Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Երանոսյանի վերաբերյալ լիներ մեղադրական դատավճիռ, ոստիկանության որևէ սպա ապօրինի հրաման չէր կատարելու». Նինա Կարապետյանց

Հունիս 06,2024 18:15 Share

«Որևէ կերպ այս գործընթացները չեն կարող ազդել ամենակարևոր բաղադրիչներից մեկի՝ հասարակության վստահության ամրապնդման վրա։ Այն գործընթացը, որը տեղի է ունենում հիմա, որևէ կերպ, որևէ ձևով չի բարձրացնում այդ վստահությունը»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Սերժ Սարգսյանն արդարացվեց, Լևոն Երանոսյանը համաներվեց․ ինչո՞ւ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Ըստ նրա՝ այս ամենը սկսվել է 2019-ին, երբ սկսեցին փակվել Էլեկտրիկ Երևանի, Սարի թաղի գործերը, լրագրողների նկատմամբ գործերը․ «2019-ից ասում եմ՝ հատկապես այնտեղ, որտեղ ոստիկանության հետ փոխկապակցված գործեր են, գալու է ժամանակ, երբ այս իշխանությունը նույն տրամաբանության մեջ նույն բովանդակությամբ, ձևերով օգտագործելու է ոստիկանությանն իր իշխանությունը պահելու համար, ու դա է միակ պատճառը, որ այսօր էդ գործերը փակվում են։ Եթե մի հատ պատժված մարդ լիներ, ոստիկանությունն ապօրինի հրաման չէր իրականացնի»։

Նինա Կարապետյանցը փաստեց՝ Էլեկտրիկ Երևանի գործը Սերժ Սարգսյանի ժամանակ չէր կարճվել․ «Իրենք հասկանում էին, որ չի կարելի կարճել այս գործերը։ Սարի թաղի գործը կարճվեց, լրագրողների նկատմամբ բռնությունը կարճվեց, Քոչարյանը ստացավ արդարացում, Սերժ Սարգսյանը ստացավ արդարացում, Լևոն Երանոսյանին համաներումով ու վաղեմության ժամկետով ազատեցին։ Սա է ռեալ բարեփոխումների շոշափելի արդյունքը, որը հասարակությունը պիտի իմանա։

Մենք արձանագրում ենք, որ մարդիկ, որոնք պետք է պատասխանատվության ենթարկված լինեին կամ գործերը կարճվել են, կամ արդարացվել են։ Անգամ Սերժ Սարգսյանի ժամանակ մարտի 1-ի գործն ընթացքի մեջ էր․ ճիշտ է՝ քնեցված, բայց մարդը հասկանում էր, որ այս տեսակի գործը չի կարելի փակել, բայց Նիկոլ Փաշինյանի ժամանակ պետք է հասարակությունն իմանա՝ այս գործերով ստացել են արդարացում։

Սա անպատկերացնելի բան է։ Ինչո՞ւ փակվեց Երանոսյանի վերաբերյալ գործը, քանի որ տեսնում ենք՝ փողոցում ինչ է անում ոստիկանությունը։ Եթե Երանոսյանի վերաբերյալ լիներ մեղադրական դատավճիռ, ու ինքը լիներ քրեակատարողական հիմնարկում, ոստիկանության որևէ սպա ապօրինի հրամաններ չէր կատարելու։ Լևոն Երանոսյանի գործը փակելու միակ պատճառը դա է եղել։ Այլ տրամաբանական գիծ ու կապ ուղղակի չկա»։

Հիշեցնենք՝ ՀՀ նախկին ոստիկանապետի տեղակալ Լևոն Երանոսյանը մեղավոր ճանաչվեց իշխանությունը չարաշահելու հոդվածով, 4 տարվա ազատազրկման դատապարտվեց, սակայն ազատվեց պատժի կրումից՝ համաներման ու վաղեմության ժամկետի հիմքով։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930