Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե երաշխիք ունենանք, կվերադառնանք, իսկ թուրքի հետ պետք է զենքային երաշխիք ունենալ»․ Արծվաշենի համայնքապետ

Ապրիլ 21,2024 16:26

Արծվաշենի համայնքապետ Մամիկոն Խեչոյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձել է հարցին՝ եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Արծվաշեն վերադառնալու հնարավորություն լինի, արծվաշենցիները կվերադառնա՞ն, ստեղծված իրավիճակում ինչպե՞ս է հնարավոր ադրբեջանցիների կողքին խաղաղ ապրել, անվտանգային ի՞նչ երաշխիքներ պետք է լինեն։

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները համատեղ որոշման հիման վրա հայտարարություն էին տարածել, որում նշված է, որ  «նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը»: Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից տեղեկացրել են, որ հանձնաժողովները պայմանավորվել են, որ համաձայնեցնելու են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի մնացած հատվածների սահմանազատման հերթականությունը․ «Եվ այս համատեքստում անդրադարձ են կատարելու նաեւ անկլավ/էքսկլավների հարցին: Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող հրաժարվել այս խնդրից, որովհետեւ Արծվաշենը մեր երկրի ինքնիշխան տարածքի մի մասն է: Մենք պատրաստվում ենք սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն էքսկլավ/անկլավի գոյությունը, եւ նման հիմնավորումներ ՀՀ կառավարությունն ունի, որից հետո արդեն կիրականացվի սահմանազատման բուն գործընթացն Արծվաշենի շուրջ»։

Արծվաշենի համայնքապետ Մամիկոն Խեչոյանի խոսքով՝ արծվաշենցիները պատրաստ են վերադառնալ, բայց անվտանգության հարցը մտահոգիչ է։ «Թուրքերի հետ այդ բարիդրացիական ապրելը չենք պատկերացնում։ Այս պայմաններում, երբ ատելության մթնոլորտում սերունդ է մեծացել, ո՞վ իր երեխուն կվերցնեի կգնա Արծվաշեն, նրանք էլ կասեն՝ բարով եք եկել ու կգրկախառնվե՞ն։ Մենք 3000 բնակչությամբ շրջապատված ենք եղել 40 հազար թուրքով, սովետի տարիներ էին, բայց այնպես չէր, որ ջերմ եղբայրական հարաբերություններ էին, եթե մեկը մյուսին բռներ, կմորթեր։ Հիմա նրանց հետ խաղաղ ապրելը ես չեմ պատկերացնում, թե ոնց կարող է լինել։ Այսինքն՝ պետք է այդ անկլավում ապրող մարդու համար հստակ երաշխիքներ պետք է լինեն։ Այնպես չէ, որ այս թշնամական մթնոլորտը նոր է, 1905 թվականին էլ է Արծվաշենում շատ ուժեղ պատերազմ եղել, էլի որոշել էին հայերին հանել, թալանել ունեցվածքը»,- ասաց նա։

Մամիկոն Խեչոյանը հավելեց, որ նախկինում Մոսկվայից մարդիկ էին եկել Արծվաշեն՝ որոշելու, թե բնակչության անվտանգությունն ապահովելու համար ի՞նչ միջոցառումներ պետք է իրականացվեն։ «Եվ պարզվեց, որ 3000 մարդու պաշտպանելու համար 11 000 զինվոր է պետք, 50 կմ շառավղով պետք էր դիրքեր դնել։ Դա եւ հիմա հնարավոր չէ, եւ այն ժամանակ հնարավոր չէր»,- ասաց նա։

Խեչոյանի խոսքով․ «Արծվաշենում թուրքերը քարը քարի վրա չեն դրել, թուրքը մի քիչ զգույշ է Արծվաշենի հարցում։ Ադրբեջանական պաշտոնական լրատվությունը ասում է՝ սա ձեր Արծվաշենը, սա դուք, մենք Արծվաշենի նկատմամբ հավակնություններ չունենք։ Եվ իրենք դա գործնականում էլ են ցույց տալիս»։

Արծվաշեն համայնքը տեղակայված է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ բնակավայրում եւ 100 տոկոսով ֆինանսավորում է ստանում։ Մամիկոն Խեչոյանն ասում է, որ արծվաշենցիները սիրում են կոմպակտ համայնքով ապրել։ Համայնքն ունի մոտ 3000 ներկայացուցիչ, որոնց 65 տոկոսը հենց Ճամբարակ քաղաքում են ապրում, մնացածը՝ Ճամբարակ խոշորացված համայնքում։ 1992 թվականից Արծվաշենը անցավ ադրբեջանական վերահսկողության տակ, եւ մինչ օրս, ըստ համայնքապետի, ընդամենը մոտ 30 ընտանիք է արտագաղթել։ «Ինչպես արցախցիներն են ասում, նույնը մենք ենք ասում՝ եթե երաշխիք ունենանք, կվերադառնան, իսկ թուրքի հետ պետք է զենքային երաշխիք ունենալ, ոչ թե թղթի վրա գրված պայմանագիր, որ՝ ես քեզ չեմ մորթելու, դու էլ ինձ չես մորթելու»,- ընդգծեց Խեչոյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930