Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց եւ դուրս շպրտել»․ ցույց ԱԺ-ի դիմաց

Ապրիլ 09,2024 18:07

«Ադրբեջանի նկրտումներն առ սովետական սահմանների՝ առ ոչինչ են, որովհետեւ Ադրբեջանը հրաժարվել է Սովետական Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց եւ ասել է՝ ցանկացած որոշում, որ ընդունվել է այդ ժամանակ՝ ապօրինի է, ուժ չունի։ Այսինքն, Ադրբեջանի հոխորտումները սովետական սահմանի մասին, մասնավորապես անկլավների, առոչինչ են, որովհետեւ Ադրբեջանն ունի հավակնություն Բաքվից Բաթում այն սահմաններին, որոնցով ինքը հանդես է եկել Ազգերի լիգայում 1919 թվականին եւ իրենք չեն ճանաչել, այսինքն՝ Ադրբեջանն, այն սահմաններին, որոնց նկատմամբ նկրտումներ ունի, ճանաչված պետություն չի եղել»,-այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Միասին» շարժման ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նրա ներկայացմամբ՝ Ադրբեջանի բոլոր հայտարարությունները զավթողական են, իսկ ՀՀ իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը։

Ալավերդյանի խոսքով՝ Փաշինյանն իրավունք չուներ ստորագրել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակող հայտարարության փաստաթուղթը, քանի որ այդ փաստաթղթում այնպիսի տարածքների մասին է խոսքը, որոնց վրա ճանաչված ՀՀ-ի ինքնիշխանությունը չի տարածվում․ «Փաշինյանը գրագետ մարդ չէ, նա տեղյակ չէ այդ փաստաթղթերից, նա տեղյակ չէ, որ ԼՂ-ն կայացել է այն տարածքում, որը երբեւէ չի պատկանել որպես անքակտելի մաս Ադրբեջանին»։

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց՝ այս իշխանությունը խաբեությամբ է եկել իշխանության, տիրացել է ժողովրդի իշխանությանը եւ դա ծառայեցնում է թշնամու շահերին․ «Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանն ու մյուսներն ասում են՝ Տավուշի այդ տարածքները Հայաստան չեն։ Երբվանի՞ց են ասում, ո՞ր պահից են սկսել խոսել այդ մասին։ Այն պահից, երբ դրա մասին խոսել է Իլհամ Ալիեւը»:

Ղազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը չի ծառայում ժողովրդի եւ պետության շահերին, շեղվել է նախընտրական խոստումներից, կառավարության գործունեության ծրագրից․ «Ուրեմն պետք է նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց եւ շպրտել դուրս»։

Հարցին՝ իսկ եթե ձայների բավարար քանակ չլինի՞, Ղազարյանը պատասխանեց՝ պատգամավոր ընտրվում են, որպեսզի ձեւավորվի այնպիսի կառավարություն, որն իրենց խոստումները կյանքի կկոչի, եթե չի անում, ուրեմն իր ծառայողական շահերին հակառակ է գործում․ «Եթե ստացել են կառավարության ծրագրի կատարողականը եւ տեսնում են, որ տարբեր բաներ են իրականության հետ, պարտավոր են հրաժարականի պահանջ ներկայացնել։ Նիկոլ Փաշինյանն ընդամենը վարչապետ է, ԱԺ-ն կարող է մի գումարման ընթացում հինգ անգամ վարչապետ փոխի»։

Հիշեցնենք, որ «Միասին» շարժումը Փաշինյանին անվստահություն հայտնելու պահանջագիր է փոխանցել ԱԺ խմբակցություններին։

Նշենք, որ այսօր ԱԺ-ում  ԱԺ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրը» հրատապ թեմայով քննարկումն էր, որն անցկացվեց փակ նիստով։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930