Լրահոս
Օրվա լրահոսը

Այցելել են սեռական ոտնձգության ենթարկված 2 եւ 5 տարեկան երեխաների ընտանիք, մայրը հերյուրանք է համարել տեղի ունեցածը

Մարտ 11,2024 23:40

Աբովյան քաղաքում, նախնական տվյալներով, հոր կողմից սեռական ոտնձգության ենթարկված 2 եւ 5 տարեկան երեխաները գտնվում են մոր խնամքի տակ:

«Երեխաները մայր ունեն, ադեկվատ մայր է, հայրը՝ ինչ գործողություններ է արել, չգիտեմ՝ կալանավորված է: Տունայցի ժամանակ մեր աշխատակիցները որեւէ արտառոց բան չեն ֆիքսել, երեխաները անկաշկանդ խաղում էին, մայրը հոգատար, ուշադիր, ընտանիքը համալրված է եղել, պապիկ են տանն ունեցել»,- Aravot.am-ին ասաց Կոտայքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Անուշ Ղահրամանյանը:

Նրա տվյալներով՝ 5 ամյա երեխան անցած շաբաթվանից հաճախում է մանկապարտեզ: Տիկին Ղահրամանյանի խոսքով, մանկապարտեզում երեխան որեւէ բան երբեւէ չի պատմել կատարվածի մասին ու նրա վարքագծում որեւէ փոփոխություն մանկապարտեզում չեն նկատել:

«Մենք չգիտենք՝ ահազանգողն ով է եղել, մեր տունայցի ժամանակ, մայրը շատ ուրախ, զվարթ,ընդհանրապես ընտանիքում այդ հարցը չի շոշափվել: Մայրն ասել է, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում, դրանք հերյուրանքներ են: Մոր համար այդ թեման փակ թեմա է: Մեր սոցաշխատողները ֆիքսել են, որ առնվազն 5 տարեկան երեխան ադեկվատ է եղել, մյուսը շատ փոքր է, դեռեւս եզրակացություն տալու համար, երկու տարեկան էլ չկա»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Հիշեցնեք, որ փետրվարի 8-ին հաղորդում էր ներկայացվել իրավապահներին, որ կասկածներ կան, որ Աբովյանում հայրը իր 2 եւ 5 տարեկան զույգ երեխաներին սեռական ոտնձգության է ենթարկել ու 40 հազարի դիմաց երեխաներին սեռական շահագործման է տվել նաեւ ընկերոջը:

Տիկին Ղահրամանյանն ասաց, որ երեխաների հայրն աշխատում էր, մայրը տնային տնտեսուհի է: Մարզպետարանից այս դեպքից հետո հարցուփորձ են արել այս ընտանիքի հարեւաններին, երեխաներին սպասարկող բժշկին, սոցիալական ծառայություններին, ըստ տիկին Ղահրամանյանի, հարցվածները որեւէ արտառոց բան չեն նկատել կամ հայտնել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031