Լրահոս
Օրվա լրահոսը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն արձանագրել են ազատազրկված անձանց մարմնական վնասվածքները. խնդիրների կապակցությամբ պարզաբանումներ կպահանջվեն պետական իրավասու մարմիններից

Ապրիլ 04,2025 16:38 Share

Ինչպես արդեն հայտնել ենք, ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ էր ստացվել առ այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին։

Սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ստացվել էր նաև տեղեկություն, որ դատապարտյալներին որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։
Պաշտպանի հանձնարարությամբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է մեկնել արագ արձագանքման խումբ՝ տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու, ազատություից զրկված անձանց հետ առանձնազրույց ունենալու նպատակով:

Այցի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված շուրջ 30 անձանց, այդ թվում՝ ցմահ դատապարտյալների և կալանավորված անձանց հետ, շրջայց կատարել խցերում, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը:

Առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձանցից ոմանք Պաշտպանի ներկայացուցիչներին, ի թիվս այլնի, տեղեկություններ են ներկայացրել նույն օրը քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների կողմից գործադրված, իրենց պնդմամբ, անհամաչափ ֆիզիկական ուժի, խցերում առկա գույքը կոտրելու, իրենց նկատմամբ վիրավորանքներ և հայհոյանքներ հնչեցնելու մասին: Ազատությունից զրկված անձինք պնդել են, որ այրվել են ոչ թե խցերի ներքնակները, այլ մեկ սրբիչ:

Միևնույն ժամանակ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են ազատությունից զրկված անձանց մարմնական վնասվածքները:

Արձանագրվել է նաև, որ ազատությունից զրկված անձանց ցուցաբերվում է բժշկական օգնություն, այդ թվում՝ 2 անձի մոտ առկա վնասվածքների կասկածի կապակցությամբ կատարվել է նաև ռենտգեն հետազոտություն:

Այցի ընթացքում ստացված տեղեկություններն ու արձանագրված խնդիրները ներկայում ամփոփվում են:

Դրանց կապակցությամբ համապատասխան պարզաբանումներ կպահանջվեն պետական իրավասու մարմիններից:

Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930