«Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դպրոցն է այդ պարտվողականությունը, այդ թուլամորթության քարոզը կատարում, որը մինչեւ հիմա կարկառուն ձեւով արտահայտվում է հայկական քաղաքական դաշտում: Որի պատճառով են նաեւ մեր բազմաթիվ բարդույթները ու ռազմաքաղաքական պարտությունը: Չեմ տեսնում այստեղ բանավիճելու որեւէ դաշտ»,- այսպես է արձագանքում Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի պնդումներին, թե ՀՀ-ում ԵՄ անդամակցության պահանջով իրականացված ստորագրահավաքն արվում է՝ «Սեփական ժողովրդի վրա պատրանքներ վաճառելու համար»։
«Հայաստանն անում է այն, ինչ պետք է աներ վաղուց, ինչը մեզ վաղուց առաջարկում էին ԱՄՆ-ը, Եվրոպան, ինչը օրեր առաջ հաստատում էին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Անջեյ Դուդան: Արդյոք պե՞տք է բաց դուռը ջարդենք, որ ցույց տանք, որ դա բետոն չէ, այլ բաց դուռ է»,- հավելեց Խզմալյանը:
Նրա խոսքով, ՀԱԿ-ը՝ նախկին ՀՀՇ-ն էր հենց հայ ժողովրդի առջեւ փակում Եվրոպա տանող դուռը. «Բետոնե պատ չկա, իրենք էին փակում հայ ժողովրդի առջեւ այդ դուռը, բայց այդ դուռը բաց է, իրականում ոչ մի դուռ էլ չկա»:
Տիգրան Խզմալյանից հետաքրքրվեցինք՝ իր համար պա՞րզ է Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական կուրսը ո՞րն է, ի՞նչ է նշանակում օրինակ ՀԱՊԿ-ից դուրս չգալ, բայց սառեցնել անդամությունը, ի պատասխան Խզմալյանն ասաց. «Ոչ ինձ համար էլ պարզ չէ, բայց մենք չենք սահմանափակվում այդ ակնհայտ բաները կրկնելով: Մենք քաղաքական աշխատանք ենք տանում: Այդ ստորագրահավաքը սահմանադրական ձեւով ճնշում էր կառավարության վրա ժողովրդի անունից, որ մենք ստիպենք կառավարությանը առերեսվել իրականության հետ: Իրենք դա արեցին, ես տեսնում եմ, որ դա միակ ճիշտ ճանապարհն էր, ուրիշ ճանապարհները տանում են ռուս-թուրքական թակարդ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































