Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի նամակը. Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի

Մարտ 28,2024 16:21

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության նամակն ուղղված ՀՀ առողջապահության նախարարությանն այն մասին, որ, երկրում բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում օրենսդրության պահպանման նպատակով իրականացվող պետական ​​սանիտարական վերահսկողության ընթացքում, արձանագրվել է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող սննդամթերքի շրջանառության փաստ:

Գրության մեջ մասնավորապես նշված է, որ Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ արտադրության բնական կիսաքաղցր, ցածր ալկոհոլային «Այրում» նռան գինու լաբորատոր փորձաքննության արդյունքներով, հայտնաբերվել է սինթետիկ ներկանյութ ազորուբին (E122), ինչն այդ արտադրանքի հավանական կեղծման նշանների ցուցիչ է:

Վերոնշյալի հիման վրա Բելառուսի Հանրապետությունում ժամանակավորապես սահմանափակվել է տարածքում տվյալ ընկերության «Այրում» նռան գինու ներմուծումն ու շրջանառությունը։

Սակայն, Բելառուսի գրության մեջ նշված չէ, թե «Այրում» նռան գինու ո՞ր խմբաքանակում է հայտնաբերվել անհամապատասխանությունը, արդյո՞ք ստուգվել են այլ խմբաքանակներ ևս և այլ մասնագիտական մանրամասներ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, արձանագրելով տվյալ հաղորդագրությունը որպես ահազանգ, Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում կիրականացնի վերահսկողական միջոցառումներ՝ ստուգելու համար Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանությունների հավաստիությունը, ինչպես նաև կդիմի բելառուսական կողմին սահմանափակումների որոշակի մանրամասներ հստակեցնելու համար:

Արդյունքները ՍԱՏՄ-ն կհրապարակի լրացուցիչ հաղորդագրությամբ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031