Լրահոս
Օրվա լրահոսը

Թշնամիները «հաշտվեցին» օկուպացված Ստեփանակերտում

Հուլիս 30,2025 10:00

Օկուպացված Արցախում կայացած հերթական, այսպես կոչված, «գլոբալ մեդիաֆորումը» կազմակերպված էր ալիեւյան պճնամոլ քարոզչության բոլոր կանոններով: Թե՛ ընտրված վայրը, թե՛ մասնակիցների ուղերձները, եւ թե՛ Ադրբեջանի նախագահի ելույթների բովանդակությունը ընդգծված հակահայկական բնույթ էին կրում, ինչն, ի դեպ, եւս մեկ անգամ կասկածի տակ է դնում Հայաստանի իշխանությունների «խաղաղության ռազմավարության» իրատեսությունը:

Այդ միջոցառման մեջ կար մի հետաքրքիր պահ, որի վրա մեզանում, կարծես թե, առանձնապես ուշադրություն չդարձրեցին: «Մեդիաֆորումը» հակահայկականության հողի վրա «հաշտեցրել» է անհաշտ հակառակորդներին: Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները քծնում էին Իլհամ Ալիեւին մոտավորապես այնպես, ինչպես նրա հայրը քծնում էր Բրեժնեւին, երբ վերջինս այցելում էր Բաքու:

Ռուսաստանցի «քաղաքագետ» Սերգեյ Մարկովն, օրինակ, Ալիեւին անվանել է «փայլուն ինտելեկտուալ», «փորձառու համաշխարհային առաջնորդ», «հաղթող երկրի ներկայացուցիչ»: Հետագայում, արդարանալով իր չափից դուրս քաղցր գովեստների համար, նա ասաց, թե կուզեր, որ իր երկրի «հատուկ ռազմական օպերացիան» Ուկրաինայի դեմ անցներ այնպես, ինչպես Ալիեւի օպերացիան Ղարաբաղում՝ «արագ հաղթեինք եւ վերցնեինք»:

Ալիեւի գործողություններով հրճվելու հարցում ռուս «քաղաքագետի» հետ միանգամայն համաձայն է ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը, որն իր հարցը սկսեց հետեւյալ «ձոներգով». «Մենք Ուկրաինայում հիացմունքով էինք հետեւում, թե ինչպես է Ադրբեջանը Ձեր ղեկավարությամբ ազատագրում իր հողը»: Հարցի մեջ «փառաբանում» մտցնելն, ինչ խոսք, լրագրության լավագույն ձեւը չէ: Եվ հարցն էլ նման էր Մարկովի պնդումներին՝ «Ի՞նչ խորհուրդ կտաք մեզ՝ որպես հաղթող երկրի ներկայացուցիչ»:

Հետաքրքիր է, այնպես չէ՞: Գորդոնին դժվար թե դուր գար, թե ինչպես էին սերբերը փորձում «ազատագրել» Կոսովոն, իսկ Մարկովը, հավանաբար, չէր հավանում Սաակաշվիլիի փորձը՝ «ազատագրել» Հարավային Օսիան: Բայց Արցախը հայերից ազատելու Ալիեւի գործողությունները նրանք միահամուռ հավանում են, դրվատում են ու նույնիսկ փառաբանում:

Հետեւությունն այստեղ միանշանակ է եւ մեզ համար՝ տխուր. մենք տասնամյակների ընթացքում չենք կարողացել մեր ազգային հարցերում «որեւէ կողմից» դաշնակից ձեռք բերել: Դե, իսկ հիմա Հայաստանի իշխանությունն այս հարցերում Ալիեւի, Գորդոնի եւ Մարկովի դաշնակիցն է:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031