Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ վերջինիս հրավիրել է այցելել Թուրքիա։
Այս մասին նշվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ Կողմերը քննարկել են գլոբալ և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Գազայի հատվածում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը։
«Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը զարգացնելու համար շատ ոլորտներում, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերության մեջ: Նա նաև աջակցություն է հայտնել ԱՄՆ նախագահի դիրքորոշմանը հակամարտությունների դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ և գոհունակությամբ նշել է Սպիտակ տան ջանքերը՝ ավարտին հասցնելու Իրանի հետ բանակցային գործընթացը և կարգավորելու ռուս-ուկրաինական խնդիրը»,- ասվում է հայտարարության մեջ:
«Էրդողանի հետ հեռախոսազրույցն արդյունավետ էր։ Անհամբեր սպասում եմ մեր համագործակցությանը՝ ՌԴ և Ուկրաինայի միջև մահացու պատերազմին հիմա վերջ դնելու համար», իր հերթին հայտնել է Դոնալդ Թրամփը` սոցիալական էջում:



















































