Լրահոս
Օրվա լրահոսը

Ախուրյանում ՔՊ-ականներն ավագանու դաշնակցական անդամին զրկել են մանդատից․ նա դիմելու է դատարան

Ապրիլ 09,2024 20:30

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում, որտեղ 9 ամիս առաջ տեղի ունեցավ իշխանափոխություն․ ՔՊ-ին ամեն կերպ հաջողվեց ՀՅԴ-ից խլել տեղի իշխանությունը, ինտրիգները դեռ շարունակվում են։

ՔՊ խմբակցությունը, մասնավորապես փոխհամայնքապետ Կարեն Ներսիսյանը վերջին ավագանու նիստում օրակարգ էր բերել Ախուրյանի նախկին փոխհամայնքապետ, «Հաղթանակ» դաշինքի ղեկավար, ՀՅԴ-ական Կարեն Արշակյանի՝ որպես ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։

Նա նախագիծը ներկայացնելիս՝ պարզաբանեց․

«Քանի որ մեր ավագանիները մատների արանքով են նայում ավագանու նիստերին, ես նախագիծ ունեմ․ Կարեն Արշակի Արշակյանի ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին»։

Որպես հիմնավորում՝ ՔՊ-ականները մեջբերեցին Կարեն Արշակյանի անհարգելի բացակայությունները, որոնք, ըստ իշխող ուժի, բացասաբար են անդրադառնում ավագանու գործունեության վրա։

Նրանք վկայակոչեցին նաև «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի» 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի կետի, 70 հոդվածի 2-րդ մասի դրույթները։

Հրապարակեցին, թե քանի բացակա ունի Կարեն Արշակյանը 2023 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 27-ը հրավիրված չորս ավագանու նիստերին։ Կարեն Արշակյանն, ըստ էության, մասնակցել է ավագանու նիստերի մի քանի հարցերի քվեարկությանը՝ մյուսների ժամանակ դուրս է եկել։ Սա ՔՊ-ականները որակում էին որպես անհարգալից վերաբերմունք, երբ առանց թույլտվության կամ նախազգուշացման լքել է նիստը։

Ըստ ՔՊ-ի, Կարեն Արշակյանը, մեկ հերթական նստաշրջանի ժամանակ քննարկված 99 հարցերի քննարկումից մասնակցել է ընդամենը 11 հարցեր քվեարկությանը, անհարգելի պատճառով չի մասնակցել 88 հարցերի քվեարկությանը, որը կազմում է մոտ 90 տոկոս կամ ավելին, քան 50 տոկոսը։

Նշեցին, որ նման նախագծի ընդունմամբ՝ ակնկալում են հետայսու նվազագույնի հասցնել անհարգելի բացակայություների թիվը։

Կարեն Արշակյանը նշեց, որ դատական կարգով է բողոքարկելու։ Նա խոստացավ մյուս նիստին ներկա գտնվել՝ դատարանի հաստատմամբ։

Նաև նաև նշեց, որ ավագանին լիազորված չէ դադարեցնել իր լիազորությունները, այն, ինչ գրված է, անհիմն է, հիմք չի պարունակում։

«Դուք չեք որոշողը՝ ես բացակայել եմ իմ իմ ցանկությամբ, թե առողջական խնդիրների պատճառով կամ որևէ խոչընդոտ է հանդիսացել ավագանու նիստին մասնակցելը։ Ինչ-որ մեկը ճշտե՞լ է, ինչ որ խնդիր եղե՞լ է»,- ասաց Կարեն Արշակյանը։

Նա նաև պարզաբանեց՝ երբ ժամանակին իրենց իշխանությունն էր մտցնում օրակարգ այդ նույն հարցերը, ՔՊ-ականները բացակայում ու չէին քվեարկում, դրանք հիմա ՔՊ-ն է բարձրաձայնում, հիմա էլ ինքը չի մասնակցում։

«Հաստատ իմացեք, որ ավագանու անդամին զրկելու հնարավորություն չեք ունենա»,- ասաց Կարեն Արշակյանը։

Ախուրյանի նախկին համայնքապետ Արծրուն Իգիթյանը նկատեց, որ նախադեպն առաջինն է և ցանկալի կլիներ նախապես քննարկել Կարեն Արշակյանի հետ, պարզել բացակայելու պատճառը։

Փոխմարզպետ Ալբերտ Այվազյանն էլ իր հերթին նկատեց․«Պարոն Իգիթյան, այս նույն գործընթացը իմ դեմ սկսեցիք մի տարի առաջ, մենք նեղվանք, տարաք հասցրեցիք կոռուպցիայի հանձնաժողով, ամբողջ հանրապետությունով մեկ ինձ խայտառակեցիք ու վարկաբեկեցիք։

Մենք նեղվա՞նք, մի բառ ասի՞նք ձեզ, համակերպվեցինք, ես էլ իմ շահերը պաշտպանեցի, ապացուցեինք, որ մենք ճիշտ ենք, դուք սխալ եք: Հիմա թող պարոն Արշակյանը իր շահերը պաշտպանի, ապացուցի, որ ինքը ճիշտ է, մենք սխալ»։

Aravot.am-ը Կարեն Արշակյանից հետաքրքրվեց, թե վիճարկե՞լ է արդյոք ավագանու որոշումը, մենք նաև հարցրեցինք՝ ինչո՞ւ մինչև վերջ չի մնացել նիստերին։

Կարեն Արշակյանն ասաց․ «Նախ ասեմ, որ ավագանին իրավունք չունի ինձ զրկել մանդատից, ՏԻՄ օրենքով նման բան նախատեսված չկա։ Ինձ ընտրել է ժողովուրդը, հետևաբար և միայն ժողովուրդն իրավունք ունի ինձ պահանջներ ներկայացնել։

Երբ ժամանակին մենք համայնքի տնտեսության զարգացմանը վերաբերող նախագիծ էինք մտցնում օրակարգ, այդ նույն ՔՊ-ականները բոյկոտում, չէին մասնակցում, մարզպետն էլ իր հերթին մեր ներդրումային ծրագրերը չէր հաստատում, չէր ստորագրում, հիմա, երբ այդ նույն հարցերը ՔՊ-ն է օրակարգ մտցնում, մարզպետն անմիջապես ստորագրում է։

Չեմ մնացել նիստերին նաև այն պատճառով, որ համայնքապետ Զավեն Մանուկյանն ավագանու նստավայրը քանդեց, իրեն աշխատասենյակ սարքեց, ավագանու նիստերն էլ մի օր Ազատանում են անցկացնում, մի օր Վահրամաբերդում, մենք հո թափառական չենք։

Գուցե իրենք են թափառական՝ այս քաղաքական ուժը, որ փորձում է մի ամբողջ ազգի թափառական դարձնել, նստակյաց կյանքով ապրող ազգի։

Ես բնականաբար դիմելու եմ դատարան»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930