«Այդ անձը կեղծիքը կեղծիքի հետեւից տարածում է: Ամեն օր մի նոր կեղծիք է, նախորդ օրվա ասածը հերքում է, նոր վերաձեւակերպում է եւ այլն։ Ցավոք սրտի, ստի ու կեղծիքի տարածմանը ականատես ենք ամեն օր»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանը` անդրադառնալով Հովհաննավանքի կարգալույծ քահանայի, այժմ՝ Ստեփան Ասատրյանի գործողություններին:
«Ինչ վերաբերում է մկրտության, պսակադրության կամ որեւէ այլ վկայականի, ինքն իրավունք չունի եւ չի կարող տալ, ինչը ինքը շատ լավ հասկանում է: Սկզբում նա փորձեց մարդկանց խաբել, թե կտանք, հետո հասկացավ, որ այդ կեղծիքը երկար կյանք չունի, որովհետեւ որեւէ կնիք չունի, որեւէ իրավասություն չունի, որեւէ կերպ չի կարող մարդկանց օրինական վկայականներ տալ։
Կարող է թղթի վրա ինչ-որ բան գրի, բայց դա օրենքի ուժ չունի, եւ որեւէ տեղ չի կարող ճանաչվել։ Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ եթե մարդն այնտեղ պսակադրվում կամ մկրտվում է՝ կարգալույծ հոգեւորականի ձեռամբ, ապա այդ մկրտությունը մկրտություն չէ, այդ պսակն էլ պսակ չէ։ Այսինքն, եթե այդ անձն ուզենա գնալ այլ եկեղեցի պսակադրվելու, իրեն պետք է նորից մկրտեն, չնայած դա նորից չէ, որովհետեւ նախորդ կատարված ծեսն անվավեր է, այդ մարդը պետք է մկրտվի, որովհետեւ ուրիշ տարբերակ չունի»։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































 
                         
          
          
          
                                     
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   