Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանները կոպիտ ուժով փորձեցին բացել ճանապարհը․ Գառնիկ Դանիելյանի եւ մեկ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ

Ապրիլ 25,2024 15:25

Կիրանց–Ոսկեպար ճանապարհին, որտեղ քաղաքացիները բողոքի ցույց են անում ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի եւ ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացավ, երբ ոստիկանները բիրտ ուժի դիմեցին, ցույցի մասնակիցներին հրելով փորձում էին բացել ճանապարհը։

Մինչ այդ, քաղաքացիական հագուստով անձը, որը ենթադրաբար ոստիկան է, դիմեց Դանիելյանին, հորդորեց երկու րոպեից բացել ճանապարհը, հակառակ դեպքում ուժով են բացելու, ինչին ի պատասխան պատգամավորն ասաց․ «Ճանապարհը քաղաքացին է փակել, հենց հիմա ականազերծման աշխատանքներ են անում, որ ադրբեջանցիներին հրավիրեն Տավուշի մարզ։ Թուրքը չի մտնելու Տավուշ։ Ես չեմ խախտում հասարակական կարգը, Նիկոլն է խախտում, սա ապօրինի գործընթաց է»։

Ապա ոստիկանները սկսեցին մարդկանց հրել, ճանապարհի մեջտեղից հեռացնել, իրավիճակը լարվեց, քաղաքացիները դիմադրում էին։

Քաշքշոցի ու հրմշտոցի հետեւանքով Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացավ, նա ընկավ գետնին, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Ոստիկանությունը բերման է ենթարկել փողոցը փակած քաղաքացիներին։ Ցույցի մասնակիցներից մեկի ոտքն է վնասվել։

Մանրամասները՝ տեսանյութում

Նշենք, որ անհնազանդության ցույցեր են սկսվել հանրապետության մի շարք հատվածներում։

«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ ժամը 12:24-ի դրությամբ փակ է եղել Երեւան-Թբիլիսի ավտոճանապարհը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհը, Երեւան- Մարտունի ավտոճանապարհը, Երեւան- Մեղրի ավտոճանապարհը։ Բողոքի ցույցեր են նաեւ

։ Տավուշի գյուղերի դպրոցներից մի քանիսում դասադուլ է։

Կիրանցում քաղաքացիները ճանապարհը փակ են պահում։

Այսօր 7-րդ օրն է, ինչ տավուշցիները փակ են պահում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը։ Բողոքի ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները համատեղ հայտարարություն տարածեցին, ըստ որի՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: Այսինքն, Ադրբեջանին փոխանցվում են, ըստ հայտարարության, ադրբեջանական գյուղերը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930