Լրահոս
Օրվա լրահոսը

2023-ին պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 110 դատապարտյալ՝ 2022թ․-ի 145-ի փոխարեն

Մարտ 03,2024 12:22

Քրեակատարողական ծառայությունը 2023 թվականին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման  համար հարցի քննարկման վերաբերյալ ստացել է  812 դիմում: Այս մասին ի պատասխան մեր հարցման՝ տեղեկացրել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։ Ընդ որում` անցած տարի քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնում կազմվել է 724 զեկույց, որից 573-ը՝ բացասական, 151-ը՝ դրական։ 2023թ․-ին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել է 110 դատապարտյալ։ Ինչ վերաբերում է 2022 թվականին, ապա կազմվել էր  746 զեկույց, որից 125-ը դրական,  621-ը բացասական։ Հետաքրքիր է, որ 2022թ․-ին  դատարանի որոշմամբ պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել էր 145 դատապարտյալ։

«Պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը գուցե ոմանց համար ոչ արդյունավետ է, ոմանց համար՝ արդյունավետ, բայց ամեն դեպքում որոշում է կայացվել  վերանայել այս ինստիտուտը»,-ասում է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը։ Փոխնախարարը կարեւորում է քրեակատարողական հիմնարկներում վերասոցիալականացման աշխատանքների սկսելը, որոնք արդեն կշարունակվեն պրոբացիայի ծառայությունում։

Օրենսդրական փոփոխություններից հետո պրոբացիայի ծառայությունը պետք է տեղեկություն ապահովվի պայմանական վաղաժամկետ ազատվածների  ապագայի մասին՝ ներառելով դրանց մեջ ընտանեկան հանգամանքները, դատապարտյալի վերաբերմունքը իր կյանքը փոխելու եւ կատարված վնասի հատուցման վերաբերյալ, աջակցություն ընտանիքի եւ գործընկերների կողմից։ Ազատվելուց հետո նախկին դատապարտյալի հետ նախատեսվում է իրականացնել անհատական գործողությունների ծրագիր։ «Ազատազրկված անձը պիտի ըմբռնի, որ ինքը այս դեպքում մեր գործընկերն է, եւ պետք է ինքն էլ անցնի այդ վերասոցիալականացման ողջ ընթացքը»,-նշում է Լեւոն Բալյանը՝ ավելացնելով,  որ անազատության մեջ գտնվողները չպետք է միայն վերասոցիալականացվեն պայմանական վաղաժամկետ ազատվելու համար, այլ ազատազրկվածին դեպի հասարակություն ուղղված վերադարձնելու նպատակով։  

Ի դեպ, «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ն Եվրոպական միության աջակցությամբ՝ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացնում է «Ես փոխվում եմ» ծրագիրը։ Ծրագրի շահառուներն են ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային բաժնում հաշվառված անձինք ու նախկին դատապարտյալները։ «Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում վերասոցիալականացվելու են պայմանական վաղաժամկետ ազատված անձինք, մատուցելու ենք սոցիալ-հոգեբանական, սոցիալ-իրավական, սոցիալ-աշխատանքային որակյալ ծառայություններ»,-ասում է կազմակերպության նախագահ Իրինա Մանուկյանը։ Նրա խոսքով՝ փորձում են պետությանն աջակցել նախկին դատապարտյալների սոցիալականացման գործում։ «Պայմանական վաղաժամկետ մարդն ազատվում է, հաշվառման է կանգնում պրոբացիայի ծառայությունում, մասնակցում նրանց կողմից կազմակերպվող միջոցառումներին։ Մենք ցանկացանք օգնել նրանց, պահանջարկ ունեցող  մասնագիտություններ ուսուցանել մեր շահառուներին»,-նշեց տիկին Մանուկյանը՝ ավելացնելով, որ ծրագրին աջակցում է պրոբացիայի ծառայությունը։ «Շնորհակալ ենք, որ ծրագրին ծանոթանալուց հետո՝ պատրաստակամ աջակցեցին մեզ»,-իր խոսքը եզրափակեց Իրինա Մանուկյանը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031