Խորհրդարանում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո ծավալվել է քննարկում՝ պե՞տք է իշխանության հետ պայմանավորվել բարեկրթության շուրջ, թե՞ պետք չէ։ Շատերը համարում են, որ դա թակարդ է ընդդիմության համար, որից պետք է խուսափել։
Այն, որ ներկայիս իշխանության գործունեությունն իր բնույթով եւ հետեւանքով չի թողնում բարեկրթության որեւէ տեղ ու ցանկություն, թերեւս անվիճելի է։ Բայց, հարցն այն է, որ քաղաքականությունը պետք է առաջնորդվի ոչ թե էմոցիաներով, այլ հաշվարկով։ Իսկ հաշվարկը պահանջում է առնվազն հասկանալ, թե արդյո՞ք «անբարեկրթությունը»՝ որպես ընդդիմադիր գործունեության մարտավարություն, ունի հաջողության բավարար հեռանկար եւ պոտենցիալ։ Իսկ ընդդիմադիր ուժերի գործունեության հիմնական հարցը հենց դա է՝ ինչպե՞ս հասնել հաջողության, ինչպե՞ս հասնել հանրային առավելագույն վստահության, ընտրողների շրջանակի ընդլայնման։ Եթե ավելի կոնկրետ՝ ապա, ինչպե՞ս «ներառել» այսպես ասած չեզոք ընտրազանգվածի կամ հանրային շերտի հնարավորինս շոշափելի ծավալ` ավելի ու ավելի փոխելով ուժերի հարաբերակցությունը հօգուտ ընդդիմության։
Այդ խնդրի լուծման հարցում առավել օգտակար է ընդդիմության հանդեպ «անբարեկիրթ» հռետորաբանության ու վարքագծի՞ առկայությունը, թե՞ հակառակը՝ «Հերոստրատին»՝ տվյալ դեպքում իշխանությանն այդ իմաստով «մոռանալը», եւ հանրության հետ բարեկիրթ երկխոսության վրա հիմնված քաղաքական կենսագործունեություն ծավալելը։ Համաձայնեք, որ, երբ հարցը դնում ենք այդ շեշտադրումով՝ դուրս բերելով էմոցիոնալ գնահատման տիրույթից, ապա պատասխանն այլեւս այդքան էլ միարժեք չէ։ Հատկապես, եթե նկատի առնենք եւ այն, որ հանրության մի զգալի մասի հենց իշխանությունն ինքը հոգնեցրել է ինքնանպատակ եւ անբովանդակ անբարեկրթությունից, ու արել է դա հենց միանգամայն նպատակային։ Այդպիսով ձեւավորել է յուրօրինակ պաշտպանական շերտ։ Ու թերեւս խաբկանք է մտածել, թե կոշտ ու երբեմն կոպիտ հռետորաբանությունը՝ որքան էլ արդարացի, բայց ցավեցնում կամ անհանգստացնում է ներկայիս իշխանությանը։ Թերեւս ոչ։ Առավելագույնը, շարունակում է հոգնեցնել հանրության այսպես ասած չեզոք շերտերին։ Իսկ իշխանության համար կարեւոր է հենց դա, որ այդ շերտերը մնան քաղաքականությունից հոգնած ու զզված, որովհետեւ դա ստատուս–քվոյի պահպանման էական նախադրյալներից է։
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ




















































Եթե իդիոտեսը ղեկավարի պոլիտեսին՝ երկուսն էլ կորած են, եթե պոլիտեսը ղեկավարի իդիոտեսին՝ երկուսն էլ փրկված են: Եթե քոչվորը ղեկավարի տեղաբնիկին՝ երկուսն էլ կորած են, եթե տեղաբնիկը ղեկավարի քոչվորին՝ երկուսն էլ փրկված են: Ես չեմ հակադրում պոլիտեսին ու իդիոտեսին եւ քոչվորին ու տեղաբնիկին, եթե աշակերտը սովորեցնի ուսուցչին՝ երկուսն էլ կորած են, եթե ուսուցիչը սովորեցնի աշակերտին՝ երկուսն էլ փրկված են: Եթե գործդ անում ես, հետո անդրավարտիկդ իջեցնում՝ դու դժբախտ ես, եթե սկզբից անդրավարտիկդ ես իջեցնում, հետո գործդ անում՝ դու երջանիկ ես: Կամ երջանիկ կամ դժբախտ, երրորդ տարբերակ չկա, ամեն ինչ մեր ընտրությունից է կախված: Առաջարկում եմ, չմեկնաբանել մեր իդիոտեսների իդիոտությունները, այլ ուսուցչի համբերատարությամբ իդիոտեսից պոլիտես կրթենք ու դաստիարակենք: Ինչպե՞ս: Ինչքան պոլիտեսը հաջողակ ու երջանիկ լինի, այնքան իդիոտեսը կցանկանա պոլիտես դառնալ: Աշխարհի հայ պոլիտեսներ, դարձեք եւ շարունակեք մնալ հաջողա՛կ ու երջանի՛կ եւ մենք ազգովին մեր պետությամբ ու կառավարությամբ միասին փրկված ենք: