ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ նշեց՝ 2023-ին ԵՏՀ խորհրդի որոշմամբ՝ 2024-2025-ի համար ՀՀ-ն ստացել է 8000 էլեկտրոմոբիլներ առանց մաքսատուրքի ներմուծելու հնարավորություն, և 2023-ի դեկտեմբերի 28-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել 2024-ի համար նախատեսված 8000-ից բաշխել 7400-ը, իսկ 600-ը պահել, որ այն ընկերությունները, որոնք դիլերական պայմանագրերի հիման վրա են կատարում ներմուծումներ, իրենց ապահովագրեն և անխոչընդոտ ներմուծում իրականացնեն․ «Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ նախորդ տարիներին երբևէ 8000-ի շեմը չի մոտեցել վերջնակետին, սակայն այս տարի մեր քաղաքացիների կողմից աննախադեպ ակտիվություն է եղել, և հոկտեմբերի 1-ի դրությամբ 7400 մեքենաների սահմանաքանակը ամբողջությամբ ավարտվել է։ Կարիք կա նորից 600-ը բաշխելու։ 7400-ի 71 տոկոսը ֆիզիկական անձինք են, մնացածը՝ իրավաբանական անձինք»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ սովորաբար՝ այդ թվում էլեկտրամոբիլ ներմուծելիս քաղաքացիները կամ իրավաբանական անձինք պետք է վճարեն ԱԱՀ՝ ձեռքբերման գնի 20 տոկոսի չափով և մաքսատուրք՝ ձեռքբերման գնի 15 տոկոսի չափով․ «Մենք կայացրինք որոշում, որ ԱԱՀ չենք գանձում էլեկտրամոբիլների ներմուծման պարագայում։ ԵԱՏՄ-ի շրջանակներում մյուս կողմից սահմանվեց 8000 քվոտա։ Ստացվել է այնպես, որ այդ քվոտան սպառվելուց հետո քաղաքացիները էլեկտրական շարժիչով ավտոմեքենա ներմուծելիս էլի ԱԱՀ չեն վճարի, բայց կվճարեն մաքսային տուրք։ Սա կարևոր նրբություն է․ նույնիսկ այս քվոտան սպառելուց հետո արտոնյալ միջավայրն էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներկրման համար պահպանվում է․ դա չի վերաբերում մաքսատուրքին, որը վերպետական խնդիր է»։
Դիմելով Գևորգ Պապոյանին՝ Նիկոլ Փաշինյանը հարցրեց․ «Ձեր ասածից ճի՞շտ եմ հասկանում, որ և′ իրավաբանական, և′ ֆիզիկական անձինք, ինչքան էլ բարեհունչ չի, ով շուտ հասավ մաքսային կետ, թղթերը ձևակերպեց, ինքն այս արտոնությունից կօգտվի»։
Գևորգ Պապոյանն ասաց՝ ճիշտ եք հասկանում։ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ինքը մի քիչ նուրբ թեմա է․ ֆոտոֆինիշի կարիք հուսամ՝ չենք ունենա վերջում, թե ով ավելի շուտ հասավ մաքսային կետ։ Կարևոր է ընդգծել, որ արտոնյալ ռեժիմը, միևնույն է, պահպանվում է»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց՝ 2025-ի հունվարի 1-ից էլի 8000-ի ռեժիմը մտնում է ուժի մեջ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































