Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր ճանաչեց հիմնական մեղադրանքներից մեկով, սակայն արդարացրեց նրան ևս երեքով՝ Լիբիայի այն ժամանակվա առաջնորդ Մուամար Քադաֆիի կառավարության միջոցներով իր 2007 թվականի նախագահական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման գործով դատավարության ընթացքում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Դատարանը դեռ չի ավարտել իր վճռի մանրամասների հրապարակումը և դեռևս չի դատապարտել 70-ամյա Սարկոզիին․ դա պետք է տեղի ավելի ուշ՝ նույն դատավարության ընթացքում:
Սարկոզին կարող է բողոքարկել մեղադրական վճիռը, ինչն ավտոմատ կկասեցնի ցանկացած պատիժ մինչև բողոքարկման ավարտը։
Associated Press-ը հայտնում է, որ դատարանը Սարկոզիին մեղավոր է ճանաչել 2005–2007 թթ․ Լիբիայից ստացված միջոցներով իր քարոզարշավը ֆինանսավորելու և դրա դիմաց դիվանագիտական արտոնություններ տալու սխեմայում հանցավոր համագործակցության մեջ։
Կարդացեք նաև
Սակայն նա արդարացվել է երեք այլ՝ այդ թվում՝ պասիվ կոռուպցիայի, ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման և պետական միջոցների յուրացման փաստը թաքցնելու մեղադրանքներով։
Այնուամենայնիվ, հանցավոր համագործակցությունը ծանր մեղադրանք է և կարող է նախատեսել մինչև 10 տարվա ազատազրկում, նշում է AP-ն։
Դատարանը նույն հանցավոր համագործակցության մեջ մեղավոր է ճանաչել նաև Սարկոզիի նախագահության տարիներին նրա երկու ամենամտերիմ գործընկերներին՝ նախկին նախարարներ Կլոդ Գեանին և Բրիս Օրտեֆյոյին, սակայն նրանց նույնպես արդարացրել է որոշ այլ մեղադրանքներով։
Associated Press-ը նշում է, թե ընդհանուր առմամբ, վճիռները հուշում էին, որ դատարանը կարծես համոզված էր, որ տղամարդիկ միասին դավադրություն էին կազմել՝ Սարկոզիի 2007 թ․ ընտրարշավի համար լիբիական ֆինանսավորում հայթայթելու նպատակով, սակայն դատավորները համոզված չէին, որ հենց պահպանողական առաջնորդն էր անձամբ իրականացրել այդ սխեման։
Սարկոզին, որին ուղեկցում էր կինը՝ երգչուհի և մոդել Կառլա Բրունի-Սարկոզին, ներկա էր դատարանի դահլիճում՝ ամբաստանյալների շարքի առաջին նստարանին։ Ներկա են նաև նրա երեք չափահաս որդիները:
Նիկոլա Սարկոզին, որը 2007 թ․ ընտրվել էր նախագահ, բայց 2012թ.-ին պարտվել էր վերընտրվելու փորձում, այս տարվա սկզբին երեքամսյա դատավարության ընթացքում հերքել էր բոլոր մեղադրանքները։ Այդ գործով մեղադրվում էին նաև 11 համակասկածյալներ, այդ թվում՝ նախկին 3 նախարարներ։
Չնայած իր նախագահական ժառանգությունը պղտորած բազմաթիվ դատական սկանդալներին՝ Սարկոզին շարունակում է ազդեցիկ գործիչ մնալ Ֆրանսիայի աջակողմյան քաղաքականության մեջ, ինչպես նաև ժամանցային ոլորտում՝ շնորհիվ Կարլա Բրունի-Սարկոզիի հետ իր ամուսնության։
Լիբիայի կողմից ֆինանսավորում
Մեղադրանքները սկիզբ են առնում 2011 թվականից, երբ լիբիական լրատվական գործակալությունը և Քադաֆին հայտարարեցին, թե Լիբիայի պետությունը գաղտնի միլիոնավոր եվրոներ է ուղղել Սարկոզիի 2007 թվականի քարոզարշավին։
2012 թվականին ֆրանսիական Mediapart հետաքննչական կայքը, ինչպես իրենք են նշում՝ «լիբիական հետախուզության հուշագիր» հրապարակեց, որում հղում էր արվում 50 միլիոն եվրոյի ֆինանսավորման պայմանագրի։
Սարկոզին այդ փաստաթուղթը կեղծիք որակեց և դատի տվեց զրպարտության համար։ Դատարանը այսօր հայտարարեց, որ «այժմ ամենահավանական այն է, որ այդ փաստաթուղթը կեղծ է»։
Քննիչները նաև հետաքննել են ներքին գործերի նախարարի պաշտոնակատար եղած ժամանակ Սարկոզիի մտերիմ մարդկանց, այդ թվում՝ նրա աշխատակազմի ղեկավարի, Լիբիա կատարած մի շարք ուղևորություններ:
2016 թվականին ֆրանս-լիբանանյան գործարար Զիադ Թաքիեդդինը Mediapart-ին ասել էր, թե Սարկոզիի օրոք ինքը Տրիպոլիից կանխիկով լի ճամպրուկներ է հասցրել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարություն։ Ավելի ուշ գործարարը ցուցմունքը «հետ է վերցրել»։
Իրավիճակի նման շրջադարձն այժմ քննության կիզակետում է՝ վկայի վրա ենթադրյալ ազդեցության փորձի առնչությամբ: Սարկոզիին և նրա կնոջը նախնական մեղադրանք է առաջադրվել Թաքիեդդինի վրա ճնշման ենթադրյալ փորձերին մասնակցելու համար։ Այդ գործը դեռևս դատարան չի ուղարկվել։
Գործարար Զիադ Թաքիեդդինը, որը համամեղադրյալներից էր, երեքշաբթի օրը մահացել է Բեյրութում։ Նա 75 տարեկան էր։ Գործարարը 2020 թվականին Լիբանան էր փախել և չէր մասնակցել դատավարությանը։
Ըստ Սարկոզի՝ կատարվածը «դավադրություն» է
Դատավարությունը լույս սփռեց Ֆրանսիայի և Լիբիայի միջև 2000-ականներին տեղի ունեցած գաղտնի բանակցությունների վրա, երբ Քադաֆին ձգտում էր վերականգնել դիվանագիտական կապերը Արևմուտքի հետ։
Դատավարության ընթացքում Սարկոզին մեղադրանքները որակեց որպես «դավադրություն», որը պատրաստել են «ստախոսներն ու խաբեբաները», այդ թվում՝ «Քադաֆիի կլանը»։
Նրա խոսքով, դրանք պատասխան էին Ֆրանսիայի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Քադաֆիի հեռացման իր կոչին: Սարկոզին արևմտյան առաջին առաջնորդներից մեկն էր, որը 2011 թվականին, երբ արաբական աշխարհը ողողվեց ժողովրդավարության դեմ բողոքի ցույցերով, պնդել էր Լիբիայում ռազմական միջամտության մասին։
«Որքա՞ն վստահելի կարելի է համարել վրեժխնդրության կնիքով նշանավորված նման հայտարարությունները», – դատական նիստի ժամանակ հայտարարեց Սարկոզին։
Պատվո Լեգեոնի շքանշանից զրկվելը
Հունիսին Սարկոզին զրկվեց Պատվո լեգեոնի շքանշանից՝ Ֆրանսիայի բարձրագույն պարգևից՝ մեկ այլ գործով դատապարտվելուց հետո։
Ավելի վաղ նա մեղավոր էր ճանաչվել կոռուպցիայի և ազդեցության չարաշահման մեջ՝ 2014 թվականին իր դատական գործի վերաբերյալ տեղեկատվության դիմաց դատավորին կաշառելու փորձի համար։
Սարկոզին դատապարտված էր մեկ տարի ժամկետով էլեկտրոնային հսկողության թևնոց կրելու։ Նրան պայմանական ազատ էին արձակել մայիսին՝ տարիքի պատճառով, ինչը թույլ էր տվել երեք ամսից մի փոքր ավելի կրելուց հետո հանել էլեկտրոնային հսկողության թևնոցը։
Մեկ այլ գործով՝ Սարկոզին անցյալ տարի դատապարտվել էր իր 2012 թվականի վերընտրության ձախողված քարոզարշավի անօրինական ֆինանսավորման համար։ Նրան մեղադրել էին օրենքով սահմանված առավելագույն գումարի գրեթե կրկնակին ծախսելու մեջ և դատապարտել մեկ տարվա ազատազրկման, որից վեց ամիսը՝ պայմանական։ Ֆրանսիայի նախկին նախագահը բողոքարկել է այդ դատավճիռը Գերագույն վճռաբեկ դատարանում, և այդ բողոքարկումը դեռ ընթացքի մեջ է։


















































