«Հայասաթ-1» արբանյակի հետ կապված որևէ աղմկահարույց տեղեկատվության ես չեմ տիրապետում։ Միջազգային պրակտիկա չկա, որ պահանջեն՝ արբանյակներն իջեցնել, նորմալ աշխատանքային գործընթաց է»,-ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նշենք, որ լուրեր էին տարածվել, որ այլ երկրների կառավարություններ պնդել են, որ իրենց արբանյակների աշխատանքի խափանում է գրանցվել հենց «Հայասաթ»-ի պատճառով։ Ըստ տարբեր մասնագետների՝ տիեզերք ուղարկված արբանյակները այլ երկրների արբանյակների գլխին պատուհաս են դարձել, խափանել շատ երկրների արբանյակների կամ դրանց ծրագրերի մի մասի գործունեությունը: Ըստ մամուլի հրապարակումների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակներ են հղել տարբեր երկրների կառավարություններից, հորդորել են հետ իջեցնել արբանյակը, քանի որ ոչ պրոֆեսիոնալ եւ չհաշվարկված է եղել աշխատանքը, որակը եւ մեկնարկը:
Մխիթար Հայրապետյանը վստահեցրեց՝ արբանյակը նորմալ գործում է: «Արբանյակը շուրջ 490-500 կմ բարձրության վրա է գտնվում, այս պահի դրությամբ անում է լուսանկարներ, արբանյակը չգործելու, կամ արբանյակը գոյություն չունենալու մասին ես տեղեկատվություն չունեմ, ավելին, երեկ նույնիսկ տեսել եմ լուսանկարներ, երեկ արված լուսանկարներ»։
Մխիթար Հայրապետյանն ասաց, որ արբանյակի կառավարումն ամբողջությամբ անցել է մեր մասնագիտական թիմերին, ինչը հնարավորություն է տալիս պարբերաբար արբանյակի հնարավոր անսարքությունների, տեխնիկական վիճակի մասին ունենալ կոնկրետ պատկերացումներ։
Կարդացեք նաև
Լրագրողները հիշեցրին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ այս արբանյակի՝ օդ բարձրանալուն զուգահեռ` տիեզերքի բացահայտումերի դարաշրջան ենք սկսելու և հետաքրքրվեցին՝ այդ դարաշրջանը բացվե՞ց, Մխիթար Հայրապետյանն արձագանքեց․ «Մի պահ եկեք պատկերացնենք ու վեր հանենք այն բոլոր երկրները, որոնք նման հավակնություններ են ունեցել։ ՀՀ-ի համար եղել ու մնում է արբանյակի՝ օդ բարձրանալը իբրև մեծ իրադարձություն։ Սա միտված է ապագային։ Մենք տիեզերական գործունեության գիտատեխնիկական այս ուղղության մեջ մեծ ներդրումներ չենք ունեցել նորանկախ ՀՀ-ի պատմության մեջ։ Մենք, այսպիսով` հայտ ենք ներկայացնելու տիեզերքում մեր ներկայացվածությունն ունենալու համար։ Մենք տիեզերքում ունենք մեր եռագույնը՝ արբանյակների տեսքով։ Սա հռչակագրային հայտարարություն չէ, կենաց չէ, այլ հայ մասնագետներն առաջին անգամ այս հնարավորությունն ունեն, քանի որ միայն արբանյակ ունենալու պարագայում կկարողանան հասկանալ, թե ինչպես է հնարավոր կառավարել արբանյակը, շտկել որոշակի ի հայտ եկող խնդիրները։ Սա տալիս է հնարավորություն տիեզերական գործունեության մեր ռազմավարական քայլերում ունենալ շատ ավելի հողեղեն պատկերացումներ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































