Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29 743 քկմ տարածք ունեցող երկիր է»․ Նիկոլ Փաշինյանը գնալով նվազեցնում է ՀՀ տարածքը

Ապրիլ 10,2024 10:51

«Իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29 743 քկմ տարածք ունեցող երկիրն է՝ ՀՀ-ն»,- ԱԺ նիստում կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելու ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը միջազգային հանրության համար ամենեւին էլ նորություն չէ, միջազգային հանրությունն այն վաղուց է ճանաչել ու ընդունել։ «Որքան էլ զավեշտալի հնչի, այդ մենք ենք, որ երկար ժամանակ չենք ճանաչել, չենք արձանագրել, չենք գիտակցել այս փաստն առնվազն սոցիալ-հոգեբանական մակարդակում, եւ եկել է ժամանակը դա անելու՝ որպես ՀՀ հարատեւ գոյության միակ առհավատչյան։ Եկել է ժամանակը, որ մենք ինքներս ճանաչենք ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- ասաց նա։

Փաշինյանը նաեւ հարցադրում արեց՝ իսկ իրական Հայաստանի հայեցակարգը որքանո՞վ է երաշխավորում ՀՀ անվտանգությունը։ «Պիտի պնդեմ, որ ժամանակակից աշխարհում, եթե գոյություն ունեն երաշխիքներ, դրանք բացասական երաշխիքներ են։ Այսինքն՝ ինչ-որ երաշխիքներով, ինչ-որ չափով ապահովում են միայն բացասական սպասումները, իսկ դրական սպասումների իրականացման երաշխիքներ պարզապես գոյություն չունեն։ Եվ, հետեւաբար, նմանօրինակ պարագայում բացասական երաշխիքների կառավարումն ու չեզոքացումը, այս ուղղությամբ հետեւողական աշխատանքն է, որ կարող է դրական երաշխիք դառնալ։ Ուրիշ ճանապարհ պարզապես չկա։ Իսկ բացասական երաշխիքների չեզոքացումը հնարավոր է միայն լեգիտիմ քայլերի, լեգիտիմ ակնկալիքների, լեգիտիմ փաստարկների եւ հակափաստարկների հիման վրա եւ ընդ որում՝ լեգիտիմ տարածքում գործելու պարագայում»,- ասաց նա։

ՀԳ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից այսօր հայտարարում է, որ պետք է հրաժարվենք պատմական Հայաստանի կոնցեպտից, հայկական տարածքներից, հայ ժողովրդի իրավունքներից, ցեղասպանության հարցից, սակայն ասում է, որ դրա դիմաց անվտանգության երաշխիքներ չենք ունենա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930