Aravot.am-ի տեղեկություններով, հունիսի 19-ի գիշերը Գյումրու կենտրոնում՝ Հաղթանակի պողոտայում գտնվող «Գյումրի Հացատան» դիմաց կրակոցներ արձակելու կասկածանքով մի քանի օր առաջ կալանավորել է Վ․ Կարապետյանը, որը մոտ երեք ամիս է՝ փախուստի մեջ էր։
Վերջինս, ըստ մեր աղբյուրների, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, ձերբակալվել։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն էլ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է մեկամսյա կալանքը։
Հիշեցնենք, որ Վ․ Կարապետյանը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքի մտերիմ, սպանված Արտյոմ Կարապետյանի՝ Շեկոյի որդին է։
Նա պատգամավորի հորեղբոր որդուն պատկանող «Գյումրի Հացատան» դիմաց վիճաբանել, քաղաքական հաշիվներ էր պարզել պատգամավորի որդուց առ այն, թե ինչու նրա հայրը՝ Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքը գլխավորող Մարտուն Գրիգորյանը, ձայն տվեց Վարդան Ղուկասյանին՝ նրան օգնելով քաղաքապետ դառնալ, երբ արյուն էր թափվել․ իր հորը՝ Շեկոյին, 12 տարի առաջ սպանել էր Վարդան Ղուկասյանի եղբոր որդին՝ Վահե Ղուկասյանը, որը դեռ իր պատիժն է կրում քրեակատարողական հիմնարկում․ 17 տարվա ազատազրկման է դատապարտվել։
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտեում Գյումրու կենտրոնում հնչած կրակոցների փաստի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ ՀՀ ՔՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածներով:
3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել, մեկի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, դատարանը կիրառել էր տնային կալանքը, բացակայելու արգելքը և գրավը, մյուս երկուսի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։
Նրանից մեկը՝ Շեկոյի որդին, արդեն իսկ ինքնակամ ներկայացել է, կալանավորվել, հետախուզվողներից մեկն էլ, ըստ մամուլի հրապարակումների, պատգամավոր Գրիգորյանի որդին է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ