Լրահոս
Օրվա լրահոսը

«Օդի աղտոտվածության մակարդակը նվազեցնելու նպատակով քաղաքապետարանը լիազոր մարմինների հետ քննարկում է ձմռան ամիսներին լրացուցիչ կանխարգելող միջոցառումներ անելու հնարավորությունը»

Դեկտեմբեր 12,2024 17:20 Share

Պարզաբանում՝ օդի աղտոտվածության ցուցանիշների վերաբերյալ

Երևանում յուրաքանչյուր տարի ձմռան ամիսներին, օդերևութաբանական անբարենպաստ պայմաններով (օդերևութաբանական պայմաններ, որոնք նպաստում են վնասակար նյութերի կուտակմանը մթնոլորտի գետնամերձ շերտում) պայմանավորված, դիտվում են օդում փոշու պարունակությունների աճ։ Դա ցույց են տալիս նաև 2022 թվականից Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված օդի որակի դիտարկիչ սարքավորումները։

Այս ժամանակահատվածում մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրներին (շինարարություն, տրանսպորտ, բաց հանքերի շահագործում) ավելանում են ջեռուցման նպատակով վառելիքի տարբեր տեսակների այրումը, որը բերում է օրգանական փոշու, ծխի ավելացմանն օդում։

Հատկապես մասնավոր տների գերակշռությամբ թաղամասերում դա զգալիորեն մեծացնում է օդի աղտոտվածության մակրդակը, որովհետև բնական գազից բացի այրում են նաև վառելափայտ, տարատեսակ իրեր և թափոններ։ Հորդորում ենք քաղաքացիներին՝ զերծ մնալ արտադրության, սպառման կամ տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում կամ բնակավայրերում կամ դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում կամ վառարաններում այրելուց, քանի որ դա առաջացնում է «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 85․1 հոդվածով պատասխանատվության միջոցների կիրառում։

Երևանը գտնվում է գոգավորությունում և քաղաքի օդափոխությունն ապահովող գլխավոր գործոնը լեռնահովտային քամիներն են, որոնք ամեն երեկո փչում են Գեղամա լեռների լանջերից դեպի Արարատյան գոգավորություն՝ թարմ օդ բերելով քաղաք և ցրելով գոգավորությունում կուտակված օդը։ Սակայն այդ քամիները հոկտեմբեր ամսվա վերջերից դադարում են և մինչև մարտ չեն փչում, Երևանի օդափոխությունը խաթարվում է, և Արարատյան գոգավորությունում հաստատվում է ջերմային շրջադասություն։ Սառը օդը կուտակվում է տեղանքի ցածրադիր հատվածներում և երկար ժամանակ մնում։ Ըստ այդմ, օդում փոշու մասնիկները սեղմվում, կուտակվում մթնոլորտի ստորին շերտերում և աղտոտվածության մակարդակը ավելանում է՝ մթնոլորտի գետնամերձ շերտում ձևավորվում է ֆոնային բարձր աղտոտվածություն։

Հաշվի առնելով այս հանգամանքները և մայրաքաղաքում ձևավորված մթնոլորտային օդի ֆոնային բարձր աղտոտվածությունը՝ Երևանի քաղաքապետարանը մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր պետական մարմինների հետ քննարկում է ձմռան ամիսներին լրացուցիչ կանխարգելող միջոցառումներ անելու հնարավորությունը` աղտոտվածության մակարդակը նվազեցնելու նպատակով։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031