Սրանք ավելի տակտիկական նկատառումներով արվող հայտարարություններ են, սրանով իմիտացվում է, որ հանրային պաշտպանի գրասենյակը արդյունավետ պաշտպանություն է իրականացրել եւ պաշտպանյալների իրավունքները իրացված են դատավարությունների ընթացքում: Բայց հասկանալի է, որ այս ելույթները որեւէ ազդեցություն չունեն, խորքային վերլուծություններ մենք չենք տեսնում, պատճառը կամ լրատվամիջոցների հատվածական ներկայացումն է , կամ իրապես ներկայացված պաշտոնական ճառերը շատ մակերեսային են եղել,- Aravot.am-ին ասաց Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստում հայ գերիների փաստաբանների ելույթներին: Փաստաբանները խնդրել են դատարանից արդարացնել ռազմագերիներին:
«Հասկանալի է՝ որոշումները կանխորոշված են ու հանրային պաշտպանի առաջարկով չէ, որ ռազմագերիների անմեղությունը պետք է հաստատեն Ադրբեջանի դատարանները: Միանշանակ կայացնելու են մեղադրական ակտեր, իսկ հանրային պաշտպանները փորձում են փրկել իրենց հեղինակությունն ու փարատել այն կասկածներն ու մեղադրանքները, որ գրպանային ծառայություններ են մատուցել:
Հետաքրքրական է դիտարկել, թե հասարակությունը արդարացման ակտ կայացնելու պաշտպանների առաջարկին ինչպես է արձագանքում: Վստահ եմ՝ սա հանգեցնելու է հանրային պաշտպանների նկատմամբ ատելության խոսքի լայն տարածմանը Ադրբեջանում: Թերեւս միակ բանը, որ մենք կարող ենք դիտարկել եւ օգտագործել՝ այս տակտիկական քայլի նկատմամբ ադրբեջանական հասարակության վերաբերմունքն է , որը, ըստ էության, բացահայտելու է ատելության մթնոլորտ»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Ինչ վերաբերում է ադրբեջանցի հանրային պաշտպանների հիմնավորումներին, Սիրանուշ Սահակյանը շարունակեց. «Սա դատական պրոցեսում այլ ասպեկտներով քննարկվել է, որ, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը եղել է խամաճիկային վարչակազմ, որը իր ցուցումները ստացել է ՀՀ իշխանությունների կողմից եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ, այսպես կոչված, ոտնձգությունները պլանավորվել ու ղեկավարվել են ՀՀ իշխանությունների կողմից:
Կարդացեք նաև
Չմոռանանք ՝ Արայիկ Հարությունյանին նաեւ վերագրվում են Գյանջային վերաբերող հրետակածության դրվագներ, այս առնչությամբ էլ նախկինում քննարկվել է, որ այդ հրամանները եղել են ՀՀ իշխանությունների կողմից:
Այստեղ մեծ տարբերություն չեմ տեսնում դատախազական եւ պաշտպանական դիրքորոշումների մեջ՝ հաշվի առնելով, որ երկուսն էլ վերագրում են գործողությունների ծրագրավորումն ու ուղղորդումը հենց ՀՀ իշխանություններին: Միակ տարբերությունն այն է, որ քանի որ հրահանգավորումը եղել է ՀՀ իշխանությունների կողմից, ապա հանցավոր գործողություններ պետք է վերագրվեն ոչ թե ԼՂՀ վարչակազմին, այլ հենց հիմնական դերակատարներին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

















































