Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթնաղբյուր և Իրինդ բնակավայրերի առաջին դասարանցիները չեն ստացել դպրոցական պայուսակներ եւ գրենական պիտույքներ, թեեւ Տավրոս Սափեյանը պնդում էր, թե բոլորը ստացել են սեպտեմբերմեկյան այդ նվերը

Սեպտեմբեր 18,2025 23:23

Թալին խոշորացված համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի 11 առաջին դասարանցիները չեն ստացել նվեր դպրոցական պայուսակներ եւ գրենական պիտույքներ, թեեւ համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը երեկ Aravot.am-ի հետ զրույցում պնդում էր, որ համայնքի մանկապարտեզների բոլոր շրջանավարտները, որոնք որ առաջին դասարան պետք է հաճախեին, իբրեւ սեպտեմբերմեկյան նվեր են ստացել դպրոցական պայուսակներ եւ գրենական պիտույքներ։

Ավելին, Մաստարա վարչական շրջանի ղեկավար Արտակ Մնացականյանն էլ հայտարարում էր, որ իր ընտրվելու օրից ի վեր Տավրոս Սափեյանը համայնքի երեխաներին ամեն տարի է նման նվերներ է մատուցում՝ համայնքային բյուջեից։

Թե ինչո՞ւ Կաթնաղբյուրի աշակերտները չեն ստացել իրենց հասանելիք նվերը, Կաթնաղբյուրի Մուշեղ Գալշոյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի պարտականությունները կատարող Արայիկ Ներսիսյանը չգիտի։

Մեզ հետ զրույցում նա դիվանագիտորեն «մեղքն» իր վրա վերցրեց՝ ասելով, որ հավանաբար ավելի ակտիվ տնօրեններ կան, ովքեր հետամուտ են եղել, իսկ ինքը չի հետաքրքրվել այդ հարցով․ «Մեր դպրոցում տարիներ առաջ դեռ որ տեղակալ եմ աշխատել, «Վորլդ Վիժնն» է իր միջոցներով օգնել։ Բայց հիմա, էս վերջին տարիներին նման բան չի եղել․ այս տարի չի եղել, անցած տարի էլ չի եղել»։

Դիտարկմանը՝ մի տեսակ խտրական չի՞ ստացվում վերաբերմունքը, քանի որ վարչական շրջանների մի մասում տրվել են, մյուսներում` չէ, նա պատասխանեց․ «Չեմ կարծում, թերևս գուցե ինձանից ակտիվ տնօրեններ են եղել, որ նախաձեռնություն են հանդես բերել»։

Ի դեպ, 9 առաջին դասարանցի ունեցող Իրինդ համայնքում նույնպես պայուսակներ չեն տրվել։ Դպրոցի տնօրենի պաշտոնակատարը մեր այցելության պահին դպրոցում չէր, իսկ համակարգողը՝ ֆինանսական տնօրենը, հրաժարվեց տեսախցիկի առջեւ խոսել, բայց հավաստիացրեց, որ առաջին դասարանցիները պայուսակներ չեն ստացել ու վստահեցրեց՝ դրա անհրաժեշտությունն էլ չկար, ընտանիքներն ի վիճակի են սեփական միջոցներով երեխաներին անհրաժեշտ դպրոցական իրեր գնել։

Շատ ծնողներ էլ հրաժարվեցին տեսախցիկի առջեւ խոսել, բայց ասացին, որ դպրոցական նվեր պայուսակների մասին մեզնից են լսում, ոչ ոք նման նվեր չի տվել իրենց երեխաներին։

Իսկ ըստ համայնքի ղեկավարի` 280 առաջին դասարանցիների իրենք պայուսակներ են նվիրել։

Կաթնաղբյուրի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Արայիկ Ներսիսյանի հետ զրույցը դպրոցական դասագրքերի, Մեսրոպ Մաշտոցի QR կոդավորման եւ կրթական այլ խնդիրների մասին՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930