Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղյակ չեմ որևէ ստուգման մասին»․ Ռուստամ Բադասյանը՝ ՊԵԿ-ի կողմից «Տոյոտա Երևան» ընկերությունում ստուգումների մասին

Հոկտեմբեր 10,2024 15:00 Share

«Տեղյակ չեմ որևէ ստուգման մասին։ Կարծես վերջերս չեմ տեսել նման բան։ Պետք է իմանամ՝ գիտե՞ք, օրը քանի ստուգում է տեղի ունենում․ ռիսկերի համակարգն է որոշում, թե որտեղ, ինչ են ստուգում։ Անկեղծ ասում եմ՝ չգիտեմ՝ կարող ենք ճշտել, հրապարակել՝ ստուգումներ կան, թե՝ ոչ»,- հարցին՝ «Տոյոտա Երևան»-ում ստուգումներ իրականացվո՞ւմ են, ինչպես մամուլում լուրեր են տարածվել, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Էլեկտրոմոբիլների քվոտաների հարցի հետ կապված խնդրի մասին Ռուստամ Բադասյանն ասաց․ «Այդ քվոտաներն արագ սպառվում են։ Այս տարի մեր քաղաքացիներն ավելի շատ են ներմուծել էլեկտրոմոբիլներ արտոնյալ պայմաններում՝ արդեն 7400 էլեկտրոմոբիլ, որոնք ԱԱՀ-ից ազատված են։ Ընդհանուր քվոտաները 8000-ն են, 600 քվոտա պահել էինք լրացուցիչ դեպքերի համար»։ Ռուստամ Բադասյանը պարզաբանեց՝ այդ 600 քվոտան պահվել էր այսպիսի դեպքերի համար, որ որոշում կայացվի՝ ում տրամադրել՝ իրավաբանական անձա՞նց, թե՝ ֆիզիկական։ Որոշվել է ֆիզիկական անձանց տրամադրել այդ քվոտաները։

Լրագրողները փաստեցին՝ Արաբական թերակղզում պատերազմական վիճակի պատճառով խնդիրներ են առաջացել․ մեքենաների՝ ՀՀ հասնելը ձգձգվում է, այդ դեպքում ՊԵԿ-ը ունի՞ ընդառաջման մեխանիզմներ, ՊԵԿ նախագահը պատասխանեց․ «Լոգիստիկ խնդիրներ կան, բայց մենք ինչ-որ չափանիշ հիմք պետք է ընդունենք, իսկ չափանիշն այն է, թե որ մեքենան է առաջինը ձևակերպվում»։

Գազի ու բենզինի ոլորտում խոշոր ընկերությունների՝ ստվերային դաշտում գործելու մասին Ռուստամ Բադասյանն ասաց․ «Երկու տեղում էլ ստվերի մասով լուրջ խնդիր ենք տեսնում։ Կան ընկերություններ, որոնք հաստատակամորեն իրենց վարքագիծը չեն փոխում, և ընդհանուր առմամբ ոլորտը ինձ համար խիստ մտահոգիչ է։ Գրեթե բոլոր խոշոր ներմուծողները և ընկերությունները խնդիր ունեն ստվերի հետ։ Ցավոք, շարունակում են նույն վարքագիծը դրսևորել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031