Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ առավելություններ ունի հավկիթի օգտագործումն առողջության համար

Ապրիլ 01,2024 09:30

Թերևս զարմանալի չէ, որ հավկիթն ամենասննդարար մթերքներից մեկն է համարվում․ մեծ չափսի մեկ եփած հավկիթը պարունակում է վիտամին A-ի օրական նորմայի 8%-ը, ֆոլատի 6%-ը, վիտամին B5-ի 14%-ը, վիտամին B12-ի 23%-ը, վիտամին B2-ի 20%-ը, ֆոսֆորի 7%-ը, սելենի 28%-ը։ 

Հավկիթը նաև բավականին հարուստ է D, E, B6 վիտամիններով, կալցիումով, ցինկով և այլ սննդանյութերով։ Գյուղական պայմաններում բուծված հավերի ածած հավկիթները նաև օմեգա-3 ճարպաթթուների լավ աղբյուր են։ 

Ինչպե՞ս է հավկիթի օգտագործումը նպաստում առողջությանը

  • Հավկիթը բարձրացնում է այսպես կոչված լավ խոլեսթերինի կամ բարձր խտության լիպոպրոտեինների մակարդակն արյան մեջ։ Իսկ բարձր խտության լիպոպրոտեինների բավարար մակարդակը նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների, կաթվածի և այլ հիվանդությունների կանխարգելմանը։

Հավկիթների բաղադրությունը կարող է տարբերվել՝ կախված հավերի պահման ու կերակրման պայմաններից։ Գյուղական պայմաններում բուծված հավերի ածած հավկիթները հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք նույնպես կարևոր դեր ունեն սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման հարցում, քանի որ նվազեցնում են արյան մեջ եռգլիցերիդների մակարդակը։

  • Հավկիթը հարուստ է խոլինով մեկ հավկիթի կազմում այն կարող է գերազանցել 100 մգ-ն։

Խոլինը B խմբի վիտամինների շարքին դասվող կարևոր սննդանյութ է, որն անհրաժեշտ է բջջաթաղանթների ստեղծման համար և մասնակցում է գլխուղեղի ազդանշանային մոլեկուլների արտադրության և մի շարք այլ գործընթացներին։

  • Հավկիթը պարունակում են լյուտեին ու զեաքսանտին հակաօքսիդանտները, որոնք շատ օգտակար են աչքերի առողջության համար, քանի որ հակազդում են դեգեներատիվ որոշ գործընթացներին, որոնք հիմնականում կապված են տարիքային փոփոխությունների հետ։

Այս հակաօքսիդանտները կուտակվում են աչքերի ցանցաթաղանթում, և, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, բավարար քանակով օգտագործվելու դեպքում նշանակալիորեն նվազեցնում են կատարակտի և տարիքային մակուլյար դեգեներացիայի զարգացման վտանգը։ 

Հավկիթն օգտակար է աչքերի առողջության համար նաև վիտամին A-ի պարունակության շնորհիվ, որի անբավարարությունը տեսողության խանգարման պատճառ կարող է դառնալ։ 

  • Հավկիթը բոլոր անփոխարինելի ամինաթթուներով հարուստ սպիտակուցների լավ աղբյուր է։ Սպիտակուցները համարվում են մարդու օրգանիզմի հիմնական շինանյութը․ ահա թե ինչու է կարևոր սննդի միջոցով բավարար քանակությամբ սպիտակուցներ ստանալը։ 

Մեծ չափսի մեկ հավկիթը մոտավորապես 6 գրամ սպիտակուց է պարունակում՝ ընդ որում, բոլոր անհրաժեշտ ամինաթթուներով և դրանց ճիշտ հարաբերակցությամբ։ 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930