«Դիվանագիտությունը վերջացել է իրենցով, քանի որ հանձնվողը չի կարող դիվանագիտություն անել։ Դիվանագիտությունն այն ժամանակ էր, երբ որ Հայաստան պետությունը՝ Արցախի հետ մեկտեղ, արժանապատիվ ներկայանում էր ամբողջ աշխարհում եւ հարգանքով ու պատվով ընդունվում աշխարհի ցանկացած անկյունում, այդ թվում նաեւ իր թշնամիների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից»,- «Հայելի» մամուլի ակումբում կարծիք հայտնեց արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն՝ անդրադառնալով օրերս խորհրդարանում ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանի հայտարարությանը, որ վերջապես Հայաստանը դիվանագիտություն ունի։
Ձյունիկ Աղաջանյանն իշխանականներին հիշեցնում է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի որեւէ ղեկավար մեր երկրի կամ մեր երկրի ղեկավարների մասին որեւէ անվայելուչ արտահայտություն թույլ չէր տալիս իրենց, իսկ այժմ անընդհատ են վիրավորում ու պիտակավորում՝ որեւէ պատասխան չստանալով, ինչը լրացուցիչ հիմնավորումն է՝ ՀՀ իշխանության՝ նրանց կողմից դրածո լինելու։
Անդրադառնալով խորհրդարանում, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի արած հայտարարություններին էլ, Ձյունիկ Աղաջանյանը նախ ասում է, որ իր համար տխուր եւ հիասթափեցնող էր արտաքին քաղաքականության մասով կատարողականի ներկայացումը, երբ խոսքը հատկապես այն տարվա մասին էր, որ կորցրեցինք հայկական Արցախը՝ էթնիկ զտման միջոցով, երբ 150 հազար արցախահայեր անտուն ու անօթեւան մնացին եւ եթե չլիներ Հայաստանի ժողովուրդը՝ իր պատրաստակամությամբ, այդ մարդիկ այսօր փողոցում կլինեին՝ հաշվի առնելով այն փաստը, թե ՀՀ իշխանությունն ի՞նչ դանդաղկոտությամբ, ի՞նչ որակի եւ ինչպիսի՞ աջակցություն է ցուցաբերում։
Արարատ Միրզոյանի «նյարդային ու բուռն» կեցվածքն էլ, բանախոսի դիտարկմամբ, հարիր չէր դիվանագետին։ Ձյունիկ Աղաջանյանը վստահ է՝ ՀՀ իշխանությունը սպասարկում է թշնամու օրակարգը, որի մի մասն էլ այն է, որ արցախահայությունը հույսը կտրի երբեւէ Արցախ վերադառնալու հնարավորությունից, հլու-հնազանդ կուլ տան կորստի հանգամանքը եւ իրենց իրավունքների պաշտպանության համար անգամ ջանք չգործադրեն։ Դրանով է նա պայմանավորում արցախահայերին ՀՀ քաղաքացիությունից զրկելը ու հետագայում ինչ-ինչ ծրագրերում ընդգրկվելու համար ստիպելը՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել, որ Արցախի գրանցում ունենալու փաստը չկարողանան օգտագործել՝ որեւէ հավակնությունների համար, այն պարագայում, երբ Ադրբեջանը 30 տարի արհեստականորեն փախստականների ճամբարներ էր պահում՝ հենց հավակնություններ դրսեւորելու համար։
Կարդացեք նաև
Իր գնահատմամբ, Արարատ Միրզոյանը «փափուկ բարձ» էր դնում՝ ասելով, թե երկու երկրների Սահմանադրություններում էլ խնդիրներ կան, ինչի պատասխանն, ի դեպ, Բաքվից չուշացավ, բայց ինքը վստահ է՝ «պահը կգա եւ իրենք սիրուն կկատարեն, եթե, իհարկե, չկարողանանք նրանց ձեռքը բռնել»։
Թուրքիայի հետ հարաբերությունների մասով էլ բանախոսն ասում է՝ ՀՀ իշխանությունն արդեն իսկ կատարել է Թուրքիայի նախապայմանները՝ Արցախը հանձնել է, Ցեղասպանության հարցը կասկածի տակ է դրել, Արարատի մասին չեն խոսում, միայն Արագածն են հիշում, մնացածն էլ Ադրբեջանի միջոցով է առաջ տանում։
Նա համամիտ է Արարատ Միրզոյանի հետ, որ մտածողությունն էր պատճառը, որ այս վիճակում ենք․ «Այո, իր խոսքերը ճիշտ են, բայց հակառակ ուղղությամբ՝ իրենց մտածողությամբ․ երբ մտածում էին, որ արեւմտյան արժեքները եւ ԱՄՆ-ի ներքո գործելու պարագայում իրենք կարող են չաղ ու բախտավոր ապրել՝ հայրենիքը, ազգը, ժողովուրդն ու ինքնությունը վաճառելով։ Մենք հիմա տեսնում ենք այդ գործողությունների հետեւանքները եւ այդ կոտրած տաշտակը, որի առաջ բերեցին իրենք»։
Ձյունիկ Աղաջանյանը նկատում է՝ եթե նախկինում քննադատում էինք թե Փաշինյանը Հայաստանը կանգնեցնում է «թուրքական վիլայեթ» կամ «ռուսական գուբերնիա» ընտրության առջեւ, ապա, այժմ ստացվում է՝ «Ադրբեջանի տնտեսական գոտի», որը ադրբեջանական վերաբնակեցման կեղծ թեզերի անվան ներքո, սեփականաշնորհվելու է այդ երկրի կողմից․ «Ես, իհարկե, հույս ունեմ, որ գործը դրան չի հասնի եւ սկսված պայքարը՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի հաջող հանգրվանի կհասնի՝ հեռացնելով նրան եւ նրան սատարող խմբակին իշխանության ղեկից՝ հնարավորության տալով մեր պետությանը գոյատեւելու, ժողովիդին՝ ինքնությունը պահպանելու եւ արժանապատիվ կերպով հայրենիքի այս մի փոքր կտորի վրա ապրելու հնարավորություն»։
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը, որը բանախոսի կարծիքով, ինքնության պաշպանման մասին է, որոշակի դրական տեղաշարժեր է արձանագրում․ բավական բարդ գործընթաց է տարիներ շարունակ արմատներ գցած ստի եւ կեղծիքի շերտերը քերելը, մանավանդ, 2018-ը ամբողջովին մսխեց որեւէ վստահության հավանականությունը։ Իսկ Նիկոլ Փաշինյանի վարքագիծն այս ընթացքում՝ հեծանիվ քշել եւ այլն, Ձյունիկ Աղաջանյանը կարծում է, որ բժշկական ոլորտի մասնագետների գործ է։ Տարբեր նյարդային արտացոլանքները, իր բնութագրմամբ, իշխանության սասանության դրսեւորում են։
Վերջերս ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն էր խոսել Բաքվի բանտերում գերեւարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մասին, նրանց անվանելով՝ «5-րդ շարասյուն»։ Ձյունիկ Աղաջանյանի դիտարկմամբ՝ սամվելբաբայանական դրսեւորումն են այն 5-րդ շարասյան, որի պատճառով կորցրեցինք Արցախը․ «Այդ մարդկանց եւ նրանց սատարողների պատճառով էր, որ ներկայիս դրածո իշխանությունը կարողացավ իր թունավոր շոշափուկները ներմուծել Արցախ, մարդկանց ուղեղներում ներդնել անվտանգության փոխարեն նյութական բարեկեցության ակնկալիքը, որի արդյունքում մենք զրկվեցինք հայապատկան եւ հայաբնակ Արցախից»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































