Լրահոս
Օրվա լրահոսը

Աննախադեպ է, երբ ազգային պետության գոյաբանական, իմունային ու ինքնության հիմքերը խարխլում ես՝ հանուն կեղծ ու անվստահելի «խաղաղության». Արտակ Զաքարյան

Հունիս 05,2025 18:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանի հետ ունենք նշանակալի, աննախադեպ փաստաթուղթ, որի շուրջ բանակցություններն ավարտված են» (մեջբերման ավարտ)։

5000-ից ավելի զոհերի պատճառ դարձած, պատերազմով Արցախը հանձնած կառավարիչների դավադիր քաղաքականությունը որպես «ձեռքբերում» ներկայացնող, այս հայտարարության հեղինակը Արարատ Միրզոյանն է։ Փաստորեն՝ Արցախը հանձնել և այնուհետ էթնիկ զտումներ են իրականացրել, որպեսզի Ադրբեջանի հետ ունենան «նշանակալի, աննախադեպ» փաստաթուղթ։ Սրանով ազդարարվեց, ավելի ճիշտ՝ ինքնախոստովանվեց 2018թ․ իշխանազավթման գլխավոր նպատակներից մեկը։

Արարատ Միրզոյանն անկախ իր կամքից, դիպուկ որակում է տվել իր իսկ բանակցած փաստաթղթին։ Դատելով աղետալի իրականությունից, ինչպես նաև ՀՀ կառավարիչների և ադրբեջանական օկուպանտների կողմից առ այսօր արված հայտարարություններից, այո՛, «փաստաթուղթն իրոք աննախադեպ է»։

Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի և ոչ էլ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, որևէ մեկը չէր կարող ենթադրել, որ նույնիսկ ամենաանբարենպաստ պայմաններում, նման կործանարար ու համազգային խայտառակություն ենթադրող կապիտուլյացիոն «ելքեր» կարող են փաթաթվել Հայ Ժողովրդի վզին։  Իսկ փաթաթողը քո «լեգիտիմ» կառավարիչներն են։

Այո աննախադեպ էր Արցախն Ադրբեջանի կազմում ՀՀ կառավարության ղեկավարի կողմից ճանաչելը՝ երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անգամ հակամարտությունը լուծված չէին համարում։ Աննախադեպ է ՀՀ տարածքների օկուպացիան։ Աննախադեպ էր Արցախի ամբողջական հայաթափումն ու բռնի տեղահանությունները։ Աննախադեպ է ՀՀ սահմանադրությունից առանցքային դրույթներ հանելու պահանջները։ Աննախադեպ է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ ՀՀ «վերադարձի» և նրանց ամենատարբեր իրավունքների վերականգնման պահանջները։

Աննախադեպ է Արցախահայերի վերադարձի թեման միջազգային օրակարգերից հանելը։ Աննախադեպ է Սյունիքից անվերահսկելի «ճանապարհի» մասին չդադարող հայտարարությունները։ Աննախադեպ էին, սահմանազատման անվան տակ, Տավուշի մարզից տարբեր հատվածներ հակառակորդին հանձնելը։ Եվ ընդհանրապես, աննախադեպ են սեփական պետությանը՝ ներքին և արտաքին այսօրինակ քաղաքականությամբ և այսպիսի ծավալների  վնասներ հասցնելը։

Համաշխարհային պատմության մեջ աննախադեպ է նաև այն, երբ ազգային պետության գոյաբանական, իմունային ու ինքնության հիմքերը խարխլում ես՝ հանուն կեղծ ու անվստահելի «խաղաղության»։ Ավելի ճիշտ՝ սեփական ժողովրդին ևս մեկ անգամ խաբելու և բաղձալի քվեները կորզելու նպատակով։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30