Aravot.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի ՄԻՊ-ը մամուլից տեղեկանալով Մանե Թանդիլյանի առողջական վիճակի վատանալու մասին՝ հացադուլի չորրորդ օրը որոշել էր այցելել նրան եւ մյուս հացադուլավորներին, սակայն տիկին Թանդիլյանը հրաժարվել էր հանդիպել:
Կառավարության այսօրվա նիստից հետո Անահիտ Մանասյանը անդրադառնալով այդ տեղեկությանը՝ տարակուսանք էր հայտնել՝ նշելով, որ նման իրավիճակ չի եղել, իրենց ընդամենը տեղեկացրել են, որ տվյալ պահին տիկին Թանդիլյանը քնած է, նաեւ թույլ է հաղորդակցության համար:
Մենք որոշեցինք իրականությունը պարզել անձամբ Մանե Թանդիլյանից: «Ես ամեն օր եմ թույլ: Հազարավոր մարդիկ են գալիս եւ բավական քիչ, զուսպ, բայց զրուցում եմ: Եթե տիկին Մանասյանը փորձում է ՄԻՊ-ի գործունեության անփառունակությունը ինչ-որ ձեւով մեղմել այդ հայտարարությամբ, իր գործն է: Ես անձամբ ճանաչում եմ Անահիտ Մանասյանին, առիթ եմ ունեցել նախկինում ճանաչել: Իրավաբան է: Բայց, ցավոք սրտի, վատագույն ՄԻՊ-ն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Ես սա ցավով եմ ասում: Նա պիտի պաշտպանի մարդու իրավունքները այս երկրում, ոչ թե ՔՊ-ի իրավունքները Հայաստանի Հանրապետությունում: Նա զբաղված է դրանով: Ես ցանկություն չեմ ունեցել հանդիպելու իր հետ: Այո, թույլ եմ եղել եւ միշտ էլ թույլ եմ: Հիմա էլ եմ թույլ զգում:
Բայց եւ ցավում եմ, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նշաձողը այդքան ցածրացրել է տիկին Մանասյանը: Նա հաթաթա է տալիս Ազգային ժողովի պատգամավորներին: Նա ընդհանրապես չի զբաղվում նման գործունեությամբ Հայաստանում, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները: Ես ցավով եմ արձանագրում դա, քանի որ դա կայացած կառույց եմ համարել մինչեւ իր պաշտոնավարումը»,-ասաց Մանե Թանդիլյանը, չնայած մեր հետ զրույցի ժամանակ էլ իրեն շատ թույլ էր զգում, սակայն չէր մերժել այսօր իրեն հանդիպելու մեր խնդրանքը:
Կարդացեք նաև
Եվ վերջում տիկին Թանդիլյանը մեկ անգամ եւս վերահաստատեց, որ ցանկություն չի ունեցել հանդիպելու Անահիտ Մանասյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ