները շատ ավելի խիստ կլինեն. տարիքային ավելի բարձր շեմ (ասենք՝ 35 տարեկան), մարզում ճանաչում և համբավ ունեցող, ինչպես նաև մասնագիտական կրթություն ստացած քաղաքացի:

Այսպես խորհրդարանն ավելի դանդաղ, մանրակրկիտ և ուշադիր կուսումնասիրի ներկայացված նախագծերը, քանի որ օրենք դառնալու համար նախագիծը պետք է արժանանա և՛ վերին, և՛ ստորին պալատների հավանությանը:

Եթե Ազգային ժողովի պատգամավորը կարող է քաղաքական կամ կուսակցական դրդապատճառներով առաջնորդվել, սենատորը, լայն իմաստով, չի ներխուժի ամենօրյա քաղաքական խժդժությունների մեջ և երկարաժամկետ կայունություն և կանխատեսելիություն կբերի այս ուղղությամբ, որովհետև ընտրված է բավականին երկար ժամկետով: Այս նույն տրամաբանությունն է նախագահին՝ 7, սահմանադրական այլ մարմինների անդամներին՝ 6, Սահմանադրական դատարանի դատավորներին՝ 12 տարի ժամկետով ընտրելու հետևում: Նրանք «վերքաղաքական» ինստիտուտներ են:

Շատերը կարող մտածել, որ խորհրդարանի մի մասի՝ ժողովրդի կողմից ընտրված չլինելը երկիրը կդարձնի հակաժողովրդավարական: Բնավ:

Ժողովուրդն ընտրում է իր ներկայացուցիչներին՝ Ազգային ժողովի պատգամավորներին, որոնք էլ կազմում են գործադիր իշխանությունը:

Հետո Սենատը չի գործում ժողովրդի դեմ, այլ իր ծանրակշռությամբ և համբավով հակակշռում է ժողովրդական հաճախ իմպուլսիվ և զգացմունքային դրսևորումները:

Ի վերջո, սենատորներն էլ են ժողովրդի կողմից ընտրված և ժողովրդի ներկայացուցիչներ, պարզապես անուղղակիորեն են ընտրված՝ համայնքների կողմից:

Երկպալատ օրենսդիր մարմինը՝ ծանրակշիռ վերին պալատով, կարգելափակի «մեզ ժողովուրդն է ընտրել, և մենք կանենք այն, ինչ ճիշտ կհամարենք» և մեծամասնության բռնապետություն հիշեցնող նույնանման այլ գործելաոճեր:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031