Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին օրերին ադրբեջանական մամուլի մի շարք հրապարակումներ հաստատում են ադրբեջանցի վարձկանների զանգվածային մասնակցությունը ռուս-ուկրաինական պատերազմին

Դեկտեմբեր 30,2025 20:25

Վերջին օրերին ադրբեջանական մամուլի մի շարք հրապարակումներ հաստատում են ադրբեջանցի վարձկանների զանգվածային մասնակցությունը ռուս-ուկրաինական պատերազմին։ Modern.az-ը հայտնում է Ռուսաստանի կողմից կռվող ադրբեջանցիների՝ հաճախակի դարձած մահվան դեպքերի մասին։ Բացի այդ՝ շրջանառվում են տեղեկություններ գերի ընկած Ադրբեջանի քաղաքացիների մասին։ Խնդրին անդրադարձել են նաև Ադրբեջանի խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջն ու Պաշտպանության, անվտանգության ու կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ Այդըն Միրզազադեն։

Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը խորհրդարանում նշել է, որ խոսքը տասնյակ ադրբեջանցիների մահվան կամ անհետ կորելու, ինչպես նաև՝ հավաքագրվող ադրբեջանցի վարձկանների մասին է։ Վերջիններիս թվում, ըստ Զահիդ Օրուջի, կան 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի մասնակից զինծառայողներ։ «Ամենամեծ կորուստը Ղարաբաղում մարտական փորձ ձեռք բերած պրոֆեսիոնալների մասնակցությունն է ռուս-ուկրաինական պատերազմին»,-ասել է Օրուջը։

Ադրբեջանական Musavat.com կայքը քննադատել է Ադրբեջանի իշխանությունների անգործությունը։ «Ամեն օր հյուսիսից դիեր են բերվում»,-գրել է կայքը՝ ավելացնելով, որ եթե այսպես շարունակվի, Դոնբասում մահացած ադրբեջանցիների թիվը կգերազանցի Ղարաբաղի զոհերի թվին։

Սա առաջին դեպքը չէ, երբ բազմաթիվ ադրբեջանցիներ մասնակցում են այլ պետություններում տեղի ունեցող ռազմական գործողություններին։ Տարբեր տվյալների համաձայն՝ Ադրբեջանի հարյուրավոր, անգամ՝ մինչև 1000 քաղաքացիներ հավաքագրվել են ահաբեկչական Իսլամական Պետության (ԻԼԻՊ) շարքեր և Սիրիայում մասնակցել են ռազմական գործողություններին։ ԻԼԻՊ-ի կազմում ադրբեջանցիների թիվը բավական մեծ է եղել, ինչը թույլ է տվել անգամ ահաբեկչական կառույցի ներսում առանձին խմբակցություն ձևավորել և պայքար մղել Իսլամական Պետության հրամանատարության շարքերում բարձր դիրքեր զբաղեցնելու համար։

Վարձկանների մասնակցությունը 2020 թվականի պատերազմին

Ադրբեջանից ոչ միայն վարձկաններ են հավաքագրվել, այլև Ադրբեջանն ինքն է օտարերկրացիների ներգրավում ռազմական գործողություններին։

Դեռ 1990-ական թվականներին՝ Արցախյան առաջին պատերազմում Ադրբեջանի կողմից հազարավոր վարձկաններ են մասնակցել Աֆղանստանից, Ռուսաստանից, այդ թվում՝ Հյուսիսային Կովկասից, Ուկրաինայից և այլ վայրերից։ Նույնը կատարվել է 2020 թվականի պատերազմի ընթացքում ևս։ 2020 թվականի ամռան վերջից մամուլում հայտնվել են հավաստի տեղեկություններ, որ Թուրքիան Սիրիայից վարձկանների ու ահաբեկիչների է հավաքագրում և տեղափոխում Ադրբեջան։ Չնայած պաշտոնական Բաքուն հերքել է օտարերկրացի վարձկանների ներգրավվածությունը 2020 թվականի պատերազմին, սակայն դա հաստատվել է ոչ միայն մամուլի ու իրավապաշտպան կառույցների հրապարակումներով, լուսանկարներով, տեսանյութերով, Սիրիա վերադարձածների վկայություններով, տարբեր երկրների ղեկավարների ու հետախուզական ծառայությունների հրապարակած տվյալներով, այլև՝ հայկական զինված ուժերի կողմից վարձկանների գերեվարման դեպքերով։ Խոսքը, կրկին, մինչև մի քանի հազարի հասնող հավաքագրվածների մասին է, իսկ հաստատված մահվան դեպքերը գերազանցել են մի քանի տասնյակը։

Վարձկանությունը սոցիալական վիճակը բարելավելու միջոց

Ըստ հրապարակումների՝ ռուս-ուկրաինական պատերազմում ռուսական կողմից մասնակցելու համար հավաքագրվում են ոչ միայն ՌԴ-ում ապրող ադրբեջանցիները (և ոչ միայն ադրբեջանցիներ), ՌԴ-ում ազատազրկման դատապարտված աշխատանքային միգրանտները, այլև՝ Ադրբեջանում ապրող ադրբեջանցիներ ու նախկին զինծառայողներ։ Ուկրաինական կողմից ադրբեջանցիների մասնակցության դեպքեր ևս արձանագրվել են։

Ռուս-ուկրաինական պատերազմին Ադրբեջանի զինված ուժերի նախկին զինծառայողների մասնակցությունը բացատրվում է առաջին հերթին սոցիալական խնդիրներով։ Գաղտնիք չէ, որ պատերազմի փորձ ունեցող ադրբեջանցիներին ռուս-ուկրաինական պատերազմում գրավում է բարձր վարձատրությունը, ինչը ուղղակի վկայում է նրանց շրջանում սոցիալական լուրջ խնդիրների մասին։ Պատերազմի մասնակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ փորձելով ուշադրություն հրավիրել իրենց խնդիրների վրա։ Վերջին տարիներին հայտնի են դարձել Ադրբեջանում 44-օրյա պատերազմի տասնյակ մասնակիցների ինքնասպանությունների դեպքեր։ Պատերազմի մասնակիցների սոցիալական խնդիրները պոտենցիալ դժգոհության աղբյուր կարող են լինել։ 2020 թվականից հետո պատերազմի մասնակիցները փոքրաթիվ մի քանի ակցիաներ են կազմակերպել։ Սակայն, եթե դժգոհությունն էլ ավելի մեծ ծավալներով արտահայտվի, ապա դա կարող է լուրջ խնդիր առաջացնել Ադրբեջանի իշխանությունների համար։

Վարձկանությունն արգելող օրենքն Ադրբեջանում

Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններին մասնակցությունը համարվում է ծանր հանցագործություն, և նման քաղաքացիները ենթակա են քրեական հետապնդման։ Ադրբեջանում վարձկանության ու ահաբեկչության համար պատիժները խստացել են դեռևս 2014 թվականին, երբ արդեն հայտնի էր Ադրբեջանից Սիրիա մեկնած և Իսլամական Պետության կողմից հավաքագրված հարյուրավոր ադրբեջանցիների մասին։ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն՝ վարձկանի հավաքագրումը, մարզումը, ֆինանսավորումը և օգտագործումը պատժվում է 8-12 տարվա ազատազրկմամբ, իսկ ռազմական գործողություններին վարձկանի մասնակցությունը պատժվում է 5-11 տարվա ազատազրկմամբ։ 2014 թվականից սկսած՝ Ադրբեջանի իրավապահները մի քանի անգամ հայտարարություններ են տարածել ԻՊ կազմում ներգրավված կամ հավաքագրում իրականացրած Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալությունների մասին։

Այս դեպքում հարց է ծագում․ Ադրբեջանի անվտանգային ու իրավապահ մարմինները, որոնք երկրի ներսում ակնթարթորեն ու օպերատիվ կերպով մեկուսացնում են ցանկացած ընդդիմախոսի, այլ երկրներում առևանգում ու Բաքու են տեղափոխում ընդդիմադիր գործիչների ու լրագրողների, արդյո՞ք ի վիճակի չեն կանխելու վարձկանության զանգվածային դեպքերը։ Թե՞ միտումնավոր աչք են փակում դրանց վրա՝ փորձելով ազատվել դժգոհության հնարավոր աղբյուրներից։ Չէ՞ որ նույն կերպ տարիներ շարունակ երկրից հեռացվել ու արտաքսվել են նաև բազմաթիվ ընդդիմախոսներ ու քննադատներ։

Չնայած օրենսդրորեն վարձկանության արգելքին ու դրա համար գոյություն ունեցող պատժաչափերին՝ Բաքուն անհրաժեշտության դեպքում ինքն է օգտվում վարձկանների ծառայություններից։

«Գեղարդ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031