Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ չէ, որ հնարավոր է ետ բերել այս պահին, բայց կանխել Հայաստանի անկումը եւ ջախջախումը՝ հնարավոր է»․ Արմեն Աշոտյան

Օգոստոս 30,2025 13:43

Մի քանի տասնյակ քաղբանտարկյալները՝ ՀՀ-ում եւ Բաքվում պահվող մեր գերիները չեն կարող այս լռության պատի զոհը դառնալ, այդ պատը պետք է ճեղքել․ ՀՀ-ում ԵՄ գրասենյակի առջեւ մեկ ժամ տեւած լուռ ցույցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր` Բաքվում պատանդառված Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի ծննդյան տարեդարձի օրը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՀՀ-ում ԵՄ գրասենյակի առջեւ լուռ ցույց իրականացրեց։ Նպատակն էր՝ բարձրաձայնել Հայաստանի եւ Ադրբեջանի բանտերում ապօրինաբար կալանավորված, պատանդի կարգավիճակում գտնվողների հարցը։

Արմեն Աշոտյանը ձեռնաշղթաներով շղթայվել էր ԵՄ գրասենյակի ճաղավանդակներին։ Ակցիայի ավարտին նրա ձեռքերը ձեռնաշղթաներից ազատեց երիտասարդ ՀՀԿ-ական Յուրա Ալեքսանյանը, որը նույնպես կալանավորվել էր քաղաքական հայացքների համար։

Ցույցի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանն ասաց, որ ինքն իրավունք ունի ԵՄ-ից պահանջել՝ լուռ եւ անտարբեր չմնալ այս խնդրի առնչությամբ, մարդու իրավունքները աշխարհաքաղաքական սակարկումների առարկա չդարձնել՝ անկախ ՀՀ իշխանությունների վարքագծից, քանի որ տարիներ շարունակ Հայաստանը ինտեգրվել է ԵՄ-ին, Արմեն Աշոտյանն ու շատերը Հայաստանում հավատացել են եվրոպական արժեքներին, դավանել են այդ արժեքները, այդ արժեքների քարոզիչն են եղել։

Արմեն Աշոտյանը վստահ է՝ Հայաստանում իշխանափոխությունից հետո հնարավոր է Բաքվում պատանդառված հայ գերիներին վերադարձնել․ «Ռազմագերիների հարցը Նիկոլ Փաշինյանի համար գոյություն չունեցող հարց է։ Այդ հարցն իրեն խանգարում է, խանգարում է իր հեքիաթին՝ գոյություն չունեցող խաղաղության կեղծ դարաշրջանին։ Ամեն անգամ, երբ մենք տեսնում ենք Երեւանի եւ Բաքվի բանտերում պատանդառված մեր հայրենակիցներին, Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը փշրվում է հազարավոր բեկորների եւ այդ բեկորները որեւէ աղերս չունեն իրենց խոստումների հետ։ Ես ուզում եմ, որ մեր հայրենակիցները չվարակվեն Նիկոլի կողմից սրսկվող հոռետեսությամբ, թե ոչինչ հնարավոր չէ փոխել։ Ամեն ինչ հնարավոր է փոխել։ Ամեն ինչ չէ, որ հնարավոր է ետ բերել այս պահին, բայց կանխել Հայաստանի անկումը եւ ջախջախումը՝ հնարավոր է, հետ բերել մեր հայորդիներին՝ հնարավոր է, պատասխանատվության կանչել Ադրբեջանի ռեժիմին՝ մարդկության դեմ գործած ոճիրների, էթնիկ զտումների, մարդկության դեմ գործած հանցագործությունների համար, հնարավոր է, պատասխանատվության կանչել դավաճաններին, ովքեր բերել են այս պատերազմը՝ հնարավոր է»։

Թեեւ Աստվածաշնչում ասվում է՝ «ներիր նրանց, քանի որ չգիտեին, թե ինչ էին անում», Արմեն Աշոտյանն Աստծուն հորդորում է՝ «չներել նրանց (ՀՀ իշխանությանը-Ն․ Գ․), որովհետեւ գիտեին, թե ինչ էին անում»։

Արմեն Աշոտյանի գնահատմամբ, եթե անգամ ճիշտ են Նիկոլ Փաշինյանի պնդումները, որ ամենաբարձր մակարդակով եւ անընդհատ բարձրաձայնում է հայ ռազմագերիների հարցը, եւ եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթի իր պարտավորությունը Ադրբեջանը չի կատարում, Նիկոլ Փաշինյանը գոնե բարոյականություն պետք է ունենար եւ ինքնակամ հրաժարական տար։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031