ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի պաշտոնի համար առաջադրել է Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը։
«Ինչպես գիտեք՝ պարոն Ասլանյանը եւ ես առաջադրել էինք պարոն Էդմոն Մարուքյանի թեկնածությունը՝ իմպիչմենտի գործընթաց սկսելու համար։ Հիմա մեզ դեռեւս չեն միացել մեր գործընկեր պատգամավորները։ Բայց, այո, իմացանք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նույնպես հանդես է եկել առաջարկությամբ եւ առաջադրել է Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը, ում ես ճանաչում եմ բավականին լավ եւ բավականին լավ կարծիքի եմ։ Բայց մենք ունենք մեր դիրքորոշումը, տեղի չեն ունեցել այնպիսի իրադարձություններ, որ մենք մեր դիրքորոշումից շեղվենք»,- ասաց Աղազարյանը։
Նա նշեց՝ դա նշանակում է, որ չեն միանում «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկին։ «Մենք երկու նպատակ ենք հետապնդում՝ մեկը Նիկոլ Փաշինյանին հեռացնել, մյուսը՝ 2026 թվականի ընտրություններին գնալ այն վստահությամբ, որ կձեւավորենք մի իշխանություն, որը կլինի նորագույն պատմության մեջ ամենալեգիտիմը։ Եվ այս իմաստով մենք գտնում ենք, որ պարոն Էդմոն Մարուքյանի թեկնածությունն ամենանպատակահարմարն ու ընդունելին է եւ ՔՊ մեր գործընկերների համար, եւ «Հայաստան» դաշինքի համար, եւ «Պատիվ ունեմ» դաշինքի համար, եւ արտախորհրդարանական շատ ուժերի համար։ Եթե կոնսենսուս չկա, ուրեմն նշանակում է՝ պրոցեսներն այնքան արագ չեն, որ այդ կոնսենսուսն առաջանա։
Կարդացեք նաև
Հարց է առաջանում, օրինակ, «Պատիվ ունեմ»-ի գործընկերներն ինչո՞ւ են անհանգստացած, որ Էդմոն Մարուքյանը 7 ամսով լինի վարչապետ։ Եվ հենց դա բերում է այն համոզման, որ շատ ավելի հավանական է, որ ՔՊ խմբակցությունից գործընկերները միանան Էդմոն Մարուքյան-Հովիկ Աղազարյան-Հակոբ Ասլանյան եռյակին, քան Դավիթ Համբարձումյանին։ Եվ մենք ի՞նչ կունենանք, կունենանք 7 ամսվա ժամանակ, որի ընթացքում ՔՊ-ն զրկված կլինի վարչական լծակներից եւ կներկայանա ժողովրդին իր ծրագրով, մյուսներն իրենց ծրագրերով, եւ կգնանք ընտրությունների։ Դա է նպատակը, եթե մենք ուզում ենք լեգիտիմ իշխանություն ձեւավորենք։ Բայց եթե դա ընդունելի չէ, եւ ուզում են անպայման, որպեսզի իրենց թեկնածուն լինի, ապա այստեղ լիքը հարցեր են առաջանում»,- հավելեց Հովիկ Աղազարյանը։
Նա նշեց, որ կան ՔՊ-ականներ, ովքեր պատրաստակամ են քվեարկել Մարուքյանի թեկնածության օգտին։ Հարցին՝ փաստորեն ճիշտ են այն մեկնաբանությունները, որ Էդմոն Մարուքյանը «Նիկոլ 2» է, Աղազարյանը պատասխանեց․ «Նիկոլ երկուս չի է, տասը Նիկոլ է, ոչ թե Նիկոլ երկուս է, այլ Նիկոլից տասը անգամ ուժեղ Նիկոլ է։ Բայց եթե այդ հանգամանքն ապահովում է բոլորին 2026 թվականին գնալ արդար, մաքուր, թափանցիկ ընտրությունների եւ մեր նորագույն պատմության մեջ ձեւավորել լեգիտիմ իշխանություն, որը կլուծի ժողովրդի առաջ ծառացած խնդիրները, ի՞նչ վատ բա էդտեղ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ